Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր ֆիլմեր, նոր մոդելի գրախանութ, վերականգնվող պատմամշակութային համալիրներ. Արմեն Ամիրյանը հավակնոտ ծրագրեր ունի

Նոր ֆիլմեր, նոր մոդելի գրախանութ, վերականգնվող պատմամշակութային 
համալիրներ. Արմեն Ամիրյանը հավակնոտ ծրագրեր ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական կինոարտադրության, թանգարանների, պատմամշակութային հուշարձանների, գրահրատարակչության և մշակույթի կարևորագույն այլ ոլորտներում 2017-ին բազմաթիվ ձեռքբերումներ են գրանցվել: Հաջորդ տարի նախատեսվում է նոր կինոթատրոններ, գրախանութներ, թանգարաններ, վիզուալ էֆեկտների կենտրոն ստեղծել: Կատարված աշխատանքի և 2018 թվականի անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

- Պարոն Ամիրյան, ամփոփելով ձեր պաշտոնավարման մեկ տարին, կմատնանշե՞ք մշակութային ոլորտում այն հիմնական երեք ձեռքբերումները, որոնք գրանցվել են այս ընթացքում:

-Այն, ինչ հասցրինք և կարողացանք անել այս տարվա ընթացքում, դոմինանտ էին, կարևոր և անհրաժեշտ մեր աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Շատ եմ կարևորում մարզային մշակութային կյանքի առողջացումը «Մշակութային կանգառ» ծրագրի միջոցով: Նախագծի շրջանակում 426 միջոցառում իրականացվեց Հայաստանի ամենահեռավոր մարզերում: Կարողացանք ստեղծել նաև «ԱրԱր» ծրագիրը, որը գեներացրեց «Մշակութային կանգառ»-ը: Մենք գտանք մշակութային միավորներ ստեղծող մասնագետների, որոնց վճարում ենք և պայմանագրեր կնքում նրանց հետ: Նրանք ստեղծում են տարբեր մշակութային կոլեկտիվներ՝ երգի, պարի, գորգագործության, լուսանկարչության և այլն: Երկու ամսվա ընթացքում մենք ունեցանք 300-ից ավելի շահառուներ:

Տարվա ընթացքում այս նախաձեռնության շրջանակում իրականացվեցին 200 կինոցուցադրումներ: ՀՀ-ում Չինաստանի դեսպանության հովանավորչությամբ 4 շարժական կինոթատրոնների միջոցով մեր երկրի տարբեր գյուղերում, համայնքներում կինոդիտումներ անցկացվեցին: Սա էլ նախապատրաստեց մեկ այլ ծրագիր: Ցանկանում ենք հանրապետական կինոցանց ստեղծել: Ներկայումս մեր երկրում կա ընդամենը 5 կամ 6 կինոթատրոն. մեծ մասը՝ Երևանում:  Սակայն վերջերս «Պարադիզ» ընկերությունը 100 000 դոլար ներդրում կատարեց, և Գյումրիում բացվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնը: Այդտեղ գյումրեցիները կարող են դիտել այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են մայրաքաղաքի կինոթատրոններում:

Ցանկանում ենք 10-15 նոր կինոթատրոններ ստեղծել Հայաստանի տարբեր շրջաններում և հատուկ դիստրիբյուցիա իրականացնել դրանց համար: Եթե անդրադառնանք Հայաստանում կինոարտադրությանը, ապա պետք է փաստել, որ մեր երկրում ստեղծված ֆիլմը, ցուցադրվելով Հայաստանում գոյություն ունեցող 5-6 կինոթատրոններում, կարողանում է ընդամենը 80-90 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդ գումարի մեծ մասով հարկեր են վճարում, մնացյալը՝ այլ ծախսեր: Շահ չկա: Եթե չկա շահ, չկա որակ: Ստեղծագործական խումբը պետք է շահի: Հետևաբար` պետք է մեծացնել ներքին սպառման շուկան, որպեսզի նկարահանված ֆիլմը Հայաստանում կարողանա գոնե 150-200 մլն դրամի շրջանառություն ապահովել: Այդպես կբարելավի կինոնկարների որակը, անընդհատ նոր ժապավեններ կստեղծվեն, և հայկական կինոարտադրությունն էլ ավելի կբարելավի իր դիրքերը միջազգային շուկայում:

