Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Այս մասին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը, անցկացված մոնիթորինգների արդյունքներն ու հակամարտության կարգավորման հարցը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն չզլացավ Բաքվում ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն կատարվի: Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ: Այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեւանում դեկտեմբերի տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա: Փաստաթուղթը մեկ անգամ եւս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը: 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է Պարագվայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է. «Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն էորը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացինԽոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որեւէ առնչություն չունեն եւ չէին էլ կարող ունենալԱյդ մասին 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսական «Независимая газета» թերթին տված հարցազրուցներից մեկում լավագույնս արտահայտվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ նշելովոր Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմությունն է կազմակերպել իրեն տապալելու համարեւ հայերը ոչ մի առնչություն չունեն»: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այսուհետ կարվի հնարավորը՝ Պարագվայի օրենսդիրներին Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը տեղ հասցնելու եւ այդպիսով կեղծ բանաձեւերի ընդունումից խուսափելու համար:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը: «Արմենպրես»-ը զրուցել է Լապիդի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի, ինչպես նաև վերջերս կրկին լարված թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

Հայաստան և աշխարհ

 «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ճապոնիայի Կայսր Ակիհիտոյին և վարչապետ Շինձո Աբեին երկրի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:Վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն:

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի KfW զարգացման բանկի միջև   ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման»  ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ: Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Փարիզում այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր երկու երկրների դիվանագիտական անձնակազմերի ընտանիքների կարգավիճակի մասին»։

ՀՀ կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» ՓԲԸ կանոնադրական կապիտալում կներդնի ավելի քան 300 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Միջոցների տրամադրման նպատակն է ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ: Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի ՀՀ և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը:

Արցախի Ազգային ժողովում հրապարակվել են Բելգիայի Թագավորության  Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը:

Աշխարհահռչակ «Financial times» խմբի «FDi» ամսագրի տարեվերջյան համարում հրապարակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հարցազրույցը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն ԱՄՆ դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին 7.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա 11 ամիսներին աճ է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսով՝ կազմելով 324 միլիարդ 558 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.2 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 311 մլրդ 188.4 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3.9 տոկոսով` կազմելով 811 մլրդ 713.8 մլն դրամ:

 Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ: 

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բնապահպանության նախարարության համակարգում կստեղծվի անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: ՀՀ կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: «Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները»,- նշել է ՀՀ Նախագահը: Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ՀՀ ԱԺ ընդունած «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ստորագրել է ՀՀ ԱԺ ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի աշրք այլ օրենքներ։

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ Նախագահի անունից Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը: Հանրապետության Նախագահը խոսել է նաև բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում «չորրորդ իշխանության» դերակատարման մասին, ներկայացրել ԶԼՄ-ներից իր ակնկալիքները առաջիկա համապետական կարևորագույն մի շարք միջոցառումների լուսաբանման առումով:

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց  Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը: Խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը:

Արցախի Ազգային ժողովը ընդունել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ արմեն Աշոտյանը անցնող տարին համարում է Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման տարի: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 2017թ. հաջողված է համարում Հայաստանի համար արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում, քանի որ տարվա ընթացքում Հայաստանին հաջողվեց ավելի ամրապնդել դիրքերը, հարաբերություններ հաստատել նոր գործընկերների հետ:

Հայաստանում այս տարվա 11 ամիսներին տնտեսական աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: Հունվար-նոյեմբերին արտահանման ծավալներն Հայաստանի անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ գերազանցել են 2 միլիարդ դոլարը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։ Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ.  «Արմենպրես»-ի հետ զրույցում տարին ամփոփեց և առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանի առաջին` «Արմենպրես» լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 99-ամյակը: «Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը` 99-ամյա տարեդարձի առիթով:  «Արմենպրես» լրատվական գործակալությանը 99-ամյակի կապակցությամբ շնորհավորել են  Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը եւ նրա կինը՝ ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Տաթեւ Մանուկյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Արմենպրես»-ին մաղթեց նշել մի քանի այդպիսի 99-ամյակ ևս: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը 99-ամյա տարեդարձի առիթով: Նախարարը նշել է, որ «Արմենպրես»-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով:  «Արմենպրես»-ը լրատվական դաշտում հստակ ձևավորված պրոֆեսիոնալ ավանդույթներ ունեցող միավոր է, ինչն ինքնին արդեն վստահություն է ներշնչում լրատվություն սպառողներին:  Նման կարծիք  հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` շնորհավորելով լրատվական գործակալությանը հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ:

«ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով տարեկան նիստին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը շնորհվեց պատվոգիր՝ որպես երախտագիտություն կատարված աշխատանքի համար:

Հայաստանի պատմության թանգարանում պահվող շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուի 35 տոկոսը հնագիտական իրեր են` պեղված Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ը նոր նախագիծ է սկսում, որտեղ ներկայացնելու է Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ գտածոները և դրանց պատմությունը: Շարքը կսկսենք 10 ամենահետաքրքիր գավաթներից, ապա կանցնենք թրերի պատմությանը: Քարաշամբի քառասունդարյա գավաթը, որի վրա մի ամբողջ առասպել կա պատկերված։

Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Այսպիսով ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում: Լույսերի միացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Սփյուռք

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձ է կազմակերպվում: Փայլանը հայտնել է, որ մահափորձերը կազմակերպվում են Թուրքիայում գործող կառույցի կողմից: «Հետախուզական տվյալներ ունեմ այն մասին, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալևիների և հայերի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, ակադեմիկոսների դեմ որոշակի խմբեր գործողություն են նախապատրաստում, որը մեծ աղմուկ պետք է բարձրացնի»,- ասել է Փայլանը: Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղյակ են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության մասին, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, մահափորձեր են նախապատրաստվում Թուրքիայից այդտեղ հաստատված անձանց, մասնավորապես՝ հայերի և ալևիների նկատմամբ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել: Փայլանը գործում ներգրավվելու է որպես վկա:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը այցելել է բանտից փախնելուց հետո Հունաստանում հանգրվանած պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին: Այս մասին նրանք գրառում են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում: Նիշանյանը հրապարակել է Սամոս կղզում իր և Աքչամի լուսանկարը՝ թողնելով հետևյալ գրառումը. «Բանտից փախչողները: Թաներ Աքչամի հետ քննարկում ենք կղզու աշխարհաքաղաքական վիճակը»:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հայտարարել է, թե Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի, և թուրքական իշխանություններն ընդունում են իր՝ Պոլսո պատրիարքարանի փոխանորդությունը: «Ինչպես գիտեք, տեղապահի ընտրության օրը իշխանություններից ստացվեց նամակ` ասելով, որ ընդունում են իմ փոխանորդ լինելը: Նամակով հստակ ասվում էր, որ Արամ Աթեշյանը փոխանորդ է և կշարունակի իր գործունեությունը»,- ասաց Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ առանց պետության արտոնության չեն կարող պատրիարք ընտրել, իսկ դա նշանակում է ընտրություն առայժմ չի անցկացվի: Ըստ նրա` այս իրավիճակը ենթադրում է, որ Գարեգին Բեքչյանը պետք է հետ քաշվի, անցկացվեն նոր ընտրություններ: 

Միջազգային խճանկար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանը բանաձևին կողմ է քվեարկել:

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել Է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել Է դեկտեմբերի 6-ին:

Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում:

2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող Է զոհվել 28 երկրներում: Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18-ին հրապարակված ամենամյա զեկույցում: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի հանդեպ կայացված դատավճռի առնչությամբ:  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»: 2017 թվականի ընթացքում Թուրքիայում 42 լրագրող տարբեր մեղադրանքներով շարունակում է բանտում մնալ:

Եվրահանձնաժողովը պատժիչ ընթացակարգ Է գործարկել Լեհաստանի դեմ դատարանի անկախության հիմնարար սկզբունքը խախտելու համար: ԵՀ-ն Լեհաստանի նկատմամբ ընթացակարգ գործարկելու որոշում Է ընդունել ըստ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի: Դա տեղի Է ունեցել Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ: Այժմ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածով Վարշավան կարող Է ձայնի իրավունքից զրկվել ԵՄ-ի խորհրդում:

Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին: Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Գարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել: Հայ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի կողմից հարձակման է ենթարկվել: Վեճը սկսվել է նրանից, որ Փայլանը կոչ է արել ֆինանսների նախարար Նաջի Աղբալային ուսումնասիրել Մեն կղզում բացահայտված օֆշորային սկանդալում Թուրքիայի ղեկավար կազմի ներգրավվածության հարցը:

Մշակույթ

Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում ունեցել է շուրջ 44 000 այցելու: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: «Ցուցահանդեսը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս: Ունեցել ենք աննախադեպ թվով այցելուներ՝ շուրջ 44 000: Ուսումնասիրել ենք նաև արխիվը, և 70 տարիների ընթացքում Հայաստանում որևէ ցուցահանդես չի եղել, որը 3 ամսում հյուրընկալած լինի 44 000 այցելուի»-ասաց Ծատուրյանը:

ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշումներից մեկում, ըստ որի՝ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ»-ը դառնում է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ»:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Համազգային թատրոնից: Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան մրցաշարում 161,55 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների: Արթուր Դավթյանը, հենացատկերի վարժությումում հավաքելով 14,176 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր: Դավթյանը երկրորդն է եղել նժույգթափերի վարժությունում, իսկ զուգափայտերի վրա նա գրավել է 3-րդ տեղը: Վիգեն Խաչատրյանը, ազատ վարժությունում (13,500 միավոր) գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղն է գրավել Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեծ մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում: Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի: Շանթ Սարգսյանը երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:

Հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: 80 մեդալից 36-ը եղել են ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի կազմած   2017 թվականի  աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:  Մխիթարյանը 92-րդ տեղում է: Նախորդ տարի 28-ամյա կիսապաշտպանը զբաղեցրել էր 57-րդ հորիզոնականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները: Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը, ով այդ պատվին արժանացավ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