1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աղքատության վերացման ծրագրերից մինչև ուշադրություն սոցիալական բոլոր շերտերի նկատմամբ. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին

Աղքատության վերացման ծրագրերից մինչև ուշադրություն սոցիալական բոլոր 
շերտերի նկատմամբ. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականին  սոցիալական պաշտպանության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել, ներդրել նոր համակարգեր։ «Արմենպրես»-ի հետ  զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփեց տարին և խոսեց առաջիկա անելիքների մասին։

-Առաջին հարցս վերաբերում է այսօր մեր երկրում ամենախնդրահարույց ոլորտին՝ զբաղվածությանը:  Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում ոլորտում կայուն զբաղվածություն ապահովելու համար։

-Զբաղվածության ոլորտում վարվող քաղաքականության առումով մենք որպես հիմնական խնդիր դիտարկել ենք աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու խնդրի լուծումը։ Իրականում գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմում է շուրջ 18 տոկոս։ Բնականաբար, զբաղվածության ծրագրերի միջոցով փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի աշխատանք փնտրող այն անձանց համար, ովքեր աշխատաշուկայում անմրցունակ են, ապահովենք համապատասխանություն աշխատաշուկայի հետ զբաղվածության ծրագրերի միջոցով, մասնագիտական կարողությունների բարձրացման միջոցով։

 Հաջորդ տարի մի կարևոր ուղղություն կներդրվի՝ աշխատանքային պարտականությունները երեխայի խնամքին զուգակցելու հետ կապված խնդրի լուծումը։ Սա շատ կարևոր խնդիր է և՛ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից, և՛ աշխատաշուկայում կանանց կամ երեխա խնամող մայրերի մրցունակությունը բարձրացնելու հետ կապված։ Մենք շատ աշխատանքներ պետք է  տանենք մինչև երկու տարեկան երեխայի խնամքով զբաղվող արձակուրդում գտնվող անձանց հետ։ Այդ երեք տարվա խնամքի ընթացքում, որից մեկ տարին կարելի է առանց վարձատրության շարունակել արձակուրդում գտնվել՝ աշխատաշուկայում շատ բան է փոխվում։ Այդ ժամանակահատվածում երեխա խնամող մայրերը կորցնում են իրենց մասնագիտական հմտությունները։ Հետո նրանց վերադարձն աշխատաշուկա դժվարանում է, և սա էլ, մեր ուսումնասիրությունների համաձայն, հանգեցնում է երեխա ունենալու կամ հաջորդ երեխան ունենալու հետաձգման կամ չկայացման որոշման։

Կիրականացվի երեխաների խնամքի կազմակերպման համար դայակ վարձելու դեպքում աշխատավարձի փոխհատուցում տրամադրելու ծրագիր։ Սա փորձնական ծրագիր է լինելու, բայց կարծում ենք, որ այս ծրագիրը պահանջարկ կունենա, և մենք այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կիրականացնենք։ Զբաղվածության ծրագրերի հետ կապված պետք է նշել նաև, որ մենք փորձում ենք ներդնել էլեկտրոնային աշխատանքային բորսայի համակարգը։ Սրանով մենք կկարողանանք էլեկտրոնային հարթակ տրամադրել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այլ նաև աշխատանք փնտրող ցանկացած անձի և գործատուներին։ Համակարգի շնորհիվ նույնիսկ առանց տարածքային կենտրոն այցելելու՝ աշխատանք փնտրողը կկարողանա իրեն հարմար աշխատանք գտնել, իսկ գործատուն էլ՝ իր համար հարմար աշխատող։ Այս աշխատանքները 2018 թվականին պետք է ավարտին հասցնենք և գործարկենք, քանի որ դրանով էապես կմեծանա ծառայությունների մատչելիությունը և աշխատաշուկայի դինամիկ փոփոխություններին համահունչ հնարավորություն ենք ընձեռելու և աշխատանք փնտրողների և գործատուների համար։

-Կցանկանայի մի փոքր անդրադառնայիք «Փարոս» համակարգի նոր մեթոդաբանությանը։ Ձեր կարծիքով, ե՞րբ առաջացավ նոր մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը, և ինչպե՞ս եք գնահատում այս 3-4 ամիսների ընթացքում այդ մեթոդաբանության կիրառման արդյունքները։ Արդյոք այս փոփոխությունը լուծել է Ձեր առջև դրված խնդիրը ոլորտում:

-Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ պետք է այդ համակարգի արմատական վերանայում իրականացվի և թուլացվեն այն մղումները՝ ամեն գնով 30.01 միավոր ձեռք բերելու հետ կապված։ Խնդիրը հատկապես վերաբերում է աշխատունակ անձանց՝ փոխարենը ծրագրի հիմնական թիրախ դարձնելով անաշխատունակներին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց։ Այդ փոփոխությունները կյանքի կոչելով և վերաուղղորդելով հասցեականությունը՝ կատարեցինք փոփոխություններ՝ աշխատաշուկայում համապատասխան կարգավիճակ չունեցող, բայց աշխատունակ անձի համար իջեցվեցին միավորները։ Մեր վերլուծություններով հանգել էինք մի եզրահանգման. եթե աշխատունակ տարիքի անձը որևէ սոցիալական կարգավիճակ չունի, բայց համակարգում հայտարարագրված է զրո եկամուտ իր ընտանիքի կազմում, այստեղ լուրջ ռիսկ ու խնդիր ենք տեսնում ոչ հասցեական վճարների հետ կապված։ Փոփոխությունների տրամաբանությունը մեկն էր. եթե անձն իսկապես չի աշխատում, ապա առնվազն զբաղվածության կենտրոնում պետք է հաշվառման կանգնի, որպես աշխատանք փնտրող, ում մենք կառաջարկենք համապատասխան ծրագրեր կամ աշխատանք։

Մենք Հայաստանում յուրաքանչյուր ամիս հավաքագրում ենք  շուրջ 2000 թափուր աշխատատեղ։ Ծրագրի առումով հիմնական փոփոխությունը սա էր, և այս ամենի փոխարեն ավելացրել ենք երեխաների համար տրվող միավորների կշիռը, երեխա խնամող մայրերին տրամադրվող միավորները։

Մենք դիտարկում ենք, եթե մայրը երեխա է խնամում, ապա համարում ենք, որ նա զբաղված է ու նրա կարգավիճակը տարբերվում է ֆորմալ աշխատանք չունեցող, գործազուրկի կարգավիճակ չունեցող, ուսանողի կարգավիճակ չունեցող անձից։ Կարծում ենք, որ ազդակը շատ հստակ է, և այս աշխատանքները դեռ շարունակվելու են, մասնավորապես՝ այլ լրացուցիչ տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և դրանք ևս կիրառելու առումով։ Այս համակարգի միջոցով տարեկան շուրջ 40 մլրդ դրամ նախատեսվում է աղքատ ընտանիքներին աջակցելու համար։ Մեկ բան ակնհայտ է՝ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես այն ընտանիքներին, որոնք իրենց սեփական միջոցներով ի վիճակի չեն լուծել սեփական խնդիրները։ Աշխատանքները շարունակական բնույթ են կրում, և, կարծում եմ, առաջիկայում ևս կունենանք որոշակի առաջարկություններ, որոնք կներկայացվեն Կառավարության քննարկմանը։

Մի կողմից մենք այս համակարգում ունենք ընտանիքներ, որոնք չպետք է ներառված լինեին, և կան ընտանիքներ, որոնք պետք է ընդգրկված լինեին սոցիալական աջակցության ծրագրերում, բայց համակարգի բացառման սխալի պատճառով չեն ընդգրկվել։ Մեթոդաբանությունը, որն ընտրվել է, այժմ լուծում է հենց այն խնդիրը, որը մենք դրել էինք մեր առջև։ Երեք-չորս ամիսն, իհարկե, շատ փոքր ժամանակահատված է վերլուծություն անելու համար։ Այն ընտանիքներում, որտեղ կան աշխատունակ անձինք, ովքեր չունեն եկամուտ, հաշմանդամություն, ուսանող չեն, զբաղվածության կենտրոնում հաշվառված չեն, սակայն աշխատունակ տարիքի են՝ կարելի է ենթադրել, որ ունեն թաքնված զբաղվածություն, չերևացող եկամուտ։

Մի բան պետք է հստակ ամրագրել՝ անապահովության գնահատման համակարգի միջոցով աղքատության վերացման խնդիր լուծել չենք կարող։ Մենք պետք է փորձենք մեծացնել ընտանիքների կարողությունները և հնարավորություն ընձեռել, որպեսզի իրենք իրենց աշխատանքով լուծեն սեփական խնդիրները։ Այս ամենը չի վերաբերում միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին, մի քանի հաշմանդամություն ունեցող անդամներով ընտանիքներին, որտեղ պետական սոցիալական աջակցությունն անհրաժեշտ է։ Այն աշխատունակ անձինք, ովքեր ընդգրկված են տվյալ համակարգում ու որևէ կերպ չեն գործակցում պետական մարմնի հետ, դուրս են մղվելու համակարգից։

