2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների՝ պալիատիվ բժշկության ներդրմանը վերաբերող հարցին, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է.
«Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքը երկարացնելու հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդները, գտնվելով ծանր վիճակում, հիմնականում խոսելով իրենց հիվանդության մասին՝ ավելի են դժվարացնում սեփական կյանքը»։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը նշել է, որ Հայաստանում պալիատիվ բժշկության ծառայությունը նախատեսվում է ներդնել առողջության առաջնային պահպանման օղակում։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։
«2018 թվականին Հայաստանում կկազմակերպվեն առաջին 10-15 կենտրոնները, իսկ 1-ը՝ Արցախում։ Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում