Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով

Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան 
քառօրյա պատերազմի նյութերով

ԳԱՎԱՌ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանում այսուհետ մշտական ցուցադրության համար տեղ գտան Ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած վկայությունները՝ թիվ 116 մարտական դիրքով մեկ ցրված ինքնաձիգի եւ գնդացրի փամփուշտների կրակված պարկուճներ եւ հակառակորդի կողմից արձակված հրետանու արկերի բեկորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Ապրիլյան պատերազմի մասին վկայող նյութերը թանգարանին է հանձնել «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենպրես»-ի սեփական թղթակից Խոսրով Խլղաթյանը, ով դրանք անձամբ հավաքել է մարտական դիրքի տարածքից, 2016 թվականի հունիսին, երբ Ճամբարակի երկրապահների հետ այցելել է թիվ 116 դիրք եւ հանդիպում ունեցել մեր դիրքապահ տղաների հետ, նրանցից գրառել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին տեղեկություններ:

«Գլխավոր խմբագրի ներկայացմամբ՝ կրակված գնդացրի եւ ինքնաձիգի պարկուճները պատկանում են մեր տղաներին, քանի որ դրանք ընկած էին մեր խրամատների մեջ կամ դրանց մոտիկ, որտեղից քաջարի Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Քյարամ Սլոյանը ժամեր շարունակ կանգնեցրել են թշնամու հարձակումը, իսկ ահա հրետանու արկի բեկորները պատկանում են թշնամուն, քանի որ դրանք արձակվել են նրա կողմից եւ պայթել ու ցրվել ուղիղ մեր դիրքերի ներսում:Փաստորեն, այս նյութերը մեր քաջերից մնացած մասունքներ են, որոնք միշտ վկայելու են մեր զավակների հերոսական կռվի մասին: Դրանք կմնան մշտական ցուցադրության»,-ներկայացրեց Ռուզաննա Հակոբյանը:

«Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագրի ներկայացմամբ՝ մարտական դիրքից հավաքված նյութերը մոտ մեկուկես տարի մնացել են խմբագրությունում:

«Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Քյարամ Սլոյանի ծառայակից սպաներն ու զինվորները, ովքեր հիմնականում մասնակցել էին մարտական գործողություններին, փաստում էին, որ մեր հերոս տղաները անթիվ կրակահերթեր են ուղղել թշնամու զորքի ուղղությամբ, ու դիրքերով մեկ ցրված պարկուճները նրանց կրակածներն են: Տարածքով մեկ սփռված էին նաեւ հրետանային արկերի բեկորներ, որոնք թշնամին էր արձակել մեր դիրքերի վրա: Կարելի էր դրանցից ոչ միայն բռերով, այլ պարկերով հավաքել: Հետդարձի ճանապարհին հանդիպեցինք Արցախ ուխտագնացության եկած բեյրութահայերի, որոնց խնդրանքով Ապրիլյան քառօրյայի մասին վկայող նյութերի մի մասը նվիրեցի նրանց: Մնացածը մոտ մեկուկես տարի պահվում էր խմբագրությունում եւ ցուցադրվում մեր այցելուներին: Բայց նպատակահարմար համարեցինք պատմական այդ կարեւոր վկայությունները պահ տալ Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանին: Մեր տղաների հերոսությունը ոչ մի կերպ չպետք է մոռացվի, եւ մասունքներ դարձած այս նյութերն էլ դարերին ու սերունդներին պետք է պատմեն մեր գոյամարտի մասին»,-նշեց գլխավոր խմբագիրը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]