- Կարևորելով «Կինոյի մասին» օրենքի ընդունումը` հարցազրույցներից մեկում նշել եք, որ այն լայն հեռանկարներ կբացի արտաքին ներդրողների առաջ, կնպաստի Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը: Նախագծեր էին նախատեսվում ռուսական, իրանական և այլ շուկաների հետ: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

- «Կինոյի մասին» օրենքը շատ կարևոր է: Այն ներկայումս շրջանառվում է: Մենք փորձում ենք խրախուսել արտասահմանյան ֆիլմարտադրողներին: Համաձայն դրա՝ Հայաստանում 100 մլն դրամից ավելի ներդրում կատարած արտասահմանյան ընկերությունը հետ կստանա ներդրված գումարի 20 տոկոսը:

Ներկայումս նախնական պայմանավորվածություններ ունենք և՛ իրանական, և՛ չինական, և՛ ռուսական կինոարտադրողների հետ: Պարսկաստանում տարվա կտրվածքով գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում: Իրանի հետ համագործակցության առաջին փորձը «Եվա» ժապավենն  է:

Ցանկանում ենք Հայաստանում վիզուալ էֆեկտների և անիմացիայի կենտրոն ստեղծել, վիզուալ քաղաք: Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, անիմացիան բավականին զարգացած են, բայց չկա միասնական կառույց, և չի ստացվում աշխատել արտասահմանյան արտադրողների հետ: Հայտնվում են տարբեր երկրների միջնորդներ, որոնք գումարի մեծ մասը յուրացնում են: Եթե կարողանանք միավորել և լիցենզավորված ծրագրերով աշխատել հենց արտադրողների հետ, Հայաստանի համար շատ լուրջ եկամուտ կապահովենք:

- Ձեր ուշադրության կենտրոնում եք պահել նաև թանգարանային ոլորտը:

Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսվում էր 360 աստիճան վիրտուալ թանգարան բացել: Գյումրիում փոստի թանգարաններ ստեղծել: Այդ նպատակով ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-360 աստիճան թանգարանում հայ կերպարվեստի հրաշալի նմուշները կցուցադրվեն 360 աստիճան համակարգով՝ համադրված հայ դասական երաժշտության հետ: Թանգարանի բացման համար խոշոր ներդրումներ են հարկավոր: Այդ ուղղությամբ դեռ բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ:

Ընդգծեմ, որ 2017-ին մշակույթի բնագավառում մասնավոր ներդրողների կողմից կատարվել է մեկ մլն դոլարից ավելի ներդրում: Դա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ:

Գյումրու Վարդան Աճեմյան 5 հասցեում կա մի հուշարձան, որի մի մասում գործում է տեղի մարզային հրաշալի գրադարանը: Շենքի մնացյալ հատվածը բաժանված է երկու մասի: Մի հատվածում, ըստ պայմանավորվածության, 2018-ին կառուցվելու է հայկական և ռուսական փոստի թանգարան: Մնացյալ մասում հետագայում կստեղծվեն երկու թանգարաններ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը և երկրաբանական թանգարանը: Վերջիններիս վերաբերյալ դեռ բանակցություններ են իրականացվում:

- 2017-ին նախատեսված էր 7 պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնել: Գո՞հ եք արդյունքից: Հաջորդ տարի ո՞ր պատմամշակութային համալիրներն են ամրակայվելու:

- Այս տարի լրագրողների հետ միասին շրջայց կատարեցինք 7 պատմամշակութային հուշարձաններում (Արտավազիկ, Սանահին, Քոբայր և այլն), որոնք վերականգնման փուլում են: Տեսանք, որ շինարարների անբարեխիղճ աշխատանքի, մրցույթների վատ կազմակերպման և այլ պատճառներով աշխատանքները դեռ ընթանում էին: 2017-ին նշված ծավալները պետք է ավարտել մինչև 2018-ի հունիսը, այնուհետև կշարունակվեն 2018 թվականի ծավալները: Մրցույթը կհայտարարվի հունվարի 15-ին:

