Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Արտաշես Գեղամյան. Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ (Մաս 2)


2002թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Արմեն Գալոյանը, Գալուստ Գալոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Էմիլ Գաբրիելյանը և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Սլավիկ Պարոնյանը (2013-ից՝ ՀՀ ժողովրդական նկարիչ) միջնորդությամբ դիմեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ Մաշտոցի պողոտայի 39/12 շենքի պատին հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին։ Հաշվի առնելով Երևան քաղաքի Խորհրդի 23.09.2002թ. N 13/1 որոշումը՝ 2002թ. սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունեց N 1655 Ա՝ «Մամիկոն Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվության մասին» որոշումը, որում ասվում է. «թույլատրել կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրումը Մաշտոցի պողոտայի հ. 39/12 շենքի պատին»։ Գրանիտե հուշատախտակին գրված է. «Այս տանը 1947-2002թթ. ապրել է հայտնի պետական և կուսակցական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը»։

Մամիկոն Գեղամյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին «Արմենպրեսը» հրապարակում է նրա որդու՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի առանձին հուշերն իր հոր մասին։ 

Հիանալի է, չէ՞, երբ գործընկերոջդ խիզախ արարքը չի մոռացվում։ 1961թ. օգոստոսի 22-ին Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Բյուրոյի երաշխավորությամբ ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար։ Չեմ պատմի այն տարիների աշխատանքային ծանր առօրյայի մասին, որպեսզի չձանձրացնեմ ընթերցողներին։ Այլ կպատմեմ լոկ որոշ հետաքրքրական պատմություններ։ Եվ այսպես, 1965թ. մարտին սկսվեց լիամասշտաբ պատերազմը Վիետնամում։ Խորհրդային Միությունում ամենուրեք վիետնամցի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքներ էին անցկացվում։ Բնականաբար, Հայկական ԽՍՀ աշխատավորները նույնպես անմասն չմնացին և իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ագրեսորի (ԱՄՆ-ի) ու իրենց համերաշխությունը հայտնեցին Վիետնամի ժողովրդին։ Կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Գեղամյանի աշխատասենյակում առավոտ կանուխ հեռախոսազանգ է ստացվում ՀԿԿ Կենտկոմի ապարատից՝ Ապարանի շրջկենտրոնում և գյուղերում եղբայրական վիետնամական ժողովրդի հետ համերաշխության հանրահավաք կազմակերպելու համառ խնդրանքով։ Գարնանային դաշտային աշխատանքների եռուն ժամանակն էր, և ուրիշ էլ ով, եթե ոչ շրջկոմի առաջին քարտուղարը բոլորից լավ կիմանար, որ յուրաքանչյուր կորսված օր կարող է թանկ նստել գյուղացիների վրա, ու ոչ մի կերպ չպետք է նրանց այդ օրերին կտրել ախատանքից։ Երեք-չորս ժամ չանցած՝ ՀԿԿ Կենտկոմի ապարատի պատասխանատու աշխատողը, չսպասելով անցկացված հանրահավաքների մասին զեկույցին, զանգահարում է Մ.Գեղամյանին։ Եվ ուղղակի ասենք՝ «հիասթափվում» է, որ այդքան փորձառու կուսակցական աշխատողը արդարանալու պատճառներ է փնտրում՝ խոստանալով Ապարանի ամբողջ շրջանում համերաշխության հանրահավաքները կազմակերպել միայն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Եվ ահա, տասնհինգ-քսան րոպե չանցած՝ այդ նույն մարդն արդեն հոխորտալով ասում է, որ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի ղեկավարությունը և Կենտկոմի նրանց կուրատոր քարտուղարը տարակուսած են Մ.Գեղամյանի իներտ պահվածքից և նրանից զեկույց են սպասում։ Անցնում է ևս մեկուկես ժամ, և նորից հեռախոսազանգ այդ նույն մարդուց ու նույն հարցով։ Հիմա արդեն շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Գեղամյանն է սկսում կշտամբել Կենտկոմի աշխատողին, որ սա իր գլխին մեծ փորձանք է բերել, այն է. շրջանում ամենուրեք Վիետնամի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքներ են անցկացվել, և հիմա մարդիկ ողջ շրջանից գնում են դեպի շրջկենտրոն՝ պահանջելով զինել իրենց և ուղարկել վիետնամական ռազմաճակատ։ Ընդ որում, նախազգուշացնում է Մ.Գեղամյանը, նրանց պահանջները համառ են և չկատարվելու դեպքում կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Լսածից խիստ թևաթափ եղած սույն գործիչը, իր անմիջական ղեկավարության «գլխի վրայից թռչելով», այդ մասին անհապաղ զեկուցում է ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղար, հումորի նուրբ զգացողության տեր, խորագիտակ Ռոբերտ Հրաչի Խաչատրյանին։ ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի հեռախոսազանգը հորս «գտնում» է կոլտնտեսային դաշտերից մեկում, դեպի ուր շնչակտուր վազ էր տվել կապի տեղի բաժանմունքի վարիչը՝ ասելով, որ գծի մյուս ծայրում Կենտկոմի քարտուղարն է։ Կապավորները Ռոբերտ Հրաչևիչին միացնում են Մ.Գեղամյանի հետ։ Նա հորիցս հետաքրքրվում է, թե ինչպես են ընթանում գարնանային դաշտային աշխատանքները, ինչո՞վ կարող է Կենտկոմն օգտակար լինել։ Լսելով հորս պատասխանները՝ Ռոբերտ Հրաչևիչը խոսակցության ավարտին հպանցիկ ասում է. Մամիկոն ջան, խնդրում եմ, աշխատանքից հետո միտինգներ կազմակերպիր և վերջ տուր մեր երիտասարդ աշխատողներին ծաղրելուն։ Այն ժամանակ դեռ փակ հեռախոսակապ չկար, և Կենտկոմի քարտուղարի զրույցը լսում են շրջանի կապի բաժանմունքների բոլոր վարիչներն ու հեռախոսավարուհիները։ Նույն օրը երեկոյան շրջկենտրոնում կազմակերպվում է Վիետնամի մարտնչող ժողովրդի հետ համերաշխության հանրահավաք, որի մասնակիցներից շատերն իրոք խնդրում էին իրենց կամավոր գրել և ուղարկել կռվելու վիետնամական ռազմաճակատում։

ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի՝ հորս ուղղված հանդիմանությունը՝ «չծաղրել» Կենտկոմի շատ կամակոր հրահանգիչներին, հիմքեր ուներ։ Մի քանի ամիս առաջ՝ 1964թ. աշնանը, բերքահավաքի թունդ պահին, ՀԿԿ Կենտկոմի գյուղբաժնի ղեկավարներից մեկը «հանձնարարում» է կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարին օրը երկու անգամ զեկուցել հավաքված բերքի մասին։ Այս հրահանգը շրջկոմի առաջին քարտուղարին ստիպում է կտրվել տեղերում իրականացվող բերքահավաքից, վերադառնալ աշխատասենյակ և տեղեկացնել Կենտկոմի «անհաջող» պատասխանատու աշխատողին, որն օրը երկու անգամ հետաքրքրվում է խնդիրներով և Կենտկոմի կողմից հնարավոր օգնության հարցով։ Այդ աշխատողն, ըստ երևույթին, վերջում զզվեցրել էր հորս իր պնդաճակատությամբ, և այն հարցին, թե ինչով կարող է Կենտկոմն օգտակար լինել, Մամիկոն Արտաշեսովիչը տրտնջացել էր, թե կրծողների պատճառով բերքի մի մասը կորչում է։ Անմիջապես հաջորդում է հարցը. իսկ կուսակցական ակտիվն ի՞նչ գործողություններ է ձեռնարկում կրծողների դեմ պայքարում։ Հայրիկիս պատասխանն սպասել չի տալիս. կուսակտիվը հավաքագրել է շրջանի գործունակ բոլոր կատուներին և կազմակերպչական կարգով նրանց առավոտվանից դաշտեր ուղարկել։ Հեռախոսի մյուս ծայրում հնչում են խրախուսիչ խոսքեր և հարց. ուրեմն, բանն ի՞նչ է։ Մամիկոն Արտաշեսովիչը դժգոհում է, որ առկա կատուները գործը գլուխ բերել չեն կարողանում սակավաթվության պատճառով, իսկ, ա՛յ, հարևան Աշտարակի շրջանում կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Հրաչիկ Սիմոնի Իկիլիկյանը չի ցանկանում իրենց տալ ավելցուկ կատուներին։ Գյուղբաժնի վարիչի տեղակալը, նախ, հեռախոսով արդեն ամրագրում է տեղայնության դրսևորման փաստը Հ.Իկիլիկյանի կողմից, և երկրորդ՝ հետաքրքրվում է, թե որտեղից է Աշտարակի շրջանում կրծողների դեմ մարտնչողների ավելցուկ գոյացել։ «Դե, նրանք կատուներ բուծող ֆերմա ունեն»,- հակադարձում է Մամիկոն Արտաշեսովիչը։ Իր հեռախոսազրույցի մասին նա անմիջապես պատմում է Հրաչիկ Սիմոնովիչին, որին նույնպես զզվեցրել էր այդ նույն մարդը։ Սակայն Կենտկոմի գյուղբաժնի վարիչի տեղակալն օպերատիվությամբ չէր զիջում, և անմիջապես զանգահարում է կուսակցության Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար Հ.Իկիլիկյանին՝ համառ պահանջով. կատուներ տալ հարևան Ապարանի շրջանին։ Հրաչիկ Սիմոնովիչից չոր մերժում ստանալով՝ սույն պարզմիտ գործիչն իր հեռախոսազրույցների մասին անմիջապես զեկուցում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, գյուղատնտեսության լավագույն և տաղանդավոր կազմակերպիչ Մհեր Սեմյոնի Մելքոնյանին։ Լավ ճանաչելով հորս և Հրաչիկ Սիմոնովիչին՝ Մհեր Սեմյոնովիչը սահմանափակվում է մի երկու խոսքով, որոնց բովանդակությունը հանգում էր նրան, որպեսզի այդ «տխմարն» էլ չզանգահարի ոչ Գեղամյանին, ոչ Իկիլիկյանին։ Այս լուրը հաշված ժամերի ընթացքում տարածվում է Հայաստանի Կոմկուսի բոլոր շրջկոմներում, որոնց առաջին քարտուղարները նույնպես հիացած չէին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ապարատի՝ ամեն տեսակ վիճակագրություն հավաքողների անպտուղ հեռախոսազանգերով։

