Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Երևանյան բեսթսելեր 4/92. «Երեք ընկեր» գիրքն ամենավաճառվածների ցանկում է


ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Իր դիրքերը բարելավել և երկրորդ հորիզոնականում է հայտնվել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել և երրորդ տեղն է գրավել մոսկվայաբնակ Նարինե Աբգարյանի «Մանյունյան» գիրքը: Թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ խառն իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ չորրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Հինգերորդ հորիզոնականում  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հրեաների հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց երկար ժամանակ անց: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

«Աննա Ֆրանկի օրագիրը» մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Այն հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս մանկական պարզ օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս, հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։

Յոթերորդ հորիզոնականում նոր գիրք է: Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն ութերորդն է: Այս ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և դարձել է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամերիկացի գրող Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գիրքը վերադարձել է մեր ցանկ` զբաղեցնելով իններորդ տեղը: Նման վեպ գրելու գաղափարը ծնվել է հեղինակի Հարավային Դակոտա ուղևորության ընթացքում: Գլխավոր հերոսը Քվենթին Ջեյկոբսենն է, ով մանկուց սիրահարված է իր հարևանուհուն՝ Մարգո Ռոթ Շպիգելմանին։ Քվենթինն ու իր ընկերներ Բենը, Ռադարը և Լեսլին անհետացած Մարգոյի հետքերով բացահայտում են «իրական» Մարգոյին: Ըստ New York Times-ի՝ այն դեռահասների շրջանում ամենավաճառված գրքերից է: Թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագրել՝ Լուսինե Համբարյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը: Այն ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող գործերից է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, ինչի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ են, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 145
2 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 104
3 -1

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Լուսաբաց 83
4 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 67
5 0

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 56
6 +1

Աննա Ֆրանկ

«Աննա Ֆրանկի օրագիրը»

Էդիթ Պրինտ 46
7 Նոր

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 35
8 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 29
9 *

Ջոն Գրին

«Թղթե քաղաքներ»

Էդիթ Պրինտ 18
10 *

Դանիել Գլաթաուեր

«Հավերժ քոնը»

Զանգակ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