1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է տարվա կարևոր տնտեսական իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է տարվա կարևոր տնտեսական իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կառավարության ձևավորումից մինչև ներդրումներ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում, տնտեսական ակտիվության և աճի ակնկալվող արդյունքներից բարձր ցուցանիշներ. անցնող տարին հագեցած էր տնտեսական ուղղվածության բազմաթիվ նորություններով: «Արմենպրես»-ն առանձնացրել է 2017-ի կարևոր տնտեսական իրադարձություններն ու տարեվերջին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները:

Աբու Դաբիում Հայաստան-ԱՄԷ ներդրումային համաժողովի անցկացումը

Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացման և գործարարների միջև շփումներն ակտիվացնելու նպատակով գարնանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ, կայացավ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը: Ներկայացվեցին գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հաջողված պատմությունները, ներդրումային մի շարք նախագծեր:
Արդյունքում 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև։ «Ocean Holding»-ը նպատակ ունի ներդրումներն ուղղել Հայաստանում ֆոտովոլտային կայաններ կառուցելու և գործարկելու ծրագրերին` օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։

Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցն ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, եւ ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը:
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ` Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վարչապետներն ավելի քան երկու ժամ տևած նեղ կազմով փակ հանդիպումից հետո մասնակցեցին ընդլայնված կազմով նիստին և հանդես եկան հայտարարություններով: Նշվեց, որ  լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: 

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ձևավորումն ու առաջին խոշոր ծրագրերի հայտարարումը

Դեռևս տարեսկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ Երևանում պաշտոնապես տրվել էր «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Արդեն աշնանը «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Ներդրումներից 900 միլիոն դոլարը կուղղվի Հայաստանի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը,  200 միլիոն դոլար էլ` «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը: Ներդրողների ակումբի ընթացիկ ծրագրերն են Շնող ՀԷԿ-ի, Մեղրի ՀԷԿ-ի և կենցաղային աղբից էլեկտրակայանի կառուցումն ու շահագործումը:

Երրորդ սերնդի թղթադրամների էսքիզների ներկայացումը 

Հայաստանի ազգային արժույթի` դրամի օրը` նոյեմբերի 22-ին, երկրի գլխավոր դրամատունը ներկայացրեց 2018-ին թողարկվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները: 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: Տպագրությունն իրականացվելու է «Giesecke & Devrient» ընկերության կողմից: Թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018-ի նոյեմբերի 22-ին` նվիրված արդեն ազգային արժույթի 25 ամյակին:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը

2013 թվականի ավարտին Հայաստանի ու Եվրամիության երկուստեք հանձնառությունը շարունակել զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունն իր տրամաբանական հանգուցալուծումը ստացավ այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Կողմերը հաստատակամություն հայտնեցին ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա: Մասնագետների գնահատականով` այն ուղղակիորեն կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը

Տարվա վերջին Հայաստանի հարավային սահմանին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը` ՀՀ վարչապետի մասնակցությամբ: Գոտու կառուցման ընդհանուր արժեքը 32 միլիոն դոլար է, որից 28 մլն դոլարը կապիտալ ծախսերն են: Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություն, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։  Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ: Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ: «Մեղրի» ԱՏԳ-ն որակվում է որպես Սյունիքի մարզի տնտեսական ակտիվության բարձրացման, Իրանի և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման գործոն:

Մակրոտնտեսական ցուցանիշներ և դրամավարկային քաղաքականություն

Ընթացիկ տարվա 11 ամիսներին արձանագրվեց տնտեսական ակտիվության 7.3 տոկոս աճ, արտահանումն առաջին անգամ հատեց 2 միլիարդ դոլարի սահմանը: 2017-ի հունվար-նոյեմբերին երկնիշ աճ ապահովվեց ծառայությունների ծավալում (14.2), առևտրի շրջանառության (14.4), արդյունաբերական արտադրանքի ծավալում (12.3), արտաքին ապրանքաշրջանառության (26.4), արտահանման (23.5) և ներմուծման (28) ոլորտներում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անցնող տարում տնտեսական իրավիճակը ակնկալվածից լավ էր: Նա վստահություն հայտնեց, որ տարվա վերջին իրական աճը կգտնվի 5.5-6 տոկոսի սահմաններում: 2017-ի բյուջեով ՀՆԱ աճը նախատեսված էր 3.2 տոկոս, սակայն տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը վերանայեց տնտեսական աճի կանխատեսումը` հասցնելով այն 4.3 տոկոսի, 2018 թվականի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:

2017-ին ՀՀ կենտրոնական բանկը շարունակեց խթանող քաղաքականության իրականացումը: 2015 թվականից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 12 անգամ, ներկայում այն 6 տոկոս է: 2017-ի նոյեմբերի դրությամբ առևտրային բանկերի գործառնությունների տոկոսադրույքները` ըստ վարկերի կազմել է 13.50 տոկոս, ավանդների` 8.56 տոկոս:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]