-Վերջերս ներդրվեց հաշմանդամներին հավաստագրերով անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման կարգը։ Իրականում, բոլորն էլ ընդունում են, որ դրանով հեշտացվել է տրամադրման գործընթացը, սակայն հավաստագրի գումարի հետ կապված դժգոհություններ, այնուամենայնիվ, լինում են։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Մենք իսկապես շատ կարևոր քայլ ենք կատարել։ Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում պետության կողմից տրամադրվող աջակցության կոնցեպտը փոխվել է։ Խոսքը վերաբերում է հաշմանդամի սայլակներին և լսողական սարքերին։ Մենք հավաստագրի միջոցով տրամադրում ենք աջակցություն քաղաքացուն, և նա հնարավորություն է ստանում ընտրելու իրեն հարմար պարագա, որի դիմաց վճարումը կատարում է պետությունը։ Վերջին տարիներին փորձում էինք կատարելագործել պետական գնումների համակարգի միջոցով այդ գնման ընթացակարգերին առնչվող հարաբերությունները։ Մենք տեխնիկական բնութագրերն էինք լրամշակում, ինչը տեղի էր ունենում հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, ընդլայնում ենք տեսականին, բայց, միևնույն է, դրանք չէին հանգեցնում այն արդյունքին, ինչը բոլորս ակնկալում էինք։

Պատճառներից մեկն այն էր, որ յուրաքանչյուր տարի, բյուջեով հատկացված միջոցների շրջանակում ձեռք էր բերվում որոշակի թվաքանակով այդ պարագաներից, և դրանցից որևէ տեսակի ավարտվելու պարագայում քաղաքացին պետք է ստանար այլ տեսակի սայլակ կամ պետք է մեկ տարի սպասեր, մինչև նորից ձեռք բերվեր իրեն հարմար տարբերակ և տրամադրվեր։ Մենք չենք սպասել 2018 թվականին։ Արեցինք ամեն հնարավոր բան, որպեսզի 2017 թվականին անցում կատարենք այդ համակարգին, քանի որ բոլոր կողմերն ընդունում էին, որ սա ավելի ճիշտ մեխանիզմ և ձևաչափ է։

Այժմ մենք ունենք համակարգ, որը հնարավորություն է տվել հավաստագրի միջոցով հենց այսօր գնալ և իր նախընտրած վայրից վերցնել իրեն հարմար լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ, և դրա դիմաց կվճարի պետությունը։ Հավաստագրերի արժեքը որոշելիս արվել է շուկայի ուսումնասիրություն, և ընտրված գումարի չափը համապատասխանում է շուկայում առկա միջինից բարձր որակ ունեցող պարագաներին։ Հավաստագրված և այդ ծառայությունները մատուցող բոլոր կազմակերպությունների մոտ եղած սայլակների շուրջ 70 տոկոսը մինչև 95 հազար դրամ արժողության են։ Դրանց տեսականին 70-ից ավելի է։ Բնականաբար, միշտ կարող են լինել անձինք, ում համար ավելի բարձր որակով կամ լրացուցիչ հարմարանքներով սայլակը նախընտրելի կլինի։ Պետությունն իր հնարավորությունների շրջանակում պետք է մատուցի այս ծառայությունները և չի կարող ամեն մեկի կարիքին համապատասխան ու գնային արժեքները հաշվի չառնելով տրամադրել այդ ծառայությունները: Նախկինում բողոքներ և առաջարկներ են եղել, որպեսզի պետությունը տրամադրի այդ սարքերի և սայլակների գումարը։ Այժմ կա այդ հնարավորությունը։ Կարծում եմ, սա մի քանի քայլ առաջ է, քան մինչ այժմ մատուցվող ծառայությունները։ Մենք մի մոտեցում ունենք որդեգրած. եթե քաղաքացին խնամքով վերաբերվի իրեն տրամադրված սայլակին և երեք տարին լրանալուց հետո այն փոխելու կարիք չզգացվի, կարող է հետաձգվել իր որոշումը։ Յուրաքանչյուր 1 տարի հետաձգելու դեպքում այդ հավաստագրի արժեքը կավելանա 25 տոկոսի չափով։ Այսպիսով, ավելացնելով հավաստագրի գումարը, անձը կարող է ավելի թանկարժեք պարագա ձեռք բերել։ Գործընթացը նոր է սկսվել, և մենք հետադարձ կապով կվերլուծենք, կուսումնասիրենք, թե ինչպիսի խնդիրներ կամ հարցեր են առաջանում, և նորից կանդրադառնանք դրանց՝ համապատասխան լուծումներ տալով։ Մենք արդեն ունենք մի քանի հարյուր քաղաքացի, ովքեր ստացել են համապատասխան սայլակներն ու լսողական սարքերը։  Այս գործընթացը, բնականաբար, շարունակվելու է։

-Արդեն մի քանի տարի է նախարարությունը երեխաների պաշտպանության ոլորտում առաջնորդվում է «Երեխան պետք է ապրի ընտանիքում» սկզբունքով։  2017 թվականին ի՞նչ աշխատանքներ են իրականացվել շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման և, մասնավորապես, երեխայի մուտքը հաստատություն կանխարգելելու ուղղությամբ։

