Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ հետաքրքիր վարպետության դասեր կանցկացվեն

Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ հետաքրքիր վարպետության դասեր 
կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համագործակցության արդյունքում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նախորդ տարիներին գրողների, նկարիչների, թարգմանիչների, գրադարանավարների համար տարբեր վարպետության դասեր է կազմակերպել: Հաջորդ տարի նախատեսվում է վարպետության դաս իրականացնել նաև հրատարակիչների համար:

IBBY-ի Հայաստան-ի հետ աշխատանքի, նախատեսվող վարպետության դասերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Այս տարի գրադարանավարների համար իրականացրեցինք վարպետության դաս: Մասնակցեցին Հայաստանի տասը մարզերից տասը գրադարանավարներ: Եռօրյա դասը վարում էր Լիոնի քաղաքային գրադարանի մանկական բաժնի ղեկավար Վիոլին Կանմաչերը: Դասի արդյունքում շուտով լույս կտեսնի  «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը» մեթոդական ձեռնարկը, ուղեցույց գրադարանավարների համար: Այն հնարավորություն կտա ավելի դյուրին կազմակերպել մանկական ընթերցանությունը»,-նշեց Տոնոյանը:

Հաջորդ տարի մայիսին նախատեսվում է վարպետության դաս անցկացնել հրատարակիչների համար, որին մասնակցելու հնարավորություն կունենան մեր երկրի խոշոր հրատարակիչները:

Ռուզան Տոնոյանն ասաց, որ IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համագործակցում են դեռ  2012 թվականից: «IBBY Հայաստանի  նպատակը մեր երկրում մանկապատանեկան գրականությունը զարգացնել է,  դրա ընթերցմանը խթանելը: Այդ կապակցությամբ հինգ  տարի համատեղ ծրագրեր ենք իրականացնում ` փորձելով դաշտը աշխուժացնել, նոր, հետաքրքիր անուններ գտնել, զարգացնել մանկագրությունը»,-ասաց գրադարանի տնօրենը:

Նա շեշտեց, որ բավականին բեղմնավոր էր IBBY-ի հետ աշխատանքը: Վարպետության դասերի արդյունքում «Յոթ գույն» գիրքն է հրատարակվել սկզբում հայերեն, այնուհետև անգլերեն: Այս տարի մարտին Բոլոնիայում IBBY-ի տաղավարում վերոնշյալ գրքի շնորհանդեսն է կազմակերպվել:

«Գրքում ներառված են ժամանակակից հեղինակների` Ալլա Սերոբյանի, Մհեր Բեյլերյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Կարինե Աշուղյանի, Լիլիթ Հակոբյանի, Երազիկ Գրիգորյանի և այլոց  մանկապատանեկան ստեղծագործությունները:

Այն նոյեմբերին Շարժայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում անգլերեն  տարբերակով ներկայացվել է արաբ ընթերցողներին: Գրքով հետաքրքրված են նաև արաբ հրատարակիչները, և մենք ցանկանում ենք այն արաբերենով  հրատարակել»,-ընդգծեց Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի տնօրենը IBBY-ի հետ համատեղ իրականացրած ձեռքբերում է համարում  այն, որ Հայաստանն առաջին անգամ մանկագիր է առաջադրել Հանս Քրիստիան Անդերսենի անվան  մրցանակին: «Մենք ներկայացրեցինք Էդվարդ Միլիտոնյանին: Նա 77 երկրների ներկայացուցիչներից ընդգրկվեց 33-ի մեջ: Հաջորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին հայտնի կդառնա մրցանակակիրը: Հաղթողին կտրվի Անդերսենի դիմապատկերով հուշամեդալ»,-տեղեկացրեց Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]