Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աֆղանստանում ՀՀ խաղաղապահները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ողջունելու հարազատներին. կայացավ ավանդական հեռուստակամուրջը

Աֆղանստանում ՀՀ խաղաղապահները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ 
ողջունելու հարազատներին. կայացավ ավանդական հեռուստակամուրջը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող ՀՀ խաղաղապահները  եւ նրանց ընտանիքները Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն  անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպված  ավանդական հեռուստակամրջի ընթացքում հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ խոսելու եւ ողջունելու միմյանց:

Հեռուստակամրջի ընթացքում խաղաղապահներին եւ իրենց հարազատներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

«Մեկ  տարի եւս անցավ: Մենք միշտ անհամբեր սպասում ենք այս շրջանին,  որպեսզի հնարավորություն ունենանք  ողջունելու ձեզ: Մենք իսկապես շատ հպարտանում ենք ձեզնով եւ հույս ունենք, որ մեր երկրի պատիվը շատ բարձր եք պահում: Շատ շնորհակալություն ձեզ դրա համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը եւ հարցրեց զինծառայողներին, թե ինչպես  ընթանում ծառայությունը:

Զինծառայողները նույնպես ողջունեցին ներկաներին եւ վստահեցրին, որ ծառայության հետ կապված որեւէ խնդիր չունեն:

Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահներին իր ողջույնի խոսքը հղեցին Հայաստանում Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց զինծառայողներին նման բարդ տարածաշրջանում իրենց աշխատանքի համար:

«Մենք գիտենք, որ իրավիճակն այդտեղ  շարունակում է մնալ անհանգիստ, ոչ անվտանգ, եւ գիտակցում ենք ձեր աշխատանքի բարդությունը: Նաեւ գիտակցում ենք, թե որքան դժվար է ձեզ համար հեռու գտնվել ձեր հարազատներից: Ուզում եմ իմ խորին գնահատականը  հայտնել ձեր առաքելության վերաբերյալ: Մաղթում եմ ձեզ Սուրբ ծննդյան հաճելի օրեր»,-ասաց դեսպանը եւ օգտվելով առիթից՝ ողջունեց նաեւ գերմանացի սպաներին եւ զինվորականներին:  

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ առանձնահատուկ ուրախ եւ հպարտ է զինծառայողներին իրենց ընտանիքների հետ միասին ողջունելու համար:

«Չկա  ավելի բարձր մարդկային կոչում, քան այն,  որ դուք եք իրականացնում՝ խաղաղապահ գործունեություն պատերազմական իրավիճակում գտնվող Աֆղանստանում: Ձեզնով հպարտ  են ձեր ընտանիքները, Հայաստանը, քանի որ ձեր շնորհիվ  այն  իրականացնում  է իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ»,-ընդգծեց դեսպանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց զինծառայողների ընտանիքներին իրենց զոհողության համար, քանի որ այս տոնական շրջանում հեռու են հարազատներից:

«Ինձ համար պատիվ է այստեղ գտնվել, եւ մենք երախտապարտ ենք Հայաստանին եւ անձամբ ձեզ ձեր ներդրման համար, որն ուղղված է Աֆղանստանն ավելի կայուն եւ ապահով դարձնելուն: Այստեղ ինձ հետ է նաեւ պաշտպանության գծով մեր կցորդը: Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ձեզ աջակցություն ցուցաբերել, նաեւ անգլերենի ուսուցման հարցում, որպեսզի Հայաստանը կարողանա  խաղաղապահ գործողություններում արդյունավետ կատարել իր աշխատանքը»,-նշեց նա:

Միջոցառմանը ներկա էին նաեւ պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին: Նրանք եւս ողջունեցին զինծառայողներին:

Փոքրիկ Աննան ողջունեց հորը, ով արդեն 4 ամիս է Աֆղանստանում իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Փոքրիկն ասաց, որ շատ է կարոտել նրան եւ ցանկանում է, որ հայրը շուտ վերադառնա:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]