Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մեր երազանքի ճանապարհ» ֆիլմն անդրադառնում է անկախության 25-ամյա ուղին անցած հերոսների ճակատագրերին

«Մեր երազանքի ճանապարհ» ֆիլմն անդրադառնում է անկախության 25-ամյա ուղին անցած հերոսների ճակատագրերին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարև, սիրելիս»,«Ֆա», «Ձյուն», «Սիմոնի ճամփան», «Հայրը», «Մեղրամիս», «Սեր, երազանքներ» յոթ նովելից  բաղկացած «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմի  հիմքում սիրո, ընկերության, հավատարմության գաղափարներն են: Ռեժիսորներն են Արամ Շահբազյանը, Արկա Մանուկյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը,  Հրաչ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը, Մհեր Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները ժապավենը դիտելու, ռեժիսորների հետ զրուցելու հնարավորություն ունեցան դեկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Մեղրամիս» կինոնկարի ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով՝ իրեն ոգևորել է ֆիլմի սցենարը, քանի որ հերոսները չափազանց իրական են: «Նրանք հուզախառն են, երբեմն ծայրահեղ, փորձում են վատ երևույթներում անգամ դրականը տեսնել: Իմ ներկայացրած պատմությունն ունի նուրբ շերտեր: Ընդգծել եմ, որ ցանկության դեպքում կարելի է մեր շուրջը ռոմանտիկ աշխարհ ստեղծել. կարևորը սերն է»,-ասաց նա:

Արամ Շահբազյանի «Բարև, սիրելիս» կինոնկարում վառ արտահայտված են զինակիցների փոխհարաբերությունները մարտի դաշտում, նվիրվածությունը միմյանց նկատմամբ, կորստի անամոք ցավը, հավատն առ ապագան: Ժապավենի հիմքում Լևոն Շահնուրի «Լուսին կերած նորածինը» պատմվածքն է:

«Հայրը» ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շեշտեց, որ իր ֆիլմով ցանկանում է մատնանշել, որ պետք է միշտ հիշել մեր արմատները, մեր ծնողներին ու միշտ սիրել նրանց:

Յոթ ռեժիսորներից ամենաերիտասարդը՝ Արեն Մալաքյանը, ասաց՝ շատ ուրախ է, որ իրեն տրվել է հնարավորություն  իր ժապավենը ներկայացնել արդեն իսկ հասուն ու կայացած ռեժիսորների ֆիլմերի կողքին: ««Ձյուն»  կինոնկարի պատմությունն իմ անձնական պատմությունն է:  Իմ պապի հետ կապված հուշերով փորձեցի կիսվել ձեզ հետ»,-նշեց Մալաքյանը:

«Սիմոնի ճամփան» ֆիլմի գլխավոր դերակատար Շանթ Հովհաննիսյանն ասաց, որ շատ հուզիչ և խորիմաստ կինոնկար է ստացվել: «Այն ներկայացվել է տարբեր կինոփառատոններում ու հաջողություն է արձանագրել: Բարի երթ եմ մաղթում նաև մյուս ժապավեններին»,-շեշտեց դերասանը:

«Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի նախաձեռնությունը պատկանում է «Շարմ Հոլդինգ»-ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և DMH studio-ին:

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանի խոսքով՝  ռեժիսորների առաջ խնդիր դրված չի եղել համախմբել մեկ գաղափարի շուրջ:

«Ֆիլմը կոչվում է «Մեր երազանքի ճանապարհը», և այն պատմում է անկախության 25 տարվա մասին: Ապրած կյանքը լի էր տարբեր հույզերով՝ սեր, տագնապ և այլն:  Յուրաքանչյուր ռեժիսոր իր մոտեցումը, իր տեսակետն է արտահայտել կարճամետրաժ կինոնկարներում, և հանդիսատեսը մեկ ֆիլմում կարող է տեսնել Հայաստանի  25 տարվա ողջ գունապնակը»,-եզրափակեց պրոդյուսերը:

Կինոնկարը հանդիսատեսին պատմում է ամենապարզ ճշմարտությունների,  մարդկային կարևորագույն արժեքների՝ անձնազոհության, միմյանց աջակից լինելու, արյան կանչի, սիրո ու ջերմության, նոր ընտանիքի ստեղծման և պայծառ երազանքների մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]