Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Արսեն Քարամյանը չի ընդունում Արթուր Ալեքսանյանի՝ նախարարությանն ուղղված մեղադրանքները


ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը չի ընդունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ նախարարությանն ուղղված մեղադրանքները տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկության կարգի հետ կապված:

«Ես չեմ մեկնաբանի մասնավոր կարծիքներ, նույնիսկ օլիմպիական չեմպիոնի կարծիքը:  Դա ինձ համար մասնավոր կարծիք է: Իսկ ինչպե՞ս էր Արթուր Ալեքսանյանն ընդունում նախորդ տարիների աղմուկ-աղաղակը: Ինչո՞ւ այդ ժամանակ մեկնաբանություններ չէր անում»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Քարամյանը:

Վերջինս նաև հավելեց. «Մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տարվա լավագույն 10 մարզիկների մեծարման երեկոյին այն մասին, որ սպորտը չի կարող ունենալ բաժանարար գծեր: Սպորտը միավորող հանգամանք է, առավել ևս՝ մեզ նման փոքր ազգերի համար»:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում մարզիկների լավագույն տասնյակի ընտրության կարգը: Ալեքսանյանի կարծիքով մեղավորը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: «Եվ եթե փոխնախարարն ասում է, որ թափանցիկ և արդար քվեարկություն էր, ես չեմ համաձայնվի նրա հետ, որովհետև կան մարզիկներ, ովքեր դուրս են մնացել: 10 լավագույն մարզիկի ընտրության կարգը սխալ է: Աշխարհի առաջնության մրցանակակիրը ինչպե՞ս կարող է չհայտնվել 10 լավագույն մարզիկների շարքում»,-ավելի վաղ ասել էր Ալեքսանյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների: Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ), Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Լևոն Արոնյան (շախմատ), Գրիգոր Մխիթարյան (սամբո), Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Տիգրան Կիրակոսյան (սամբո):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