Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ

ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ 
տրամաբանության հաղթանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ չի համարում Եվրոպական Միության հետ համաձայնագրի ստորագրումը զիջում կամ փոխզիջում ձևակերպումների ներքո դիտարկելը: «Արմենիա» հեռուստանկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը արևելյան և արևմտյան ուղղություններով երկխոսությունը երբեք որպես հակադրություն չի դիտարկել: «Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո: Սա իմ  համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, և եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես, որ թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է: Երբեք մեզ համար երկխոսությունը արևմտյան և արևելյան ուղղություններով չի դիտարկվել՝ որպես հակադրություն: Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Արևելքի, թեև դժվար է Ռուսաստանն անվանել արևելք, կոնկրետ Ռուսաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ սա շատ լավ առիթ է, որպեսզի հակիրճ անդրադառնա բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չեն տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից: «Եթե հիշում եք, Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2009 թվականին և այն ժամանակից սկսած մենք բանակցություններ էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու  համար: Եվ եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, գուցե դրանից ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ մենք բանակցությունների առաջին փուլը սկսում էինք Եվրամիության հետ, մենք մեր եվրոպացի գործընկներին անկեղծորեն ասացինք, որ Ռուսաստանը մեր դաշնակցին է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին Ռուասաստանի և ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Եվ մենք չեն կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը՝ առաջին հերթին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին և ինչպես իրենք ասեցին՝ ըմբռնումով մոտեցան, և մենք տևական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայմանագրի դրույթներին: Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենը արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում  մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն»,- ասել է ՀՀ Նախագահը:

Դիտարկմանը, թե եվրոպացիները կատեգորիկ են եղել բանակցությունների սկզբում, ՀՀ Նախագահը պատասխանել է, որ նրանք կատեգորիկ են եղել ոչ թե սկզբում, այլ ընթացքում՝ մինչև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելը: «Ես ասում եմ՝ որոշման դրդապատճառը: Երբ մարդիկ խոսում են, ասում են, իբր, մի գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն և այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,- մանրամասնել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ ԵՄ գործընկերներին ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին հայտնել է դրանից 4 ամիս առաջ, սակայն հավելել է, որ խոսքը միայն դրա մասին չէ, այլ նաև հրապարակային ելույթների, որոնք վեր հանելը դժվար չէ: «Բոլոր դեպքերում բանակցությունները շարունակվեցին: Շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, և դա հիմնականում տեղի ունեցավ 2015թ.-ի Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովը պատմական իրադարձություն է այս առումով և այնտեղ որոշում կայացվեց, որ արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, որովհետև բոլոր պարագաներում բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ ետխորհրդային երկրներ լինելը, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, և՛ Մոլդովայից: Բանակցությունները շարունակվեցին  արդեն այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել: Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, և՛  մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ  մի օր հակադրություն կարող է լինել, ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, և մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի և մեր նպատակը պետք է լիներ և այդպիսին էլ կա, արտահանման խթանումը: Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, և այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել և՛ Եվրասիական տնտեսական միության շուկա, և՛ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է: Մեր արտահանումների 28 %-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքային առումով տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք և այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Հայաստամը մշտապես պետք է գնա շահերը համադրելու ուղղությամբ, ոչ թե փորձի հակադրությունների վրա խաղալ: ՀՀ Նախագահի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]