Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/90. «Ռոդենի ձմեռը» գիրքը վերադարձել է ամենավաճառվածների ցանկ

Երևանյան բեսթսելեր 4/90. «Ռոդենի ձմեռը» գիրքը վերադարձել է ամենավաճառվածների 
ցանկ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Վիպակը և պատմվածքները հրատարակվել են՝ հիմք ընդունելով 1983-ին լույս տեսած երկհատորյակը, որտեղ հեղինակը մասնակի փոփոխություններ է կատարել: Այն հրատարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել և երկրորդ տեղն է զբաղեցրել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

«Աննա Ֆրանկի օրագիրը» այս շաբաթ չորրորդն է: Այն Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։

Հինգերորդ հորիզոնականում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը զիջել է իր դիրքերը և վեցերորդն է: Ժողովածուն ընթերցողի համար կարող է դառնալ ինտելեկտուալ և մտավոր փորձառության բավական կարևոր հանգրվան: Ինչպես հեղինակն է համարձակորեն ասում գրքում, իր բախտը բերել է: Ծնվել է այն ժամանակաշրջանում, երբ գրականության մեջ կարծես ամեն ինչ ասված է, և իրեն մնում է միայն խոսել այն մասին, ինչի մասին նախորդները չկարողացան խոսել: Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեր ցանկ է վերադարձել և յոթերորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր: Ժողովածուն սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Այն վեց հրատարակություն է ունեցել: Խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Ութերորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը իններորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 68
2 -1

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Լուսաբաց 56
3 +2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 32
4 +2

Աննա Ֆրանկ

«Աննա Ֆրանկի օրագիրը»

Էդիթ Պրինտ 20
5 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 17
6 -2

Արամ Ավետիս

«Կույր կետադրություն»

Անտարես 10
7 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 10
8 -1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 8
9 0

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Մարդկանց երկիրը»

Էդիթ Պրինտ 8
10 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]