Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը

 Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի 
շուրջ երկխոսությունը
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումն այլ գործընթաց է: Նրա խոսքով, իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են միմյանցով, բայց ստորագրել նոր համաձայանագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: «Այո, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով»,-հավելել է նախագահը:

Նա անդրադարձել է նաև Եվրամիության հետ գործող GSP+ համակարգի, ինչպես նաև նույն կառույցի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հնարավորություններին, նաև այն դիտարկմանը, թե GSP+ համակարգից քչերն են օգտվում:

«Նախ՝ չէի ասի, որ շատ քչերն են օգտվում: Մեր արտահանումների 40 տոկոսը հենց այդ համակարգի ներքո է կատարվում: Այո, ապրանքատեսակները շատ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 6200 ապրանքատեսակների գծով մենք Եվրամիությունում ունենք արտոնյալ պայմաններ, այսինքն` դրանք մաքսազերծվում են կամ 0-ական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորն ապրանք արտադրելն է: Մենք պետք է կարողանանք շատ ու որակյալ մրցունակ ապրանք արտադրել, և այն ժամանակ արտահանողների համար որևէ խոչընդոտ չի լինի: Այսօր էլ խոչընդոտ չկա, ով արտահանում է մրցունակ, որակյալ արտադրանք, նա հանգիստ այդ ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության շուկայում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում, այլ շուկաներում ևս: Այնպես, որ այդ համակարգը մեզ համար շատ օգտակար համակարգ է, նաև այդ համակարգն է, որ մեզ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ՝ այսինքն առևտրաշրջանառության 1/3-ը ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում»,-ասել է նախագահը:

Նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Այն ստորագրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ԵՄ մայրաքաղաքի «Եվրոպա» մեծ ու խորհրդանշական կառույցում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]