Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 
պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի և երկխոսության զարգացումը, խորհրդարանականների ակտիվ փոխայցելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկացված է հանձնաժողովի երևանյան նիստի բովանդակալից օրակարգի մասին և հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն տարբեր բնագավառներում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Նախագահը կարևորել է հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումների, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը տրված բարձր գնահատականը, ինչպես նաև ԼՂ հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշման արտահայտումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությանը:

Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության, միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությանը տված գնահատականի և իրենց հետ հանդիպումների ժամանակ անկեղծ ու բաց երկխոսության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ընդունված հայտարարության դրույթներին, ինչպես նաև համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին օրենսդրական դաշտում և մի շարք ուղղություններով բարեփոխումների մասով: 

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am