Տարիներ հետո հայրս և Հրաչիկ Սիմոնովիչը ծիծաղում էին՝ հիշելով, թե ինչպես էին գվվում իրենց հեռախոսները գործընկերների զանգերից, ովքեր ձգտում էին հայտնվել հատկապես Աշտարակի շրջանում՝ կատվաբուծական ֆերմայի աշխատանքին ծանոթանալու նպատակով, կամ էլ Ապարանի շրջանում, որպեսզի ծանոթանան ապարանցիների՝ կրծողների դեմ պայքարում կատուների հավաքագրման փորձին։

Հորս՝ կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած տարիներին (1961-1966թթ.) շրջանում կառուցվել է էլեկտրատեխնիկական իրերի արտադրության ՆԻԳ գործարանը, սկսվել և գրեթե ավարտին է հասցվել Ապարանի ջրամբարի շինարարությունը, ինչը թույլ տվեց հավելյալ տասնյակ հազարավոր հեկտար հողեր մշակել և դրանք վարելահողերի վերածել։ Իսկ ամենակարևորն այն է, որ հասարակ մարդիկ Մամիկոն Արտաշեսովիչին հիշում են որպես յուրային, որն ամբողջ սրտով ցավում էր Ապարանի շրջանի համար։ Ժողովրդի մեջ շրջում էր Մամիկոն Գեղամյանի բարի համբավը՝ որպես կուսակցության շրջկոմի ազնվագույն առաջին քարտուղար, ով ինչպես «կիրզայե սապոգներով աշխատանքի էր եկել շրջան, այդպես էլ կիրզայե սապոգներով աշխատանքի տեղափոխվեց Երևան»՝ իրենից հետո տասնյակ ու տասնյակ լավ գործեր, և որ գլխավորն է՝ կուռ կուսակցական ակտիվ թողնելով։

