Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուսալի գործընկեր, միջազգային մեդիա-դաշտում ՀՀ-ի խոսափող. մտավորականները շնորհավորում են «Արմենպրես»-ի 99-ամյակը

Հուսալի գործընկեր, միջազգային մեդիա-դաշտում ՀՀ-ի խոսափող. մտավորականները 
շնորհավորում են «Արմենպրես»-ի 99-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում «Արմենպրես»-ի՝ որպես հուսալի գործընկերոջ, ազգանվեր գործունեությունը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով «Արմենպրես»-ին լրատվական գործունեության 99-ամյա տարեդարձի առթիվ, նշել է, որ այն մշտապես ակադեմիայի կողքին է՝ պարբերաբար անդրադառնալով նրա գործունեությանը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր հուսալի գործընկերոջ ազգանվեր գործունեությունը: Մաղթում ենք «Արմենպրես»-ին նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Վստահ ենք, որ ապագայում «Արմենպրես»-ը կիրականացնի Հայաստանի գիտության և կրթության զարգացմանը նպաստող նորանոր հետաքրքիր տեղեկատվական ծրագրեր»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադեմիայի նախագահը կարևորել է նաև «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնի աշխատանքը:

«Արմենպրես»-ի հետաքրքրությունը Հայաստանի գիտության խնդիրների,  հաջողությունների նկատմամբ նպաստում է հայ գիտնականների աշխատանքների ճանաչմանը: Մեր գիտնականները պարբերաբար հյուրընկալվում են «Արմենպրես»-ի մամուլի սրահում` ներկայացնելով  գիտական նորարարությունները, հետազոտությունների արդյունքները, փորձագիտական գնահատականները Հայաստանի և ամբողջ աշխարհի իրադարձությունների և արդի հարցերի վերաբերյալ: Մաղթում ենք նորանոր հաջողություններ»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ամենաբարի ցանկություններով, լուրջ ակնկալիքներով ու ջերմ մաղթանքներով «Արմենպրես»-ին իր շնորհավորական խոսքն է ուղղում ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

«Միշտ և այսօր լրատվության անաչառությունն ու սկզբունքայնությունը հրատապ և անհրաժեշտ պայման է՝ մեր հասարակական կյանքում մշակութային, սոցիալական և քաղաքական հարցերը ճիշտ հասկանալու, քննարկելու, նաև լուծումներ գտնելու ճանապարհին: Պատրաստված և գրագետ լրագրողը նաև հասարակության դեմքն է՝ կյանքի իրական նկարագիրը հասկանալու համար: Այս համոզմունքով ցանկանում եմ Ձեզ բարձր պատրաստվածություն, անաչառություն, սկզբունքայնություն և, իհարկե, հաջողություններ»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատանքը բարձր է գնահատում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն՝ ընդգծելով, որ այն մեր պետության խոսափողն է երկիր մոլորակի լրատվական դաշտում:

«Արմենպրես»-ը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է և ուղեկիցը: Հաջորդ տարի` 2018-ին այն կնշի իր մեկ դարը, իսկ այսօր շնորհավորում ենք մեր ազգային լրատվական գործակալության 99-ամյակը: Ստեղծվելով իբրև հայոց առաջին անկախ հանրապետության հեռագրական գործակալություն, ապա վերանվանվելով «Արմենպրես», այն դարձավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական, քաղաքական, տնտեսական ու մշակութային լուրերի գլխավոր տարածողը երկիր մոլորակում: Այսօրվա հարափոփոխ աշխարհում, լրատվական հեղեղի պայմաններում էլ ավելի է կարևորվում ազգային լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի դերն ու նշանակությունը: Այն մեր պետության մշտագո խոսափողն է երկիր մոլորակի լրատվական դաշտում, մեր մունետիկն է, որ հնչեցնում է Հայաստան երկրի ու ժողովրդի ձայնը բազմագույն ու բազմալեզու աշխարհում: Զարգացում, հզորացում, արդյունավետ համագործակցություն ու նորանոր հաջողություններ եմ մաղթում  հայրենի գլխավոր լրատվական գործակալությանը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]