Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մթերումների վճարման նպատակով 16 վերամշակող ընկերություն օգտվել է վարկերի սուբսիդավորման ծրագրից

Մթերումների վճարման նպատակով 16 վերամշակող ընկերություն օգտվել է վարկերի սուբսիդավորման ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղող և պտուղ-բանջարեղեն վերամշակող 16 ընկերություն շուրջ 1.2 միլիարդ դրամի սուբսիդավորվող վարկ է ստացել մթերումների դիմաց վճարումներ կատարելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` ծրագրի պիլոտը մեկնարկել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին: «Ոլորտի նորամուծություններից էր ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի սուբսիդավորումը: Ծրագրով մինչև 12 տոկոս վարկավորման դեպքում մինչև 9 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում վերամշակողը ստանում է 3-տոկոսանոց վարկ: Այս գումարները ուղղվում են միայն մթերումներին: Պայմանագրով 10-օրյա ձևակերպումներից հետո գումարը ստանում է գյուղացին»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ծրագրի նախապայամններից է նախապես պայմանագրերի կնքումը, որով գյուղացին ունենում է բերքի երաշխավորված իրացում, իսկ վերամշակողը՝ հումքի բազա: Փոխնախարարի խոսքով` գալիք տարվա սկզբին արդեն սկսելու են աշխատել վերամշակող ընկերությունների հետ, որ հաստատեն ցանկը, ինչն էլ գյուղացիական տնտեսությունների համար ուղենիշ կլինի: «Նրանք կիմանան, թե որ կազմակերպությունն ինչ չափով ինչ ապրանքների գծով է մթերում իրականացնելու և վարկավորվելու, որպեսզի իրենց բերքը չհանձնեն անբարեխիղճ ընկերություններին, և չգոյանան պարտքեր»,-ավելացրեց նա:

Ռոբերտ Մակարյանը հիշեցրեց, որ անցած շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը` շուրջ 18 միլիարդ դրամի վարկային միջոցների տրամադրմամբ: «Այս ծրագրի հաջող իրականացման դեպքում մենք այլևս չենք ունենա անընդհատ  չարչրկվող պարտքերի թեման, երբ վերամշակողները գյուղացիներից գնում էին ապրանքը և վճարումներ չէին իրականացնում մեկ, երկու, երբեմն էլ երեք տարի: Գործընթացը ճիշտ իրականացնելու դեպքում գումարների վերադարձի խնդիրը կլուծենք»,- հույս հայտնեց Ռոբերտ Մակարյանը:

Այս տարի առավելագույնը շահառուներին տրամադրվել է մինչև 150 միլիոն դրամի չափով վարկ, հաջորդ տարվանից, ըստ Մակարյանի, մեկ վերամշակողը կարող է ձեռք բերել մինչև 1 միլիարդ դրամի վարկ:

Ծրագրում ներգրավված են 15 ֆինանսական կառույցներ`բանկեր, ունիվերսալ վարկային կազմակերպություններ: Դաշտը բաց է, այլ ֆինանսական կառույցներ ևս կարող մասնակցել ծրագրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]