1966թ. հոկտեմբերի 1-ից Մամիկոն Գեղամյանը նշանակվում է աշխատավորների դեպուտատների Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ այդ շրջանի կազմավորման առաջին իսկ օրվանից։ Այս պաշտոնում հայրիկիս աշխատանքի տարիները հագեցած ու լի էին մեր մայրաքաղաքի՝ Երևանի կյանքում կարևոր շատ իրադարձություններով։ Սկսվել էր վիթխարի բնակելի զանգվածի՝ Նոր Նորքի շինարարությունը։ Հիշում եմ, թե ինչպես հայրս ամեն Աստծո օր աշխատանքից երեկոյան ժամը 9-ից շուտ չէր վերադառնում, հոգնած էր, բայց և միաժամանակ ոգեշնչված։ Չէ՞ որ բնակարաններ էին կառուցվում հազարավոր երևանցիների համար, իսկ դա չէր կարող չուրախացնել։ Արդեն այդ տարիներին ես հատուկ ակնածանք ունեի Բադալ Մուրադյանի, Լյուդվիգ Ղարիբջանյանի, Գրիգոր Հասրաթյանի, Կարեն Դեմիրճյանի հանդեպ։ Լինելով Մինիստրների խորհրդի նախագահ, կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, աշխատավորների դեպուտատների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար՝ նրանք ամենասևեռուն ուշադրությունն էին հատկացնում Նոր Նորքի կառուցմանը։ Իսկ հայրս նրանց կողմից օժտվել էր իրավունքով՝ ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրենց, որպեսզի օժանդակություն ստանա քաղաքի մեջ նոր քաղաքի կառուցման ընթացքում առաջ եկող բազմաթիվ խնդիրների լուծման գործում։ Ընդամենը մի դեպքի մասին պատմեմ, որն այլևս երբեք չեմ մոռանա։ 1966թ. դեկտեմբերի վերջն էր։ Պատրաստվում էի քննաշրջանի ստուգարքները հանձնել, երբ մայրս խնդրեց ինձ մառանից տնական ամենատարբեր պահածոներ՝ այսպես կոչված «զակատներ» բերել։ Տարակուսած հարցրի, թե՝ ժամը տասն է, գուցե վաղն առավոտյա՞ն բերեմ դրանք, ինչին կարճ պատասխան ստացա. այ, հենց հիմա հայրդ կգա, իրեն էլ ասա դա։ Ինչպես պարզվեց տառացիորեն մի քանի ժամ հետո, այդ օրը կուսակցության Երևանի քաղկոմի Բյուրոյում քննարկվել էր Երևան քաղաքում շինաշխատանքների ընթացքի հարցը։ Բանավեճերը շատ սուր էին ընթացել։ Բավականաչափ բողոքներ էին հնչել և՛ շինարարների, և՛ գործադիր իշխանության տեղական մարմինների հասցեին։ Նիստի վերջում, հորս խոսքերով, բոլորն ասես ճնշված էին։ Մամիկոն Արտաշեսովիչը նիստի ավարտին խոսք է խնդրել և ասել, որ շրջխորհուրդների գործկոմների մակարդակով նշված բոլոր թերությունները հնարավորինս կարճ ժամկետում կվերացվեն։ Ինչո՞ւ է հենց հայրս հանդես եկել իր գործընկերների անունից. հավանաբար այն պատճառով, որ տարիքով մի փոքր ավելի մեծ էր և անցած աշխատանքային ճանապարհով էլ ավելի փորձառու էր։ Նա հիշում էր, որ այդ օրը գործընկերների հետ միասին շատ էին ցավել իրենց շեֆի՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի համար, որն ամբողջ քննադատությունն իր վրա էր վերցրել՝ չթողնելով, որ նեղացնեն իր ենթականերից և ոչ մեկին։ Եվ այդ իրադրությունում հայրս բոլոր ներկաներին հրավիրում է մեր տուն՝ թեյ խմելու, քանի որ այդպիսի ճնշված հոգեվիճակով կարելի չէր լինի հաջորդ օրը մարտական տրամադրվածությամբ դուրս գալ աշխատանքի։ Եվ ահա, հազիվ 15 րոպե անցած՝ Երևան քաղաքի շուրջ քսանհինգ պատասխանատու աշխատողներ, այդ թվում՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը, Գրիգոր Հասրաթյանը, Կարեն Դեմիրճյանը, Սպարտակ Բաղդասարյանը և նրանց գործընկերները, մեր տանն էին։ Մայրս քույրերիս՝ Լիլյայի և Հասմիկի հետ, ոչ առանց իմ մասնակցության, մի  պատվական սեղան էր գցել։ Եթե մեր հյուրերն այս «թեյխումի» լրիվ հանպատրաստից կազմակերպման վկաները չլինեին, երբեք չէին հավատա, որ այդքան ճոխ սեղանը՝ լի ամենատարբեր «զակատներով» ու թթուներով, գցվել էր 15 րոպեում։ Ի՞նչն է դրոշմվել հիշողությանս մեջ. նրանց փոխհարաբերությունների մաքրությունը, այն, որ թաքուն ոչ մի չարակամություն չկար...

