Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ով կարողացավ վախը հաղթահարել ռինգում, հաջողության կհասնի. Հովհաննես Բաչկով

 Ով կարողացավ վախը հաղթահարել ռինգում, հաջողության կհասնի. Հովհաննես 
Բաչկով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Անցնող տարին իրապես բացառիկներից էր բռնցքամարտի համար: Տարիների դադարից հետո Հայաստանն ունեցավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր: Այս հաջողությանը հասավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, համեստ և համառ, իր գործի նվիրյալ, գյումրեցիներին բնորոշ հումորի մեծ զգացում ունեցող, տիպիկ գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա այն բացառիկ մարզիկներից է, ով իր հաստատակամությամբ ապացուցում է, որ եթե իրապես ունես երազանքներ և նպատակներ, ոչինչ և ոչ մեկ չի կարող քեզ կանգնեցնել: Մեր հանդիպումը Բաչկովի հետ կայացավ «Արմենպրես»-ի խմբագրությունում և մինչ կսկսեինք մեր զրույցը, Հովհաննեսն ասաց, որ լավ բռնցքամարտիկը պետք է գոնե մեկ անգամ ռինգում նոկդաունի ենթարկվի, ինչպես որ քրիստոնյան եկեղեցի մտնելիս պարտավոր է խաչակնքվել:

-Հովհաննես, կպատմեք ձեր ազգանվան ծագումնաբանության մասին: Ինչո՞ւ Բաչկով:

-Պապս ռուս է եղել և ազգանունն էլ գալիս է նրանից: Մինչ օրս շարունակում ենք կրել այն:

-Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք զբաղվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից: Պապիկս է ձեռքս բռնել ու տարել մարզումների, քանի որ ժիր և աշխույժ երեխա էի: Սակայն այս մարզաձևով զբաղվելու խորհուրդը տվել է քեռիս: Նա ևս բռնցքամարտիկ է եղել և, մինչ մարզումների հաճախելը, ինքն է ինձ սովորեցրել ճիշտ կեցվածք ընդունել, ճիշտ հարվածներ հասցնել: Քեռիս սիրողական բռնցքամարտիկ էր, սակայն մարզաձևի նվիրյալ: Իսկ հայրս սամբո մարզաձևից խորհրդային միության վաստակավոր մարզիկ է եղել:  Հետաքրքիր է, որ քեռուս տղան՝ Գրիգոր Մխիթարյանը (Սամբոյի աշխարհի 2017 թվականի չեմպիոն- հեղ.), զբաղվում է հայրիկիս մարզաձևով, իսկ ես՝ իր հոր մարզաձևով:

-Արդյո՞ք ձեր մարզաձևում կան մարզիկներ, ովքեր ձեր ոգեշնչման աղբյուրն են եղել:

-Իհարկե, եղել են և կան: Թե ներկայիս, թե անցյալի բռնցքամարտկներից շատերը: Չէի ցանկանա անուններ տալ, բայց նրանց մենամարտերից է, որ փորձում ենք մեզ համար լավագույնը քաղել և ձգտել կատարելության:

-Եվրոպայի այս առաջնությունն, ինչ-որ տեղ պատմական էր հայկական բռնցքամարտի համար: Դուք դարձաք Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ դեր և նշանակություն ունի ձեզ համար այս չեմպիոնությունը:

-Առաջին հերթին այն ինձ համար իսկապես մեծ ուրախություն էր: 16 տարի շարունակ հենց այդ չեմպիոնական մենամարտերին եմ նախապատրաստվել: Այս հաջողությունը կարող էր շուտ լինել, բայց չէր ստացվում և դրա համար պատճառներ շատ կան: Բայց հիմա, երբ կա  Եվրոպայի ոսկե մեդալը, անհաջողությունները մոռացվում են: Զգում էի, որ կարող եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Նայում ես շուրջբոլորդ, մրցակիցներդ, որոնց դու հաղթել ես, բարձունքում են, իսկ դու ձեռնունայն ես մնացել…

-Իսկ աշխարհի առաջնությունում նվաճեցիք բրոնզե մեդալ: Վստահ եմ, կարող էիք ավելին:

-Գրավեցի երրորդ տեղը, ես չբավարարվեցի այդ մեդալով: Կարող էի ոսկե մեդալակիր դառնալ, սակայն Եվրոպայից հետո ժամանակ չկար լավ վերականգնվելու համար: Չեմ ուզում այդ մասին խոսել, ստացվեց այնպես, որ հաջողությունն այն պահին ժպտաց հենց կուբացի բռնցքամարտիկին: Այնպես չէ, որ անասելի ուժեղ էր ինձնից:

-Ի՞նչ փոխեցին այդ երկու մեդալները, ձեր կյանքում, առօրյայում կամ աշխարհընկալման մեջ:

