Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին

Այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանների շղարշի տակ փորձում  կոծկել իր անկարողությունը: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է իրականությունը: Եթե այս վերջին ութ տարիների ընթացքում, բոլորը, միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, ապա այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի  գլխավոր ամբիոնից ՀՀ Նախագահ Սարգսյանի  ելույթին, որ 2018թ. ապրիլը Հայաստանը դիմավորելու է առանց հայ-թուրքական արձանագրությունների` Նալբանդյանն ասել է. «Ես չէի ասի, որ Հանրապետության Նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Դա իրականությունից ելնող հայտարարություն էր, որովհետև առաջին անգամ իր նոր պատմության մեջ Թուրքիան առերեսվեց ինքնիշխան և ոտքերի վրա ամուր կանգնած Հայաստանի հետ: Թուրքիան էր, ոչ թե մեր երկիրը, որ հրաժարվեց Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների իրականացումից և այն պարտավորություններից, որը Թուրքիան ձեռք էր բերել միջազգային հանրության աչքերի առջև: Հայաստանը մնաց իր բարձունքի վրա, որովհետև կարողացավ մինչև վերջ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը: Իսկ Թուրքիան, որը տարածաշրջանային կամ անգամ ավել նկրտումներ ունի, ուժ չգտավ իր մեջ վեր կանգնել այն բարդույթներից, խճճված բարդույթների մեջ չկարողացավ վեր կանգնել իր նախապաշարումներից»:

Նալբանդյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը,  իհարկե, հաջողություն արձանագրել է. եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով (չնայած այն, ինչ արվել է, մի օր դրա հիման վրա հնարավոր կլինի շարունակել), բայց միգուցե, եթե թուրքական կողմը կարողանա գնալ իսկապես առանց նախապայմանների և տրամադրված լինի հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել, ինչպես որ եղան այս բանակցությունները, որովհետև առաջին անգամ պատմության մեջ, Թուրքիան Հայաստանին չէր պարտադրում ինչ-որ բան, այլ Հայաստանն էր առաջարկել՝ ինչի հիման վրա բանակցել: «Թուրքական կողմն այս բանակցությունները վարում էր հենց մեր առաջարկությունների հիման վրա և վերջում եկավ, ստորագրեց այդ արձանագրությունները բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրամիության, Եվրախորհրդի ներկայացուցիչների, հարյուրավոր լրատվամիջոցների ներկայությամբ, բայց հաջորդ օրը սկսեց հետքայլ անել: Այսինքն` Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և սա նաև ավելացրեց մեր նկատմամբ վստահությունը, մեր հեղինակությունը միջազգային հանրության աչքերում: Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան: Եթե Թուրքիան չի կարողանում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը, հենց իր կողմից ստորագրված համաձայնագրերը, ապա ինչպիսի՞ վստահություն կարող է լինել այդ երկրի նկատմամբ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների իմաստով:Ստացվում է, որ Թուրքիան չի կարողանում լսել և ըմբռնել, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Եվ շատ անգամ հայտնվում է մենախոսության իրավիճակում, և այդ մենախոսությունը գցում է նյարդային վիճակի մեջ, որ այսպիսի հայտարարություններ են անում»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]