-Կարծում եմ, մեր որդեգրած կարգախոսը շատ արդիական է։ Խնդիրը վերաբերում է հատկապես սոցիալական պատճառներով ընտանիքից կամ ընտանեկան միջավայրից զրկված շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև այդպիսի երեխաների մուտքը այդ հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին։ Մեր համակարգում ունենք մեկ տասնյակից ավելի շուրջօրյա խնամքի հաստատություն, որոնց մեծ մասում՝ հատկապես գիշերօթիկներում, խնամվող երեխաներն ունեն ծնող կամ ծնողներ, սակայն սոցիալական պատճառների բերումով հայտնվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Մեր հիմնական խնդիրն է ուժեղացնել ընտանիքները և ստեղծել ծառայություններ, որոնք կարիքի բազմակողմանի գնահատման հիման վրա կիրականացնեն անհրաժեշտ ծառայությունների մատուցման աշխատանքներ։ Բարեփոխումների շրջանակում արդեն 3 հաստատություն վերակազմակերպել ենք ու դրանց փոխարեն ստեղծել ենք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ։ Այս կազմակերպություններում ուժեղացվել է  սոցիալական աշխատողի ինստիտուտը և գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրումն այդ երեխաներին ու նրանց ծնողներին։

Ծառայությունները մատուցվում են և՛ կենտրոնում, և՛ արտակենտրոնային եղանակով։ Շատ դեպքերում խնդիրներն ի հայտ են գալիս տարրական ծնողավարման հմտությունների բացակայությունից։ Այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք նաև առաջիկա տարվա ընթացքում և փորձելու ենք գիշերօթիկ խնամքի բոլոր հաստատությունները վերակազմակերպել երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնների։

Խնդիրը վերաբերում է նաև մանկատներին, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ընտանիքում կամ ընտանեկան տիպին ավելի մոտ խնամքի կազմակերպմանը և ոչ մեծ հաստատություններում խնամքի կազմակերպմանը։ Մեծ հաստատություններում երեխայի խնամքը պետք է դիտվի որպես վերջին կանգառ։ Մինչ այդ կան տարբեր մեխանիզմներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք պետք է փորձենք լիարժեք մատուցել։ Այդպիսի ծառայություններից են կենսաբանական ընտանիքի կարողությունների հզորացումը, խնամակալ կամ խնամատար ընտանիք գտնելը։ Կարելի է նաև ձևավորել փոքր տներ, որտեղ երեխաները շատ ավելի փոքր խմբով (մոտ 10-12 հոգի)՝ ընտանիքին ավելի մոտ պայմաններում կլինեն։ Այս հարցը քննարկվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և մեր այլ գործընկերների հետ։ Այս մոդելը պետք է ներդնենք, որպես խնամքի այլընտրանք։ Այս տարբերակում գործում է նաև որդեգրումը, ինչը որպես այլընտրանքային խնամքի միջոց ենթադրում է, որ երեխան դառնում է  տվյալ ընտանիքի համար հարազատ։ Մենք պետք է աշխատենք նաև որդեգրման ինստիտուտն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

-Եվ վերջին հարցը, որը վերաբերում է ոլորտում վերջերս է ներդրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին։ Ի՞նչ խնդիրներ է լուծելու համակարգը և որքանո՞վ է հեշտացնելու քաղաքացիների կյանքը և բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։

-Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը բարեփոխումների վերջին տարիների հիմնական ուղղությունն է։ Ծառայությունների մատուցումն արդյունավետ իրականացնելու համար ներդրվում մեկ պատուհանի սկզբունքը, որը ենթադրում է   տարածքային և  տեղեկատվական ինտեգրում: Սոցիալական ծառայություն ստանալու համար դիմում ներկայացրած քաղաքացին պետք է այցելի մեկ վայր, իսկ նրան վերաբերող բոլոր տվյալները պետք է զետեղված լինեն մեկ տեղեկատվական համակարգում, որպեսզի քաղաքացուց լրացուցիչ փաստաթուղթ չպահանջվի։ Սոցիալական ծառայությունների մատուցման առումով հիմնական դերակատարը՝ սոցիալական աշխատողը, պետք է կարողանա իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի գնահատված կարիքի հիման վրա տրամադրվի  համապատասխան սոցիալական ծառայություններ։ Բոլոր դրամական վճարները, որոնք տրամադրվում են օրենքի համաձայն, քայլ առ քայլ  կատարվում են  առցանց համակարգերի միջոցով։ 2017  թվականից սկսած առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար մենք հնարավորություն ենք ստեղծել առցանց օգտվել այդ ծառայությունից։

Ներկայում ունենք 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ Երևանում և մարզերում, կենտրոնների թիվը առաջիկայում կհասնի 56-ի:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]