Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

«Հերոսի ծնողները». Ապրիլից հետո Տիգրանի մոր կյանքին նոր իմաստ են հաղորդում զինվորների հետ հանդիպումները


ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է  2016 թվականի ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մորը՝ Սիլվա Մանասյանին:

«Ինձ ասում են՝ դու ուժեղ ես, ես էլ ասում եմ՝ ցավը ներսում ուժեղ կամ թույլ չկա, պարզապես պետք չէ քո վիշտը դիմացինին պարտադրել, դիմացինն ինչո՞վ  է մեղավոր»,-ասում է տիկին Սիլվան ու փորձում ոչ մի կերպ թույլ չտալ, որ որդու մասին խոսելիս հուզմունքը հաղթի: Ուղեկցում է մեզ որդու սենյակ, ժպիտով ներկայացնում որդու նկարներն ու կյանքի պատմությունը:

Դեռեւս մանկության տարիներից  մայրը բացահայտել էր, որ Տիգրանը լավ ձայն ունի, եւ հատկապես, քանի որ որդին սիրում էր երգել, նրան տանում է Գյումրու երաժշտական դպրոց, սակայն որոշ ժամանակ անց նա թողնում է դպրոցը, որոշում է դասերին զուգահեռ զբաղվել սպորտով:

«Փաստորեն, ոչ մեկն էլ չշարունակեց, բայց սիրում էր, հարմարվող էր: Դպրոցին էլ շուտ հարմարվեց: Եղբայրը, որ դպրոց էր գնում, ինքն էլ արդեն հունի մեջ ընկավ: Ընդունակ երեխա էր, ես միշտ էլ ցանկացել եմ, որ երեխաներս լավ սովորեն, լավ շրջապատ ունենան, բազմակողմանի զարգացած մարդ լինեն»:

Տիկին Սիլվայի խոսքով՝ Տիգրանի ընկերական շրջապատը մեծ չէր, նա նվիրված էր բոլորին, բայց ուներ երկու-երեք լավ ընկեր, ասում էր՝  թող մեկը լինի, բայց հավատարիմ:

«Տիգրանիս դեռ մանկուց շատ սիրում էին, շատ հումորով էր, դասարանցիներից ամեն մեկի համար մի-մի մականուն էր որոշել, դպրոցն ավարտելուց հետո էլ հավաքվում,  հիշում ու ծիծաղում էին: Զորամասում էլ իր զինվորների համար ուներ հատուկ անուններ:  Պատմում են, որ  ապրիլին միայն այդ առաջին օրերն են եղել լարված, մյուս օրերին այնքան ոգի էր տալիս, փորձում էր իր տրամադրվածությամբ, հումորով այնպես անել, որ շատ չզգան, թե ինչի միջով են անցնում»:

Արդեն ավագ դասարաններում Տիգրանը հստակ որոշում է՝ ընտրելու է զինվորական ուղին, ընդունվելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչին հայրն ի սկզբանե դեմ էր:

«Ես ասացի՝ ուզում է, թող գնա, բայց առաջին տարին փաստաթղթերի հետ խնդիր առաջացավ,  դիմորդներն էլ շատ էին, չստացվեց: Վայ, պետք է տեսնեիք, ինչ վիճակում էր Տիգրանս, շատ էր կոտրվել: Ասում էի՝ Տիգրան ջան, սպասի, մյուս տարի կընդունվես կամ  ուրիշ մի բան ընտրի, համոզեցի, բայց չուզեց: Սպասեցինք, մյուս արդեն ընդունվեց: Սիրով էր սովորում, իր ընտրած ճանապարհն էր: Ավարտելուց հետո դիմեց, որ գնա Եղնիկներ, բայց էլ  տեղ չկար, գնաց Մարտակերտ: Մենք էլ ահագին ուրախացանք, ընկերոջ հետ տուն էր վարձել, գոհ էր: Սիրով սկսեց իր ճանապարհը, այդպես էլ շարունակեց: Անձնակազմը նոր էր, բայց արագ հարմարվեց: Հրամանատարին  շատ էր սիրում, իսկ սպայական կազմը իրեն հենց սկզբից  էր շատ սիրել»:

Տիգրանը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել էր դառնալ զորամասի ամենասիրելի սպաներից մեկը, կարգապահ էր, ընկերասեր ու աջակցող:

«Գնդի հրամանատարն էր ասում՝ Տիգրանը դեռ մեծ հաջողությունների կհասներ: Ասում էր՝ չեմ ուզում լսել, որ Տիգրանը զոհվել է: Կոփված, իր զինվորների կողքին կանգնած սպա էր Տիգրանս, հրամանատարն ասում էր, որ որդիս իրոք գովեստի խոսքի էր արժանի, որ  միակ սպան էր, ում մոտ իսկապես կարելի էր մինչեւ վերջ անկեղծանալ, սիրտ բացել: Խորամանկություն չուներ, պարզ էր: Իր ծննդյան օրերը միշտ զինվորների հետ էր նշում, սպասում էր  25-ամյակին, այդ իսկ պատճառով ես որդուս 25-ամյակը մեծ շուքով նշեցի իր զինվորների հետ»:

Տիկին Սիլվան պատմում է, որ ապրիլյան պատերազմի առաջին օրերին Տիգրանը կապը պահպանում էր հիմնականում եղբոր հետ: Բարկանում էր, որ հարազատները հաճախ էին զանգահարում, զինվորներին նույնպես թույլ չէր տալիս խոսել հեռախոսով:

«Ընկերուհու հետ էր նաեւ խոսում, եղբոր, ինձ դա հերիք էր, էլ չէի ուզում անհանգստացնել: Որ այդ չորս օրն անցավ, մի փոքր հանգիստ էի արդեն, բայց դե պատերազմը շարունակվում էր, ու ես չեմ իմացել: Որ զանգում էի, հեռվից ձայներ էին լսվում, հարցնում էի՝ այդ ինչ ձայներ էին, ասում էր՝ ոչ մի բան էլ չկա, քեզ թվում է: Թաքցնում էր, բայց դե հավատում էի, հանգիստ էի, որ ոչ մի բան չկա: Տիգրանս մեզ իր գործից  առհասարակ հեռու էր պահում»:

Հերոսի մայրն ասում է՝ Տիգրանը նվիրված էր զինվորներին, մասնագիտությանը, աշխատանքն իր համար լոկ աշխատանք չէր, դա իր ողջ կյանքն ու առօրյան էր: Տիգրանի ընտրած ճանապարհն էր, որը ծնողներն ընդունել ու հարգել են:

«Իր նվիրվածությունը, անձնուրացությունը Տիգրանս հենց այդ օրերին ցույց տվեց. զինվորներին թիկունք լինելով, նրանց պաշտպանելով էլ զոհվեց: Տիգրանս վիրավորվել էր, բայց  շարունակել էր պայքարը, զինվորներին մենակ չէր թողել: Իսկ ես հիմա զորամասեր իմ այցերով եմ ապրում: Որ գնում եմ, զինվորներին եմ տեսնում,  գիտեմ, թե Տիգրանիս տեսա, եկա:  Որ մյուս տղաների ծնողների հետ էլ գնում եմ զինվորների մոտ, նրանց նախապես զգուշացնում եմ, որ ոչ մի լաց, ոչ մի հուզմունք չլինի, որ զինվորները չկոտրվեն,  չընկճվեն, որ տեսնեն՝   դու զինվոր է մայր ես ու հպարտ կանգնած ես այդ հողի վրա: Չգիտեմ՝ ես էլ այդպիսի մարդ եմ: Ամուսինս երկար ժամանակ ուշքի չէր գալիս, ես ինչ-որ տեղ ես, երևի, ավելի ամուր էի: Դե, ինքը հիմնականում Ռուսաստանում էր լինում, հեռու էր, ինձ ասում էր՝ դու գոնե երեխաների հետ կապված ես եղել, նրան հիմա հենց այդ կարոտն է խեղդում: Ես փորձել եմ այնպես անել, որ ամուսինս, որդիս չկոտրվեն: Լուրն իմանալու առաջին օրերին ես ու ամուսինս նստած էինք, ինձ ասաց՝ Սիլվա, պիտի դիմանանք, ես էլ ասացի՝  առաջին օրը, որ իմացել, դիմացել ենք, ուրեմն կդիմանանք: Ես շնչում եմ, ժպտում եմ ինչ-որ տեղ, ուրեմն ապրում եմ»:

Տիկին Սիլվային հաճախ կարելի է տեսնել ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված  միջոցառումներին, ասում է՝ ինչ տարբերություն, բոլորն էլ իմ երեխաներն են:

«Բոլոր ծնողների հետ էլ աշխատում եմ կապ պահպանել: Իսկ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի,  Ռոբերտ Աբաջյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի հետ կապված մի առանձնահատուկ դեպք եմ ուզում հիշել: Առաջին օրերին, որ նրանց մասին լուրերը տարածվեցին, Տիգրանս զանգեց, ասաց՝ մամ, տղաները մեր կողքի դիրքից են եղել. երբ  գամ, որոշել եմ հերթով  բոլորի շիրիմներին այցելել: Ես որդուս փոխարեն նպատակ դրեցի, այցելեցի ու ծնողների հետ էլ աշխատում եմ մշտական կապ պահպանել: Բան չունեմ ասելու՝որդիս ինչ արել է, զինվորների համար է արել, կյանքը չի խնայել, բայց միշտ հարցնում եմ՝ ինչու այդ օրերի թոհուբոհով անցավ, հանգստացանք ու այսպես եղավ. հետո էլ նայում եմ նկարին, ինձ ժպտում է, ասում եմ՝ Տիգրան ջան, ուրեմն դու էիր ճիշտը»:

Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 

Սյուզի Մուրադյան

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