1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարկով ձևակերպվող արևային կայանների հետգնման ժամկետը 5-7 տարի է. ոլորտի մասնագետ

Վարկով ձևակերպվող արևային կայանների հետգնման ժամկետը 5-7 տարի է. ոլորտի 
մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակչության և փոքր ու միջին բիզնեսի շրջանում արևային էներգետիկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց «Սոլարոն» արևային պանելներ արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը: «Էներգետիկայի ոլորտում նախատեսվող փոփոխությունները բավականին բարենպաստ են, մենք արդեն դրական ենք արձագանքել դրանց: Այն, որ առանց լիցենզավորման հնարավոր կլինի 150 կՎտ-ի փոխարեն ունենալ 500 կՎտ հզորությամբ արևային կայան, կխթանի ՓՄՁ-ներին ավելի շատ ներդրումներ կատարել ոլորտում` իրենց սպառած էլեկտրաէներգիան փոխակերպելով այլընտրանքայինի»,-ասաց Էմմա Ալլախվերդյանը: Նա նկատեց, որ 150 կՎտ-ն այնքան էլ մեծ ծավալ չէր, որպեսզի ՓՄՁ-ների ծախսերի ու սպառման տեսանկյունից դիտվեր որպես արդյունավետ: Ընկերության ներկայացուցչի դիտարկմամբ` փոփոխությունները կնպաստեն, որ ՓՄՁ-ները մինչև անգամ 100 տոկոսով կրճատեն էներգետիկ ծախսերը:

Ինչ վերաբերում է փոխհոսքերի մեխանիզմների փոփոխությանը, ապա, ըստ մասնագետի, դրանք ևս դրական արձագանք են գտել բնակչության շրջանում: «Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն, որ կուտակված էներգիան մարդիկ սպառեն ձմռանը, ինչը շատ մեծ քայլ է»,-ասաց Էմմա Ալլախվերդյանը` հավելելով, որ դա կմոտիվացնի ինքնավար էներգաարտադրողներին անցնել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմանը:

Էմմա Ալլախվերդյանի խոսքով`շուկայում առկա ֆինանսական գործիքները ևս պարարտ հող են ստեղծում արևով հարուստ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար: «Ներկայում առկա են վարկային առաջարկներ, որոնց կիրառման դեպքում գումարը, որ սպառողները պետք է ուղղեին որպես էլեկտրաէներգիայի ամսական վճար, կարող են ուղղել վարկի մարմանը: Հետգնման ժամկետը 5-7 տարի է, իսկ արևային համակարգերի օգտագործման ժամկետը 25 տարուց ավելի է: Ստացվում է 5-7 տարի հետո անձը լիովին անվճար կարող է օգտվել արևային բարիքներից»,-ասաց բանախոսը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տվյալներով` Հայաստանում առկա է ցանցին միացված 138 արևային կայան` 1.5 մեգավատ հզորության, ևս 38-ը կառուցվում են: Նախարարության գնահատականներով` մինչև տարեվերջ նախատեսվում է ունենալ ցանցին միացված 200 կայան:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք արդեն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը և գտնվում են ՀՀ Ազգային ժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]