Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հնագիտական արժեքների պահպանության համար հայ-ճապոնական գործակցության հիմք է դրվում

Հնագիտական արժեքների պահպանության համար հայ-ճապոնական գործակցության 
հիմք է դրվում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի ծրագիրը: «Գիտահետազոտական կենտրոնի կարևոր գործառույթներից է՝ վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրատապ վերականգնման կարիք ունեցող հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ։ Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ճապոնական դրամաշնորհի միջոցով նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական լաբորատորիան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ավելացնելով, որ ճապոնացի փորձագետները եղել են Հայաստանում և ուսումնասիրել խնդիրը։

«Նախապես հաստատված 250 հազար դոլարի փոխարեն առաջարկել են 650 հազար դոլարի դրամաշնորհ սահմանել։ Ճապոնական կողմը պետք է այդ գումարով գնի ճապոնական և եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներ և անհատույց տրամադրի կենտրոնին։ Վերազինումից հետո կենտրոնի լաբորատորիան կդառնա տարածաշրջանում լավագույնը, որի ծառայություններից կարող են օգտվել և հարևան երկրների արշավախմբերը և թանգարանները», - նշեց Ամիրյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հետագայում ներկայացնել կատարված աշխատանքները և հայտնաբերված հնագիտական արժեքները։ «Պետք է տեսնենք՝ ինչքանով ենք կարողանում մեր քաղաքացուն, զբոսաշրջիկին ծանոթացնել դրանց, թե չէ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, որ ինքնանպատակ է», - ասաց Կարեն Կարապետյանը։

Արմեն Ամիրյանն էլ արձագանքեց, որ հայտնաբերված գտածոները վերջնական տեսքի բերելու և աշխարհին ներկայացնելու համար անհրաժեշտ է այդ լաբորատորիան, ինչն էլ կլինի խթանող քայլ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]