-Ոչինչ չի փոխվել: Ես էլի նույն Հովհաննեսն եմ, նույն մարդը: Գուցե ավելի մոտիվացրեց, որ ձգտեմ պահել այն, ինչ ունեմ և բարելավեմ: Ավելի եմ հասունացել:

-Պրոֆեսիոնալ ռինգի մասին չեք մտածում արդյո՞ք:

-Մտածում եմ: Գուցե վերջում, երբ սիրողական բռնցքամարտում կհասնեմ իմ նպատակներին, այդ ժամանակ կտեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ: Սակայն ես դեռ անելիք ունեմ սիրողական բռնցքամարտում՝ ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ, ինչպես նաև Օլիմպիական խաղերի մեդալակիր դառնալ: Սակայն, առաջ Աստված, ոչինչ չեմ պլանավորում:

-Ո՞րն է բռնցքամարտիկի առաջին դասը ռինգում:

-Առաջինը ռինգում չպետք է վախենալ մրցակցից: Հոգեբանորեն դժվար մարզաձև է: Մտնում ես ռինգ, իսկ դիմացինդ պատրաստ է քեզ ծեծելու: Նույնը կարող է քո հակառակորդը զգալ: Ով կարողացավ իր մեջ այդ վախը կոտրել, ուրեմն հաջողության կեսը կունենա:

-Ռինգում, այդ աղմուկի մեջ, ո՞ւմ եք լսում:

-Բոլորին: Բայց կենտրոնանում եմ իմ մարտավկայի ձայնի վրա: Արդեն սովորություն է դարձել լսել միայն մեկին, հակվում ես և նրա ձայնը հոգեհարազատ է դառնում քեզ համար:

-Հովհաննես, դուք ունեք երկու տղա, արդյո՞ք կցանկանաք, որ ձեր տղաները ևս բռնցքամարտով զբաղվեն:

-Դժվար հարց եք տալիս (ծիծաղում է- հեղ.): Եթե զգամ, որ կարող են բռնցքամարտում մեծ հաջողությունների հասնել, ինչու ոչ: Օրինակ՝ մեծ տղաս գուցե հենց բռնցքամարտով էլ զբաղվի: Խելքը գնում է բռնցքամարտի համար: Արթնանում է ասում է տարեք ինձ բռնցքամարտի դահլիճ. Տանն ամբողջ օրը իմ բռնցքամարտի ձեռնոցներով է: Նույնիսկ օրեր շարունակ ձեռնոցներով քնել է:

-Ինչո՞ւ են գյումրեցի մարզիկներն այսքան տաղանդավոր:

-Այն գյումրեցին, ով տնակների մեջ է մեծացել, նրան մանկուց սովորեցրել են, որ պետք է պայքարող լինես: Ինքդ պետք է հայթայթես օրվա ապրուստդ: Գուցե հենց դա է, որ փոքր տարիքից մեզ աշխատասեր է դարձնում: Գյումրեցու ապրելակերպից է:

-Ի՞նչը պետք է պարտադիր տեսնի զբոսաշրջիկը Գյումրիում:

-Եկեղեցիները: Բոլորն իրենց յուրահատուկ գեղեցկությունն ունեն, և բոլորի մեջ էլ յուրահատուկ հավատ է թևածում:

-Դուք էլ եք հավատավոր:

-Առանց հավատի կյանքն անիմաստ կլիներ: Ցանկացած գործ ձեռնարկելիս պետք հավատաս քեզ, Աստծուն, որ կօգնի հաջողության հասնել:

-Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր 2017 թվականը ձեզ համար:

-Երևի թե ամենալավ տարիներից մեկն էր իմ ամբողջ կյանքում, քանի որ դարձա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, լույս աշխարհ եկավ երկրորդ տղաս: Սա այն տարիներից է, որ ամբողջ կյանքում եմ հիշելու:

-Տոներն են մոտենում, որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:

-Ինչպես միշտ, հարազատ քաղաքում՝ Գյումրիում ծնողներիս և ընտանիքիս հետ:

-Հովհաննես, ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Ամանորից հետո կրկին հավաքներ կունենանք, մի շարք մրցաշարեր: Բացի այդ, հրավերներ ունեմ Անգլիայից և Խորվաթիայից՝ կիսապրոֆեսոինալ լիգաներում մրցելու համար: Դրանք ուժեղագույն սիրողական բռնցքամարտիկների մեջ կիսապրոֆեսիոնալ մենամարտեր են՝ 5 ռաունդ, 3 րոպե:

-Մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:

-Երկուսն էլ:

-Ֆուտբոլ, թե՞ թենիս:

-Ֆուտբոլի, հետո նոր թենիս:

-Թոմը, թե՞ Ջերին:

-Համ Թոմը, համ Ջերին:

-Պիցցա, թե՞ պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Ալի, թե՞ Մեյվեզեր:

-Ալի:

-Շնորհակալություն հաճելի զրույցի համար, Հովհաննես:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի և Հովհաննես Բաչկովի անձնական արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]