Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/91. Առաջատար են «Մանյունյան» և «Ապրած և չապրած տարիները»

Երևանյան բեսթսելեր 4/91. Առաջատար են «Մանյունյան» և «Ապրած և չապրած 
տարիները»

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Նարինե Աբգարյանի «Մանյունյան» երկրորդն է: Գրքի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ խառն իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Մեր ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը զիջել և չորրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Հինգերորդ հորիզոնականում նորից Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հրեաների հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

 Ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը» վեցերորդն է: Հեղինակի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո°ւր է քո եղբայրը կամ` ո°ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որ երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

«Աննա Ֆրանկի օրագիրը» մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է: Այն հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս, հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։

Ութերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» ստեղծագործությունն է: Հրկիզող Գայ Մոնթագի «ընտանիքը» տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը, խմբագրել՝ Ազնիվ Նասլյանը:

Լիբանանցի Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» ստեղծագործությունը զբաղեցրել է իններորդ տեղը: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդիի, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը, խմբագրել՝ Նունե Թովմասյանը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» հրաշալի գիրքը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» Դարակ 94
2 Նարինե Աբգարյան «Մանյունյա» Լուսաբաց 52
3 * Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 39
4 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 38
5 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» Վերնատուն 38
6 * Հովհաննես Երանյան «Մեղքի պարան» Անտարես 35
7 -3 Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» Էդիթ Պրինտ 26
8 * Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 17
9 * Խալիլ Ջիբրան «Մարգարեն» Քյուրքչյան 15
10 -1 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» Էդիթ Պրինտ 14

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]