1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ երիտասարդներն ու աշակերտները գերմանական մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունեն. Երևանում բացվել է Գյոթեի կենտրոնը

Հայ երիտասարդներն ու աշակերտները գերմանական մշակույթին ծանոթանալու 
հնարավորություն ունեն. Երևանում բացվել է Գյոթեի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ երիտասարդները այսուհետ մեծ հնարավորություններ կունենան ճանաչելու գերմանական մշակույթը և կրթական փոխանակումներ իրականացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 16-ին Երևանում բացվեց Գյոթեի անվան նոր մշակութային կենտրոն։

Նորաբաց կենտրոնը մեկ հարկի տակ կմիավորի գերմանական մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող գերմաներենի ուսուցման կենտրոնը՝ դասասենյակներով և հմուտ դասախոսներով։

Բացման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ շատ ուրախ է Երևանում Գյոթեի կենտրոնի բացման կապակցությամբ։

«Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մոտ ապագայում կյանքի կկոչենք նաև այդ կարևորագույն քայլը։ Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցում է, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ։ Աշխարհի 98 երկրում գործում է 159 Գյոթեի անվան ինստիտուտ, առկա են կենտրոններ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Միջոցառմանը մասնակցելու համար Գերմանիայից Երևան է ժամանել Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը, ով առաջին անգամ Հայաստանում եղել է 2017 թվականի հունիսին։ Նա շատ խորը տպավորված էր Հայաստանով և մարդկանցով։

«Կենտրոնի բացման բանակցությունների համար հիմք էր հանդիսանում Բունդեսթագի որոշումը, որով ֆինանսավորվում են Հայաստանում նման ծրագրերը։ Ասեմ, որ մեր ինստիտուտի նպատակն է ավելի հասանելի դարձնել Գերմանիայի մշակույթն ու լեզուն, ինչով մենք զբաղվում ենք մոտ 100 երկրում եղած 159 ինստիտուտների միջոցով։ Հայաստանում արդեն իսկ կա 6 դպրոց, որտեղ ուսուցանվում է գերմաներեն, որոնցից երկուսը Գյոթե ինստիտուտի հոգածության ներքո է գտնվում։ Դրանցից մեկը՝ Երևանում Այբ դպրոցն է, իսկ մյուսը Ճամբարակում թիվ 1 միջնակարգ դպրոցը»,- ասաց Գյոթե ինստիտուտի նախագահը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ Գյոթեի կենտրոնի բացումը շատ սպասված էր։  

«Գերմանիայի քաղաքակրթական ներկայությունը Հայաստանում շատ հստակ է և մենք լայնորեն օգտվում ենք համագործակցության այս հնարավորությունից։ Այդ ամենի վկան այն երեխաներն են, ովքեր ուսանում են գերմաներեն դպրոցներում»,- նշեց Մկրտչյանը և իր վստահությունը հայտնեց, որ կենտրոնի բացումից հետո աշխատանքները նոր թափով առաջ կգնան։

Գյոթեի կենտրոնի բացման արարողությունն ուղեկցվեց նաև «Երևան, իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը և ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]