1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ ակտիվ համագործակցություն է սկսել

Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ ակտիվ համագործակցություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի գաղթօջախների միջև համագործակցությունն ավելի է ամրապնդվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունների միջև։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայ-հունական և հայ-կիպրական գաղթօջախների միջև ակտիվ համագործակցություն է սկսվել։

«Այդ համագործակցության սկիզբը դրվել է Կիպրոսի և Հայաստանի Հանրապետությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի միջոցով։ Մեր եռակողմ հանդիպումը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Մեր համագործակցությունը շարունակվելու է հատկապես երկրների սփյուռքի միջև։ Հայ, հույն և կիպրական ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռևս 5-6 դարերում։ Բոլորս էլ գիտենք, որ և՛ Հունաստանում, և՛ Կիպրոսում ապրում է շատ կազմակերպված և հետաքրքիր հայկական համայնք»,- նշեց նախարարը և շնորհակալություն հայտնեց Հունաստանի և Կիպրոսի կառավարություններին այդ երկրներում հայ համայնքներին ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն տալու համար։

«Բանակցությունների արդյունքում մեր գլխավոր նպատակն է ավելի ակտիվ աշխատանք իրականացնել երիտասարների հետ, տարբեր երկրներում կազմակերպել երիտասարդական հավաքներ հույների, հայերի և կիպրացիների միջև։ Մենք ցանկանում ենք նաև աշխատանքներ տանել, որպեսզի մեր երիտասարդությունը հունական որևէ համալսարանում գիտական քննարկումներ կազմակերպի»,- ընդգծեց Հակոբյանը։

Երեք երկրում նախատեսվում է կազմակերպել կրթական և մշակութային միջոցառումներ։

Հրանուշ Հակոբյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց երկու պետություններին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք ընդունելու համար։

Հակոբյանը հիշեցրեց, որ 2015թ. մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովը հայտարարություն ընդունեց՝ միաձայն դատապարտելով Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։

Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումներով ու բանակցություններով անհրաժեշտ է շարունակել եռակողմ համագործակցությունը։ Նա շեշտեց, որ երեք երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամություն բոլոր ոլորտներում՝ մշակութային, քաղաքական, կրոնական, եւ գաղթօջախների մակարդակում համագործակցությունը նոր էջ է բացում։

«Նիկոսիայում մենք մշակեցինք սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ ռազմավարությունը՝ սահմանելով երկու կարևոր նպատակ։ Առաջինը՝ պետք է խրախուսենք մեր սփյուռքին համագործակցել, ճանաչել միմյանց, ակտիվ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ Մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում երկու երկրների սփյուռքը բարեհաջող կերպով համագործակցում է։ Միացյալ Նահանգներում համագործակցությունը առավել ակտիվ է, ստորագրվել է հուշագիր, ինչը ոգևորիչ է։ Երկրորդ նպատակը երկրների կառավարությունների միջև համագործակցությունն է»,- ասաց Ֆոտիսը։

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքն ընդգծեց՝ ամենակարևորը, որ երեք երկրների կառավարությունները կարողանան աշխատել սփյուռքի երիտասարդների հետ։ Նրա խոսքով՝ նրանք ունեն տեսլական, ուժ և կարող են մեծապես օգնել ամենակարևոր խնդիրների լուծման գործում։

«Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի իր գործընկերոջ հետ։ Այդ հանդիպման ընթացքում Հունաստանի արտգործնախարարն առաջարկեց, որ մեր երկրները համագործակցեն նաև սփյուռքի մակարդակով։ Մենք այստեղ ենք ու պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ և սպասում ենք, որ 2018-ը լի է լինելու ծրագրերով։ Կարևորը սկսելն է, եթե մենք սկսենք, մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- շեշտեց Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը։

ՀՀ սփյուռքի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 15-ին սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի։

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև։

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]