Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի թիվ 91 մանկապարտեզը նոր շունչ ու տեսք է ստացել. տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացումը

Երևանի թիվ 91 մանկապարտեզը նոր շունչ ու տեսք է ստացել. տեղի ունեցավ 
մանկապարտեզի պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի թիվ 91 մանկապարտեզի սաները ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին դեկտեմբերի 20-ին ներկա գտնվեցին հիմնովին նորոգված շենքի պաշտոնական բացման արարողությանը։

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անունը։ Նոր տեսք ու շունչ ստացած կրթօջախում ներկայումս սովորում է 230 երեխա։

«Փոքրիկ երկիր»-ն ունի գեղեցիկ մանկական անկյուններ, 7 խումբ, որտեղ սովորում են ավագ, միջին և կրտսեր տարիքի երեխաներ։ Ամեն խումբ ունի իր անունը՝ կենդանիներ, ծաղիկներ, թիթեռներ, փափուկ խաղալիքներ, թռչուններ։ Նախատեսվում է բացել նաև 8-րդ խումբը։

Մանկապարտեզի սաներից Եվան, ով 5 տարեկան է, շատ ոգևորված էր շենքի նոր տեսքով և ուրախ էր այնտեղ սովորել։

«Ես մանկապարտեզը շատ եմ սիրում, այստեղ շատ խաղեր ենք խաղում։ Ամենաշատը սիրում եմ բժշկական խաղեր խաղալ։ Բացի մանկապարտեզից, պարի եմ հաճախում ու, երբ մեծանամ, ուզում եմ պարուհի դառնալ»,- ասում է փոքրիկ Եվան։

Իրար հերթ չտալով մյուս երեխաներն էլ իրենց զբաղմունքների ու ապագա մասնագիտությունների մասին են խոսում։ Մեկը ցանկանում էր բժիշկ դառնալ, մյուսը երգչուհի, երրորդն էլ դերասան։

Բոլոր խմբերում շրջելուց հետո հերթը հասավ նաև բուժկետին, որը երեխաները շատ են սիրում, քանի որ այնտեղ իրենց վիտամիններ են տալիս, ապա՝ ներկաներն առաջանում են  դեպի խոհանոց, հետո՝ սպորտ դահլիճ, որտեղ երեխաները մեծ հաճույքով են ժամանակ անցկացնում։

«Փոքրիկ երկրի» սաները շատ են սիրում նաև դեկորատիվ կիրառական արվեստի սենյակը, որտեղ երեխաները օրվա երկրորդ կեսին ստեղծագործում են։

«Այս դասընթացների միջոցով երեխաների մոտ ձևավորվում է գեղագիտական ճաշակ՝ ընկալելով և զգալով տեսնել գեղեցիկը։ Բոլորին ցուցաբերվում է անհատական մոտեցում և նրանք էլ շատ սիրով են աշխատում»,- նշեց դեկորատիվ կիրառական արվեստի դաստիարակ Ժենյա Վարդանյանը։ 

Մանկապարտեզի դիզայնը որոշել և դեկորներն իր ձեռքով է պատրաստել ՀՀ առաջին տիկինը. ասում է՝ եթե ուզում ես լավ լինի՝ ինքդ արա։

«Ցանկանում եմ, որպեսզի այս հեքիաթը, որ մենք նվիրել ենք փոքրիկներին՝ ուղեկցի իրենց ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծեց Ռիտա Սարգսյանը։

Բոլոր երեխաներին ՀՀ առաջին տիկինը առողջություն մաղթեց, խաղաղ երկինք։

Երևանի թիվ 91«Փոքրիկ երկիր» մանկապարտեզի տնօրեն Նելլի Ոսկանյանը, ով արդեն 9 տարի է ղեկավարում է այդ կառույցն, ասաց, որ հին շենքը շատ անմխիթար ու վատ վիճակում էր գտնվում։

«Մանկապարտեզի ներկայիս տեսքը դարձել է ջերմ, լուսավոր, հրաշալի, հեքիաթային անկյուններով, գեղեցիկ տեսարաններով։ Մոտ 5 ամիս տևած աշխատանքներից հետո նոյեմբերի 1-ից կրկին բացվել ենք։ Այս մանկապարտեզը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում, անվճար է և հասանելի բոլոր երեխաների համար։ Պետք է հերթագրվեն, հերթը հասնի և փոքրիկը կարող է հաճախել մեզ մոտ»,- նշեց Նելլի Ոսկանյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]