Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Օպերային թատրոնն այս տարի մեծ ձեռքբերումներ է ունեցել

Օպերային թատրոնն այս տարի մեծ ձեռքբերումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ,  25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2017-ին մի շարք ներկայացումներ են վերականգնվել, նոր գործեր են բեմադրվել, թատրոնում հանրահայտ երաժիշտներ են մենահամերգներով հանդես եկել: Մեծացել է հանդիսատեսի հոսքը օպերային թատրոն:

Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

 «Այս տարի թատրոնը նկատելի առաջընթաց է ունեցել: Եթե վեց ամսվա կտրվածքով մենք հայտարարում էինք, որ ունենք 45 տոկոս հանդիսատեսի աճ, ապա, ամփոփելով տարին, վստահաբար ասում ենք, որ աճը հարյուր տոկոսի շեմն անցել է:  Շնորհակալ եմ Կոնստանտին Օրբելյանին այս հրաշալի աշխատանքի համար ու համոզված եմ, որ հաջորդ տարին ավելի արգասաբեր կլինի, քանի որ մենք նոր ծրագրեր ենք կյանքի կոչելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Ամիրյանը:

Նա հավելեց` ընդգծելով, թե ամենակարևոր ու հետաքրքիր փաստն այն է, որ այս տարվա ընթացքում նույնիսկ բարձրացված սակագնով դահլիճը վարձակալության հանձնելը ձեռնտու չէ: Ավելի նպատակահարմար է ներկայացումներ խաղալը:

Կոնստանտին Օրբելյանի խոսքով` բեմադրություն անելը մեծ ջանքեր, ֆինանսներ և հնարավորություններ է պահանջում: Սակայն իրենք հաջողել են:

Այս տարի օպերային թատրոնում նոր ներկայացումներ են բեմադրվել, իրականացվել են հրաշալի համերգային ծրագրեր: «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը և օպերային թատրոնը ներկայացրել են համերգ «Սիրում եմ քեզ, Հայաստան» խորագրով, բեմադրվել է Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան, անցկացվել են գեղեցիկ համերգներ` նվիրված Կարեն Դեմիրճյանի 85 և Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակներին:

Տեղի է ունեցել «Երևան» առաջին միջազգային փառատոնը` նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Բեմադրվել է «Կարինե կոկտեյլ» օպերետը` օպերայի երիտասարդական ծրագրի մասնակցությամբ: Երաժշտասերների դատին է հանձնվել «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:

Անցկացվել է համերգ Արաքս Մանսուրյանի մասնակցությամբ: Օպերային թատրոնում տեղի է ունեցել հանրահայտ օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգի մենահամերգը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:

Վերականգնվել են Գ. Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան, «Շոպենիանա» բալետային ներկայացումը:

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան ներկայացվել է հանրապետության տարբեր մարզերում:

Իրականացվել է Ա. Խաչատրյանի անվան մրցույթ վոկալ մասնագիտությամբ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը շնորհակալություն հայտնեց թատրոնի նվագախմբին, երգչախմբին և իր աջակիցներին հրաշալի աշխատանքի համար:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]