1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանին խիստ անհրաժեշտ է կայուն և անցնցում Իրան. Գոհար Իսկանդարյան

Հայաստանին խիստ անհրաժեշտ է կայուն և անցնցում Իրան. Գոհար Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությանը խիստ անհրաժեշտ է կայուն և անցնցում Իրան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը` ավելացնելով, որ Իրանում կայունությունը բխում է Հայաստանի անվտանգության շահերից:

«Այս օրերին Իրանի նախագահի մակարդակով եղան հայտարարություններ այն մասին, որ պետք է ուսումնասիրեն ճգնաժամային խնդիրները և առաջ քաշեն լուծումներ: Այսօր տեսնում ենք, որ Իրանում հակակառավարական ցույցեր չկան: Վերջին երկու օրերին եղել են ցույցեր, բայց դրանք արդեն պրոկառավարական էին: Մասնակիցները փորձում էին ցույց տալ իրենց աջակցությունը կառավարությանը: Այս օրերին տեսնում ենք, որ առաջացած խնդիրները տեղափոխվել են մեջլիս: Հստակ է` բարեփոխումներն անհրաժեշտություն են, հակառակ դեպքում, նման իրավիճակների կրկին ականատես կլինենք»,-ասաց իրանագետը:

Գոհար Իսկանդարյանը կարևորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դեպքում լավ բան չի սպասվում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խոսքով, եթե լինեն ցնցումներ, ապա Իրանը կկորցնի վերահսկողությունը, շատերը կօգտվեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապված քրդական հարցի, Ատրպատականի հետ, կտարվի մասնատման քաղաքականություն:

«Ցնցումներով լի Իրանը բացարձակ չի բխում Հայաստանի անվտանգության շահերից: Ես լիահույս եմ, որ Իրանը ճիշտ հետևություններ կանի այս ամենից և լուրջ  բարեփոխումներ կիրականացնի»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետը նկատեց, որ հասարակության դժգոհությունը հիմք ունի, երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծումների են սպասում: Հասան Ռոհանին շատ խոստումներ է տվել, որոնցից որոշները նույնիսկ դուրս են եղել իր լիազորություններից:

«Միջուկային ծրագիրը բավական բարձրացրել էր Հասան Ռոհանիի հեղինակությունը, հասարակությունը հույս ուներ, որ երկրում կյանքը կբարելավվի: Երբ եվրոպական բանկերում որոշ գումարներ ապասառեցվեցին, Իրանի ժողովուրդը կարծում էր, որ դրանք կներդրվեն սոցիալական վիճակը կարգավորելու գործում: Դրանք ներդրվեցին սիրիական ճգնաժամը կարգավորելու գործում: Իրանի սահմանին անվտանգության խնդիրն ավելի կարևորվեց, քան ներքին սոցիալական հարցը: Դա որոշել էր հոգևոր առաջնորդը, բայց դժգոհություններն ուղղվեցին կառավարությանը: Հետագայում Հասան Ռոհանիի բացատրություններից հետո, սլաքներն ուղղվեցին դեպի հոգևոր առաջնորդը: Սոցիալական բնույթի բողոքի ակցիաները քաղաքական երանգներ ստացան: Այս ամենը ցույց են տալիս, որ առկա են համակարգային լուրջ խնդիրներ»,-հավելեց իրանագետը:

Անդրադառնալով Իրանում առկա իրավիճակին արտաքին ուժերի հնարավոր միջամտությանը` Գոհար Իսկանդարյանը նշեց, որ փորձեր կլինեն, սակայն այս պահին Իրանում իրավիճակը վերահսկելի է:

Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ին սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ: Սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ բողոքի ակցիաները ձեռք բերեցին քաղաքական բնույթ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:

Իրանում տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ հանդիպում անցկացրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]