Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ՍԷԿՏ համակարգի միջոցով վիճակագրություն է իրականացվելու  

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ՍԷԿՏ համակարգի միջոցով վիճակագրություն է 
իրականացվելու

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ)  համակարգի միջոցով ճշգրիտ վիճակագրության իրականացնել Հայաստանի  զբոսաշրջության ոլորտում: Այն կնպաստի տնտեսության զարգացման վրա զբոսաշրջության ազդեցության բարձրացմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս կապակցությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղված միջոցառումների մասին»  նախագիծը:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ զբոսաշրջության վիճակագրության բարելավումը և ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների ապահովումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև լավագույնն է ներկա պայմաններում, սակայն առավելագույն ճշգրտություն  ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի»,- ասված  է նախագծում:

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի`  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ քննարկվել և մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների օգտագործմամբ:

«Ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ ՍԷԿՏ համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի:

Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ` բոլոր սահմանային անցման կետերով Հայաստան ժամանած անձանց մասին տվյալներից առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանության և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` ՍԷԿՏ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]