1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի 
նախարարության ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները:

Տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգևատրել է շնորհակալագրերով:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը 
արտաքին գործերի նախարարության տարեվերջյան միջոցառման ժամանակ

Պարո՛ն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Հարգելի՛ դիվանագետներ,

Տարեվերջյան մեր հանդիպումները գեղեցիկ ավանդույթ են դարձել՝ հնարավորություն ընձեռելով միասին ամփոփելու անցնող տարին։ Վստահ եմ, որ այս օրերին յուրաքանչյուրս մտովի անցնում ենք շղթայի 365 օղակներով՝ փորձելով գնահատել արածն ու չարածը, նախանշել գալիք տարվա մեր անելիքները:

Ամփոփելով 2017-ը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս անցնող տարին ապագային միտված որոշումներով և արդյունքներով նշանավորելու համար։ Այս տարի ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։ 

Հաջորդ տարի մենք հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր թերևս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք աշխարհի գրեթե կեսը միավորող այդ կառույցի գագաթնաժողովի հյուրընկալմանն ու նախագահությանը, ինչը գնահատում ենք մեր հանդեպ մեծագույն վստահության և համերաշխության դրսևորում։ Իհարկե, այդ միջոցառմանը ներգրավվելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները՝ անխտիր բոլոր կառույցները, բայց այդ աշխատանքի կազմակերպչական և քաղաքական բաղադրիչի առյուծի բաժինը ընկնելու է ձեր ուսերին: Եվ շատ բնական է, որ խնդրում եմ և պահանջում՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին: 

Անշուշտ, անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք առավել հանգամանորեն դեռ առիթ կունենանք քննարկելու արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ իմ առաջիկա հանդիպման ժամանակ:

Ուստի, գալիք տարի մենք կթևակոխենք թերին շտկելու, կիսատ թողածն ավարտին հասցնելու և, իհարկե, նոր, կառուցողական և ստեղծագործական գաղափարներ կյանքի կոչելու հանձնառությամբ: 

Հարգելի՛ գործընկերներ, 

Մեր երկիրը գտնվում է ակտիվ բարեփոխումների շրջափուլում, իսկ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան մեր բարեփոխումների յուրատեսակ քննությունը: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել, որի վրա խարխսվելու է նոր սերնդի Հայաստանը: 

2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ 

Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում նույնպես դրական արդյունքներ է տվել, և մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում: 

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ: 

Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: 

Հարգելի՛ գործընկերներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նաև, իհարկե, շնորհավորում եմ Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին և խնդրում եմ նրանց՝ իրենց գործընկերներին փոխանցել իմ շնորհավորանքները:

Կյանքը, իհարկե, միօրինակ չէ, և կյանքում տեղ կա թե՛ դրականի և թե՛, ցավոք, բացասականի համար։ Ուստի 2018 թվականը մեր ժողովրդի և պետության համար թող լինի որքան հնարավոր է դրական՝ խաղաղության, զարգացման և առաջընթացի տարի՝ լի բավարարվածությամբ և ժպիտներով։ 

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Շնորհակալություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]