Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից՝ ՄԹ-ի արտաքին հարաբերությունների եւ համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Արա Բաբլոյանն ընդգծել է թե՛ պատգամավորների, թե՛ աշխատակազմի հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող սեմինարների կարեւորությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացմանը եւ վերահսկողական մշակույթի ձեւավորմանը:

ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ փաստել է, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող երկրի աջակցությամբ: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, սակայն քայլ առ քայլ առաջ ընթանալով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ մեծ է Հայաստանի հետ համագործակցելու, խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ցանկությունը: Դեսպանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների եւ կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին, կարծիք է հայտնել, որ այն կօգնի աշխատակազմին ավելի արդյունավետ աշխատել եւ կազմակերպել գործունեությունը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ տարիներ հետո ՀՀ Ազգային ժողովն առչնվելու է նույն մարտահրավերներին, ինչ այսօր բրիտանական խորհրդարանը: Դեսպանը կարեւորել է իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե այս կամ այն օրենքի նախագծի հիմքում ինչ արժեքներ են դրված:

Ջուդիթ Ֆարնուորթի գնահատմամբ՝ ակնհայտ է առաջընթացը Հայաստանում. դրական ազդակներ են ստացվում, եւ աշխարհում բարձրացել է երկրի վարկանիշը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համագործակցության ծրագրին վերաբերող կազմակերպչական հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am