Երեք տարի հետո Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը ՀԿԿ Կենտկոմի Բյուրոյի որոշմամբ հաստատվում է Հայկոոպի կադրերի գծով վարչության փոխնախագահի պաշտոնում, որտեղ աշխատում է ավելի քան 15 տարի։ Այս նշանակումը բնավ պատահական չէր. խնդիր էր դրված արմատապես թարմացնել սպառողական կոոպերացիայի միջին շրջանային օղակի կադրային կազմը, ինչը պահանջում էր Հայկոոպի ղեկավարության սերտ աշխատանք Հայաստանի Կոմկուսի շրջկոմների առաջին քարտուղարների հետ։ Մամիկոն Գեղամյանի փորձն ու համբավը, առանց չափազանցության, անբասիր էին և խիստ պահանջված։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ԽՍՀՄ «Ցենտրոսոյուզի» ղեկավարության հույսերը՝ Մամիկոն Գեղամյանի հետ կապված, արդարացան, ինչի ապացույցն են բազմաթիվ կառավարական պարգևներն ու շնորհակալագրերը։ Եվ միանգամայն սպասելի էր, որ տարիքի բերումով թոշակի անցնելուց հետո Հայկոոպի ղեկավարությունը «բաց չթողեց» Մամիկոն Արտաշեսովիչին, և նա շարունակեց աշխատել Հայկոոպի վարչության նախագահների անմիջական ղեկավարության ներքո։

Հոդվածը գրելու գաղափարը մտահղացա ս.թ. հոկտեմբերի 13-ին, ընդ որում՝ շատ անսպասելի։ Մեր հանրահայտ հայրենակիցներ Արտավազդ Փելեշյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Նարա Շլեպչյանի հետ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մոտ հրավիրված անմոռանալի երեկոյի ժամանակ Տիգրան Մանսուրյանն ինձ մի զարմանալի պատմություն պատմեց իր մանկությունից։ 1947թ. մեր տաղանդավոր կոմպոզիտորի ընտանիքը Լիբանանից Հայաստան է հայրենադարձվում, Արթիկ քաղաք։ Մանսուրյանների ընտանիքը, ինչպես և բնակչության ճնշող մեծամասնությունը, հետպատերազմյան առաջին տարիներին աղքատ էր ապրում։ Ինչպես այդ տարիների մասին հիշում է Տիգրան Եղիայի Մանսուրյանը, նա ուրիշի հնամաշ հագուստ էր կրում։ Հարևանները գլխի են գցում շնորհաշատ տղային դիմել շրջանի ղեկավարությանը և իր ընտանիքի համար նյութական օգնություն խնդրել։ Մի քիչ մտորելուց հետո նա այդպես էլ անում է։ Արթիկի շրջանի ղեկավարն ընդունում է 9-ամյա տղային, ուշադիր լսում նրա խնդրանքը, աշխատասենյակ է հրավիրում իր ծառայակցին և կարգադրում սոցիալական ապահովության համապատասխան ֆոնդից նյութական օգնություն հատկացնել։ Ընդ որում, նա հատուկ կարգադրում է, որպեսզի խնայդրամարկղում փողը ստանա հենց Տիգրան Մանսուրյանը։ Այն դժվարին տարիներին 150 ռուբլին, Տ.Մանսուրյանի խոսքերով, մեծ բան էր նշանակում։ Բայց ինձ թվաց, որ նա, հիշելով 70-ամյա վաղեմության այս պատմությունը, այժմ փոքր-ինչ այլ կերպ է գնահատում կատարվածը։ Շրջանի ղեկավարը, իհարկե, չէր կարող չիմանալ, թե ինչպես և ինչով են ապրում հայրենադարձները, բայց այս պարագայում առանձին վերցրած մարդու ցավն ընկալել է որպես իր անձնական ցավ։ Եվ կարևոր է, որ նա օգտվել է այդ պահին իր ունեցած հնարավորությունից՝ գոնե ինչ-որ բանով օգտակար լինելու։ Ես մաեստրոյին նորից հարցրի. շրջանի ո՞ր ղեկավարին եք դիմել։ «Ամենագլխավորին»,- հետևեց պատասխանը։ Այդ ամենագլխավոր ղեկավարը հայրս է եղել, ով այդ տարիներին Հայաստանի Կոմկուսի Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարն էր։ Մաեստրո Տ.Մանսուրյանը, խիստ զգայուն և չափազանց կիրթ, մտավորական մարդ լինելով, շարունակեց իր պատմությունը՝ ասելով, որ մեծագույն ջերմությամբ է հիշում Արթիկում անցկացրած իր մանկության տարիները։

