Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աղետներին արձագանքման կարողություններով Հայաստանը բավական լավ դիրքերում է. նախարար Տոնոյանի հարցազրույցը

Աղետներին արձագանքման կարողություններով Հայաստանը բավական լավ դիրքերում 
է. նախարար Տոնոյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփել է անցնող տարին, ներկայացրել արձանագրված ձեռքբերումներն ու լուծման կարիք ունեցող խնդիրները, անտառային հրդեհներին ավելի օպերատիվ արձագանքելու և դրանց դիմակայելու անհրաժեշտ քայլերը, փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը և դրա արդիականացման աշխատանքները:

-Պարոն նախարար, խնդրում եմ ամփոփել անցնող տարին. Տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-2017 թվականին, երբ նշանակվեցի Արտակարգ իրավիճակների նախարար, ուսումնասիրելով արտակարգ իրավիճակների նախապատրաստման, արձագանքման և կառավարման ոլորտները՝ հասկացա, որ գործ ունեմ մշտապես կատարելագործվող և զարգացող համակարգի հետ, ուստի պետք է ապահովեմ նախարարության շարունակական արդիականացումն ու կատարելագործումը:  

Բնական և մարդածին աղետներից երկիրը պաշտպանելու համակարգը գործում է 2 հիմնական ուղղությամբ՝ աղետների ռիսկի նվազեցում և արձագանքման ու վերականգնողական կարողությունների զարգացում: 2017 թվականի մեր գործողությունների առաջնահերթությունները գծագրել և իրականացրել ենք վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում: Աշխատանքներ են տարվել Քաղաքացիական պաշտպանության ոլորտում. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի առավել խոցելի 12 համայնքում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր։ Հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարահանման միջոցառումներին աջակցման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար: Նախատեսվում է ևս 8 հենակետ ստեղծել Տավուշի մարզի Վազաշեն, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր, ՀՀ Վայոց Ձորի մարզի  Չիվա, Խաչիկ, Բարձրունի և Խնձորուտ համայնքներում:  Մեծ աշխատանքներ են տարվել նաև  բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ: Փուլ առ փուլ հանրապետության մարզերում տեղադրվում են ժամանակակից ազդարարման սարքավորումներ:

Նախարարությունում առկա խնդիրները, որոնք հիմնականում  կապված են անձնակազմի տեխնիկական հագեցվածության հետ փորձում ենք լուծել միջազգային համագործակցության միջոցով, որը տարվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրել: Սերտացել է փոխգործակցությունը Եվրամիության, ԱՄՆ, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների նախարարության, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի, Իտալիայի և Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպությունների հետ:

Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին արձագանքման գործընթացում Հայաստանն այսօր միջազգային փորձը կիրառելուց և «սպառելուց» զատ նաև երբեմն հանդես է գալիս «առաջարկողի» դերում: 

-Պարոն Տոնոյան, անցնող տարվա ընթացքում հանրապետության տարբեր անտառներում խոշոր հրդեհներ բռնկվեցին, որոնք հանրության շրջանում լայն քննարկումների առիթ տվեցին: Հատկանշական է հատկապես Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նման իրավիճակներում ավելի օպերատիվ արձագանքելու և նմանատիպ աղետներին դիմակայելու հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ:

-2017 թվականին Հայաստանի Հանրապետության անտառային տարածքներում բռնկված հրդեհների  արձագանքման ոլորտում արձանագրված թույլ կողմերի վերլուծության արդյունքում, մշակվել է ՀՀ անտառային տարածքներում հրդեհային անվտանգության ապահովման բարելավմանն ուղղված միջոցառումների պլան-ժամանակացույց և ներկայացվել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը:

Աշխատում ենք նաև ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի հետ, որը Հայաստանում է՝   փորձագիտական աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև՝ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը: Առաջիկայում ԱՄՆ փորձագիտական խումբը կներկայացնի Հայաստանի անտառներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

-Աղետների ռիսկերի գնահատումը և արդյունավետ կառավարումը կարևորագույն նախապայմաններից են երկրի կայուն զարգացման համար: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ անելիքներ կան:

-Աղետների ռիսկի գնահատումն անընդհատ իրականացվող գործընթաց է, առանց որի անհնար է աղետների ռիսկերի արդյունավետ կառավարում իրականացնել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ  2017 թվականի ապրիլի 6-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը», որի նպատակն է զարգացնել երկրի՝  աղետների ռիսկին  դիմակայունությունը:  Ինչպես նաև՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը և մշակման ուղեցույցը», որն ուղղված է  համայնքում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանն ու զարգացմանը և խթան կհանդիսանա համայնքների զարգացման ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման հիմնահարցերի ինտեգրման համար:

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համարվում է երկրի ամենակայացած կառույցներից մեկը: Կխնդրեի ներկայացնել փրկարար ծառայության կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքները: Առաջիկայում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը նոր տեխնիկայով համալրելու ի՞նչ ծրագրեր կան:

-Իսկապես, աղետներին արձագանքման փորձով և կարողություններով Հայաստանն այսօր բավական լավ դիրքերում է՝ շնորհիվ նաև փրկարար ծառայության կայացած համակարգի: ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է, ինչը նշանակում է միջազգային չափանիշներին համապատասխան պատրաստված փրկարարական կազմ, ժամանակակից տեխնիկա: Այս ամռանը ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերեց Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մոտ 1 շաբաթ դժվարամատչելի վայրերում պայքար մղեցին անտառային հրդեհի դեմ՝ կանխելով կրակի տարածումը մոտակա բնակավայրեր:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը ժամանակակից փրկարարական նոր տեխնիկայով համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է  Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ, արդյունքում՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում 2019 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Սյունիք մարզերի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կհամալրվեն 39 նոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով:

Նշեմ նաև, որ ԵՄ բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար կիրառում և ճանաչում ունեցող 112 ահազանգման համարը, այսուհետ 911-ին զուգահեռ կգործարկվի նաև Հայաստանում: Այն հեշտ կիրառելի է հատկապես Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար:

-Պարոն նախարար, խնդրում եմ հակիրճ ներկայացրեք Հայաստանի տարածքում ձևավորված հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կենտրոնն արդիականացնելու ուղղությամբ և առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

-Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է տարածաշրջանային մակարդակում արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Կենտրոնը համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Կենտրոնի մյուս կարևոր խնդիրներից է նաև տարբեր մասնագիտացում ունեցող հայ  փրկարարների ուսուցումն ու վերապատրաստումը՝ այդ թվում՝ ՌԴ լավագույն ԲՈՒՀ-երում:

Հայ-ռուսական համագործակցությունը՝ ուղղված կենտրոնի զարգացմանը, թևակոխել է ակտիվ փուլ և կշարունակի խորանալ հետագայում ևս՝ բարձրացնելով կողմերի կարողություններն այս ոլորտում:

Համաձայն ՌԴ և ՀՀ միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ 2017թ.-ին կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար նախատեսվող գույք և տեխնիկա, հրշեջ-փրկարարական ամենագնաց մեքենաներ, սեյսմիկ ռիսկերի գնահատման եզակի տեխնիկա՝ «Струна-2» գերժամանակակից համակարգը, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում միակն է:  

Հարցազրույցը՝ Շանթ Խլղաթյանի  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]