Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարվանից քայլեր կձեռնարկվեն Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը նախատեսում է որոշակի հնարավորություն այն ժամանակավոր ուժի մեջ մտցնելու համար։ «Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո լայնածավալ աշխատանք պետք է իրականացվի, իսկ այս հարցում Հայաստանին կարող է աջակցել Եվրոպական բիզնես ասոցիացիան»,-ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ Հայաստանը շատ է կարևորում տարբեր ոլորտներում ԵՄ կուտակած գիտելիքի ու փորձի կիրառումը մեր երկրում։  

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր գործունեության երկու տարում Եվրոպական բիզնես ասոցիացիան կարողացել է հսկայական աշխատանք իրականացնել, մասնավորապես, մի շարք առաջարկներ է ներկայացվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ «Հայաստանի համար գործարար միջավայրը շատ մեծ կարևորություն ունի, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է աջակցել Հայաստանում հատկապես փոքր բիզնեսների զարգացմանը։ Հայաստանին պետք են աշխատատեղեր, տնտեսական աճ, երիտասարդ հայերը պետք է տեսնեն, որ ապագա, հնարավորություններ ու ներուժ կա, որ կարող են այստեղ հասնել իրենց նպատակներին։ Եվ մենք շարունակելու ենք մեր աջակցությունը Հայաստանին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովի խոսքով՝ իրենք համագործակցում են ավելի քան 160 եվրոպական և տեղական ընկերությունների հետ։ «Մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են փաստերի վրա հինված բարեփոխման ջատագովությանը, հետևողականորեն ուսումնասիրում ենք Հայաստանում գործարար միջավայրը, արձանագրում ենք խոչընդոտները։ Շուտով հրապարակելու ենք ուսումնասիրությունը, որը վեր է հանում հայաստանյան գործարար միջավայրում առկա խնդիրները»,-ասաց ասոցիացիայի ներկայացուցիչը։ Անդրադառնալով նախորդ տարվա հետազոտության շրջանակներում գործարարների կողմից բարձրաձայնված խնդիրներին՝ Գարեգին Գալուստովը նշեց, որ դրանք ներառում են 5 հիմնական ոլորտներ՝ հարկային, մաքսային, դատական, պետական գնումների և արդար մրցակցության։ «Կարող եմ ասել, որ մաքսային մարմինների հետ աշխատանքի արդյունքում մենք ոլորտում տեղաշարժ ենք արձանագրել»,-ասաց նա։ Հաջորդ տարի ասոցիացիան նախատեսում է իրազեկել գործարար շրջանակներին ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող հնարավորությունների մասին։

Եվրոպական բիզնես սոցիացիան հիմնադրվել է 2015 թվականին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