Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցը ոչնչացնող պատմական փաստ է. Թաներ Աքչամ

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցը 
ոչնչացնող պատմական փաստ է. Թաներ Աքչամ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները պարտավոր են առերեսվել սեփական պատմության հետ, եթե ցանկանում են հիմնել ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող համակարգ: Առանց պատմության հետ առերեսման հասարակական խաղաղություն չի կարող հաստատվել և ժողովրդավարական համակարգ չի կարող հիմնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին T24.com-ում հրապարակած նոր հոդվածում գրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

«Պատմությանն առերեսվելու պարտավորությունը և դրա դիմաց առկա արգելքները» խորագրով հոդվածում Աքչամն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայում ավտորիտար և բռնապետական ռեժիմ է, ոտնահարվում են մարդու ամենահիմնարար իրավունքներն ու ազատությունները, գլխավորապես՝ մտքի ազատությունը: «Հարյուրավոր մտավորականներ, գրողներ, լրագրողներ բանտարկված են, ժողովրդավարության ամենահիմնական կառույցներն ու օրենքները չեն գործում, դատական համակարգն ամբողջությամբ մեկ մարդու ազդեցության տակ է, օրենքի գերակայության սկզբունքը վերացվել է: Էթնիկ-կրոնական խնդիրները, մասնավորապես քրդական հարցը, ալևի, քրիստոնյա և հրեա փոքրամասնությունների հարցերը հիվանդագին վիճակում են»,- նշել է պատմաբանը:

Նա առանձնացրել է պատմությանն առերեսվելու չորս հիմնական պատճառ: «Առաջինը, եթե ցանկանում եք մարդու իրավունքները հարգող ժողովրդավարական ռեժիմ ունենալ, ապա ստիպված եք առերեսվել պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ: Եթե անցյալի խախտումների հետ չկարողանաք առերեսվել, այսօր չեք կարողանա մարդու իրավունքները հարգող հասարակություն հիմնել: Ինչպես նայեք անցյալին, այնպես էլ կկառուցեք այսօրը: Եթե պատմության մեջ առկա խնդիրները քննարկեք՝ ասելով «Հայերը դավաճանել են», «Հույներն արժանի էինք», «Քրդերը իմպերիալիստների խաղն են խաղում», «Սրանք երկիրը բաժանել ցանկացող դավաճաններ են և մեր երկրի համար լուրջ վտանգ են ներկայացնում», ապա ներկայում էլ նման հարցերն այդ տեսանկյունից կընկալվեն: Ինչպես նախկինում խախտել եք ամենահիմնարար իրավունքները, այսօր էլ նույնը կանեք»,- նշել է Աքչամը:

Որպես երկրորդ պատճառ՝ պատմաբանն ընդգծել է, որ պատմության ընթացքում վատ և ցավալի հարաբերություններ ունեցող հասարակությունները կկարողանան համատեղ ապրել միայն մեկը մյուսի հետ խոսելու ճանապարհով: Երրորդը՝ անհրաժեշտ է անցյալում ոչնչացված մարդկանց մարդկային արժանապատվությունը, որը ոտնատակ է արվել, հետ վերադարձնել նրանց: Եվ վերջապես, որպես չորրորդ պատճառ Աքչամը նշել է՝ պատմության հետ առերեսումից հրաժարումը վատ հետևանքներ կարող է ունենալ: Առերեսումը հերքելը նշանակում է ունենալ նույն հանցանքը կրկնելու ներուժը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Աքչամը գրել է. «Մենք 1923 թվականին ազգ-պետություն հիմնեցինք և դրան համապատասխան ինքնություն ստեղծեցինք: Եվ այդ ինքնությունն այսօր վերածվել է մեր մտածելակերպը, զգացմունքները, այսինքն` հասարակության ամբողջ սոցիալ-մշակութային հարաբերությունները որոշող իրականության: Սակայն եթե մենք, օրինակ, սկսենք խոսել Հայոց ցեղասպանության մասին, կտեսնենք, թե ինչպես է այդ իրականությունը սկսում խարխլվել: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցն ամբողջությամբ ոչնչացնող պատմական փաստ է: Այս պատճառով է, որ խուսափում ենք առերեսումից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]