Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-իսրայելական հասարակական ֆորումի աշխատանքները 2018 թվականին ընթանալու են երեք հիմնական ուղղություններով

Հայ-իսրայելական հասարակական ֆորումի աշխատանքները 2018 թվականին 
ընթանալու են երեք հիմնական ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական հասարակական ֆորումն ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, ով օրերս Հայաստանում էր ֆորումի հայկական կողմի համանախագահ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի հետ քննարկելու 2018 թվականի ծրագրերը: Քննարկումներին նաեւ մասնակցել է Հայաստանում եւ Վրաստանում առաջին դեսպան, Երուսաղեմում հրեական համալսարանի պրոֆեսոր  Բարուխ Բեն-Ներիան:

Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ դրական է գնահատում անցնող տարին հայ-իսրայելական հարաբերությունների համատեքստում:

«Այս տարի անցկացրինք ֆորումի 2-րդ եւ 3-րդ նիստերը Իսրայելում, ապա Հայաստանում: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին այցելեց Հայաստան: Նրա այցի շրջանակում հաստատվեց մշակույթի, կրթության եւ գիտության, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում 2017-2020 թվականի համագործակցության ծրագիրը: Տարին նշանավորվեց նաեւ հայ եւ իսրայելցի լրագրողների այցերով՝ Իսրայել եւ Հայաստան: Իսկ սա շատ կարեւոր ուղղություն է:  Հատկանշական է նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրավերով: Այնպես որ, տարին կարելի է համարել բարեհաջող: Կարեւոր եմ համարում հարաբերությունների զարգացման առումով երկու երկրների պատգամավորական բարեկամանական խմբերի ղեկավարների աշխատանքները»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Նա տեղեկացրեց, որ որպես 2018 թվականի աշխատանքների հիմք առանձնացրել են 3 ուղղություն:

«Մենք կարծում ենք, որ այս ուղղությունները արդիական են: Առաջինը գյուղատնտեսական բիզնեսն է: Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում կենտրոնացած է աշխատուժի ավելի քան 40 տոկոսը, որի արտադրանքը նույն  ծավալն ունի, ինչ Իսրայելում աշխատուժի 2 տոկոսի կողմից արտադրվածը: Հասկանալի է, որ առաջատար իսրայելական տեխնոլոգիաների  ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կնպաստի արտադրանքի որակի եւ մրցունակության բարձրացմանը: Արդեն իսկ կան կազմակերպություններ երկու կողմերից, որոնք հետաքրքրված են կապերի ձեւավորմամբ: Հաջորդը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ Իսրայելն համաշխարհային մասշտաբով ունի առաջատար դիրքեր, սակայն  հայ ծրագրավորողները եւս հայտնի են այս ոլորտում իրենց նախագծերով: Երբ Իսրայելի պատվիրակությունը Հայաստանում էր, նրանք այցելեցին հայկական մի քանի  կազմակերպություններ եւ տեսան այստեղ ծրագրավորողների վերապատրաստման մակարդակը:  Հաջորդ քայլը պետք է լինի համատեղ նախագծերի իրականացումը: Կարծում եմ՝ այս ոլորտում համագործակցությունը կլինի արդյունավետ»,-նշեց Ալեքսանդր Ցինկերը եւ հավելեց, որ կարեւոր հարցերից է նաեւ համատեղ  տեղեկատվական հարթակ ստեղծելը երկու երկրների համար միմյանց մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար:

Նա նշեց, որ այս առումով երկու կողմերը քննարկել են տարբեր լեզուներով համատեղ կայքի ստեղծման մասին գաղափարը:

«Կայքում, բացի տեղեկատվական նյութերից, կլինեն նաեւ վերլուծական, ինչը կօգնի միմյանց մասին ավելի շատ իմանալ:  Զբոսաշրջության նման կարեւոր ոլորտի առումով եւս օգտակար կլինի, որպեսզի մարդիկ  նախքան այդ երկիր այցելելը իմանան, թե ուր են գնում, ինչի են հանդիպելու, ինչ է նրանց սպասվում: Հասկանալի է, որ բացի այս երեք ուղղություններից, հետագա աշխատանքների ընթացքում կզարգանան նաեւ այլ ուղղություններ: Կան հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նաեւ իսրայելական դեղագործական ընկերությունների հետ համագործակցությամբ. այս հարցով դիմել են մեզ, եւ այստեղ աշխատանքներ կտարվեն համապատասխան կապերի ձեւավորման համար: Որքան շատ աշխատանք տանենք տեղեկատվական հարթակում,  այդքան շատ  գործընկերներ ձեռք կբերենք»,-նշեց Ալեքսանդր Ցինկերը եւ հավելեց, որ հայ-իսրայելական հասարակական ֆորումի հաջորդ նիստը նախատեսված է 2018 թվականի գարնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]