Վերջաբանի փոխարեն. 1970թ. մայիսի 9-ին, երեկոյին մոտ, Օրթոպեդիկ հիվանդանոց (որն այն ժամանակ գտնվում էր Ամիրյան փողոցում) է ընդունվում ծանր վիրավոր մի երիտասարդ՝ ընկերոջ ուղեկցությամբ։ Երբ հերթապահ բժիշկը, նրա բաճկոնի կոճակներն արձակելով, տեսնում է մարմնին կպած արնաշաղախ վերնաշապիկը, անմիջապես պառկեցնում է նրան պատգարակին և վազում դեպի վիրահատարան։ Սակայն վիրահատել ոչ նա, ոչ էլ տոնական այդ օրը (Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 25-ամյակի օրը) հերթապահ վիրաբույժները չեն համարձակվում։ Միակ բանը, ինչն արվում է առաջին երկու ժամում, արյան փոխներարկումն է լինում։ Բոլորը սպասում էին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Աբրահամ Շաքարյանի գալուն։ Վիրահատարան մտնելուն պես նա առաջին հերթին հետաքրքրվեց հիվանդի դանակի վերքերի մանրամասներով։ Մոտեցավ վիրահատական սեղանին, լայն ժպտաց ինձ, հարցրեց անունս, հետո, կրկնելով այն, ասաց, որ չեմ էլ հասցնի մինչև տասը հաշվել և թմբիրի մեջ կընկնեմ, իսկ երբ արթնանամ՝ առողջ մարդ կլինեմ։ Ավելի լավ կիրառման արժանի համառությամբ հաշվեցի մինչև տասնյոթը և... Երեք ժամ հետո ուշքի եկա թեթև ապտակներից։ Աչքերս բացելով տեսա կյանքս փրկած այդ բարեհոգի ղարաբաղցի մարդու ժպտուն դեմքը, իսկ նրա կողքին՝ արցունքից թաց աչքերով հորս, որի կողքին էին Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանը, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը և Բորիս Գևորգի Էլոյանը (հայրիկիս գործընկերը)։ Հորս կողքին նրա համար այդ ծանր պահերին Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի և Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանի ներկայությունը, նրանց սրտացավությունը, նրանց աչքերում հազիվ նշմարվող ուրախությունն ու հանդիմանանքը, թերևս, երբեք չեմ մոռանա։ Ինչպես և չեմ կարող ներել ինձ այն ցավի համար, որ ակամա պատճառել եմ ծնողներիս, ավաղ՝ ոչ մեկ անգամ, անզուսպ էներգիայիս արդյունքում, որը վատնում էի երևանյան փողոցներում մղած «ասպետական» կռիվներում ու գոտեմարտերում։

Գրում եմ այս տողերը և մտաբերում նորանոր հուշեր։ Կարծում եմ, որ այդ ամենի մասին դեռ կգրեմ։ Իսկ հիմա կցանկանայի ասել. ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ։

Հուշերս ավարտելով՝ ցանկանում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել ծնողներիս ամեն ինչի համար, ասել նրանց՝ ներեցե՛ք...

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