Պարզապես կա վատ ավանդույթ, երբ մրցույթին մասնակցող կազմակերպությունը, որն օբյեկտիվ պատճառներով չի շահում, բողոքարկում է, և դա մեկ-երկու ամսով կարող է հետաձգել աշխատանքը: Այդ պատճառով պետական աշխատանքի ծավալները կարող են կանգնել, մինչև այդ բողոքը քննարկվի, և պարզ դառնա՝ ով է ճիշտ և այլն: Հուսամ՝ այս տարի նման բան չի լինի:

Ընդգծեմ՝ այսուհետ հեղինակային և տեխնիկական վերահսկողությունից բացի, բոլորս կարող ենք կատարվող աշխատանքներին հետևել նաև շինհրապարակում տեղադրվելիք երեք տեսախցիկների միջոցով: Համագործակցելու ենք հոգևոր սպասավորների հետ, որոնք նույնպես հետևելու են շինարարության ընթացքին: 2018-ին վերականգնման փուլում գտնվող յոթ համալիրներին կմիանան ևս յոթը:

- Կխնդրեի անդրադառնալ գրահրատարակչության բնագավառին, նոր գրախանութների բացմանը, գրքերի թվայնացմանը:

- Այս տարի փոխվեցին նաև գրքի պետական պատվերի և աջակցության ծրագրերը: Պետական աջակցության ծրագիրն իրականացրեցինք Երևանյան գրքի փառատոնի շրջանակում: Սա աջակցություն է ուղիղ գրողին, նա է ընտրում իր հրատարակչին: Փառատոնին բաց, թափանցիկ մրցույթի արդյունքում եղան հաղթողներ, որոնք տարբեր գումարային մրցանակներ ստացան: Այդ գումարները կուղղվեն հեղինակների գրքերի հրատարակմանը:

Թվայնացման ծրագիրը Հայաստանում որոշակի տոկոսայնությամբ է առաջ գնում: Եվրոպական երկրներում գրականության մոտ հիսուն տոկոսը թվայնացված տարբերակով է հրատարակվում: Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել, սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև հաշմանդամների համար նախատեսված գրականությանը:

Ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ գրադարանների դեպքում պետք է գրականության սպառման ցանցը մեծացնել: Հաջորդ տարի կավարտենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դիմաց կառուցվող հսկայական գրախանութը: Այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, երեխաները կարող են լավ ժամանակ անցկացնել, ընթերցել, մուլտֆիլմեր դիտել: Այն նոր մոդելի գրախանութ կլինի:

Ցանկանում ենք Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի ճեմասրահում և ձմեռային այգում առաջիկայում հետաքրքիր գրախանութներ բացել:

Գրաբուսների ծրագիրն եմ շատ կարևորում: 2018-ին Հայաստանի տարբեր մարզերում տասը գրաբուսներ կշրջեն: Գրաբուսներում գրքերը երեսուն տոկոս զեղչով կվաճառվեն: Դրանք նաև գրադարանային ծառայություններ կմատուցեն: Սա գրքի հանրահռչակման լավագույն տարբերակն է:

- Չնայած կատարված լայնածավալ աշխատանքներին` այնուամենայնիվ հնչում են քննադատություններ: Ինչպե՞ս եք վերաբերում դրանց:

- Բնական եմ համարում քննադատությունները: Դրանք մեր շարժիչ ուժն են. տեղի թե անտեղի, չնայած անտեղի չի լինում, քանի որ յուրաքանչյուր մարդ ճշմարտությունը տեսնում է իր մտածողության սահմաններում, ուստի դատելու իրավունք չունեմ: Եթե աշխատում ես, եթե փորձում ես շտկել ինչ-որ բնագավառ, ապա անպայման անցնում ես որոշակի սահմաններ, կոտրում կարծրատիպեր: Դա էլ կարող է հանգեցնել քննադատության:

- Պարոն Ամիրյան, մոտենում են տոները: Որտե՞ղ, ի՞նչ միջավայրում եք պատրաստվում նշել Ամանորը:

 - Կարծում եմ՝ Նոր տարին ընտանեկան տոն է: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարին Ամանորը նշելու եմ կնոջս, երեխաներիս, նաև թոռնիկիս հետը, որը նոր է լույս աշխարհ եկել: Բոլորին հաջողակ տարի եմ մաղթում:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]