1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եթե զգամ, որ Տոկիոյի խաղերի համար պատրաստ չեմ, տեղս կզիջեմ երիտասարդներին. Արսեն Ջուլֆալակյան

Եթե զգամ, որ Տոկիոյի խաղերի համար պատրաստ չեմ, տեղս կզիջեմ երիտասարդներին. 
Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտն անցնող տարում լի էր ձեռքբերումներով, նոր բացահայտումներով, նոր, դեռևս չգրված պատմություններով: Սակայն հայկական ըմբշամարտի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկի` Արսեն Ջուլֆալակյանի համար անցնող տարի նոր ասպարեզներում իրեն փորձելու, Օլիմպիական խաղերից հետո նորից մրցագորգ վերադառնալու տարի էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը խոսեց գիտական աշխատանքի մասին, որի վրա վերջին օրերին աշխատում էր, ՄՕԿ-ի` մարզիկների համաժողովում ձեռքբերած փորձի մասին, կիսվեց վերջին շրջանում նախընտրելի գրքերի ցուցակով: 

-Արսեն, գիտեմ, որ այս օրերին կենտրոնացած եք ձեր գիտական աշխատանքի վրա: Ի՞նչ փուլում եք:

-Այո, բավականին ծանր փուլ ավարտեցի: Մասնավորապես, տարբերությունների քննությունը, որը շատ ծավալուն էր՝ 77 հարց, տարբեր ժամանակաշրջաններից՝ պատմության և միջազգային հարաբերություններից, դիվանագիտությունից: Պետք էր իմի բերել այն, ինչ սովորել էի 10-րդ դասարանից սկսած: Լավ էր, որ քննությունն անընդհատ հետաձգվում էր և մեկ ամսվա փոխարեն երեք ամիս ժամանակ ունեցա: Կարողացա հանգիստ պատրաստվել և պատվով հանձնել այն: Գոհ մնացի ինքս իմ պատասխանից, քանի որ հանձնաժողովն էր ընդունում քննությունը: Պետք է մարզիկների պատիվը բարձր պահեի և լավ պատասխանեի (ծիծաղում է-հեղ.): Մնաց նախապաշտպանությունը և պաշտպանությունը: Նախապաշտպանությունը մի քիչ հետաձգվեց որոշ տեխնիկական հարցերի պատճառով: Ենթադրում եմ, որ եկող տարվա մարտին-ապրիլին արդեն կկարողանամ գիտական թեզս պաշտպանել: Այդքանով վերջ, բայց հնարավոր է այլ մասնագիտությամբ արտերկրում ուսումնառությունս շարունակեմ: Գուցե ինձ փորձեմ սպորտային մենեջմենթում:

-Եվ կհիշեցնեք՝ ինչ թեմայի վրա եք աշխատում:

-«Թուրք-սիրիական հարաբերությունները.1991-2002 թվականներ»:

-Օրեր առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների համաժողովին էիք մասնակցում: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Ամբողջ համաժողովն անչափ ծավալուն էր:  Բոլոր մարզաձևերից, այդ թվում և ոչ օլիմպիական մարզաձևերից ներկայացուցիչներ կային: Մենք այնտեղ ներկայացնում էինք ոչ թե մեր պետությունը, այլ մեր մարզաձևը: Ներկա էր նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Հաճելի և ուսուցողական էր: Առաջին բանը, որ հասկանում ես, այն էր, որ կենտրոնում ոչ թե չինովնիկներն են, այլ հենց մարզիկները: Միջազգային կառույցներում դու հասկանում ես, որ ամեն ինչ պտտվում է մարզիկի շուտ, ոչ թե՝ հակառակը, ինչ-որ չինովնիկի: Հետաքրքիր էր նաև այն, որ բոլորս գրեթե իրար չէինք ճանաչում, բայց շատ անմիջական մթնոլորտ էր, չկային բարդույթներ, գոռոզություն, «վերևից նայելու» երևույթ: Բոլորս, մի մարդու նման ուզում էինք կապեր հաստատել, փորձի փոխանակություն անել:

-Իսկ ինչի՞ մասին էր բուն համաժողովը:

-Մի քանի թեմաների մասին էր: Մեկ ամբողջ օր նվիրված էր դոպինգին: ՄՕԿ-ի նախագահը ներկայացրեց «ռուսական գործի» հետ կապված այդ պահի մանրամասները: Թեպետ նա շեշտեց, որ «մաքուր» մարզիկները չպետք է տուժեն այդ որոշման արդյունքում: Իմ կարծիքով՝ եղած իրավիճակում այն որոշումը, որ «մաքուր» մարզիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին, ամենաճիշտն էր: Ինչո՞ւ խառնել քաղաքականությունը և սպորտը: Թեմաներից մեկը դոպինգի դեմ պայքարն էր, որի ընթացքում կոչ էր արվում զերծ մնալ խթանիչ միջոցներից: Խոսվում էր օրինակներով, որոնք ցույց էին տալիս, որ կարելի է մեծ արդյունքների հասնել առանց դոպինգի: Հաջորդ քննարկված հարցը մարզիկների սահուն անցումն էր սպորտից այլ մասնագիտության: Կրկին օրինակներով ցուցադրվեց, թե ինչպես բազմաթիվ մարզիկներ այդ փուլը սթրեսի միջով են անցնում: Բայց նաև հակառակը կար, թե հենց այս ծրագրի միջոցով, ինչպես բազմաթիվ մարզիկներ շահած դուրս եկան: Պարզվեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավոք չունի ՄՕԿ-ի հետ այդ ծրագրի առնչությամբ պայմանագիր: Խոսվեց բազմաթիվ երկրների փորձերի մասին, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Ճապոնիայի:

-Իսկ ինչ եք կարծում, այդ փորձը կարելի՞ է բարեհաջող ներդնել մեր երկրում:

-Ենթադրում եմ, որ եթե ոչ ամբողջապես, ապա գոնե ամեն մեկից մի լավ բան վերցնելով, այո, հնարավոր է: Պետք է հարմարեցնել մեր ունեցած իրավիճակին: Ինչու վերցնել, օրինակ, միայն ԱՄՆ-ի փորձից: Ոչ, մի քիչ վերցնելով ճապոնականից, որն, ի դեպ, հիասքանչ տարբերակ էր, մի քիչ էր եվրոպական փորձից՝ կստացվի քո տարբերակը: Հիմա փորձելու ենք մարզիկների հետ սեմինարներ անցկացնել: Այդ սեմինարները պետք է մայրենի լեզվով լինեն: Առաջարկվեց, որ ես ինչ-որ չափով ներգրավվեմ, և երկու կամ երեք կամավորներ կլինեն: Մենք կվերապատրաստվենք և կսկսենք աշխատանքը հավաքականների հետ: Ինչո՞ւ հավաքականների հետ. քանի որ հիմա ամեն ինչ ծախսի հետ է կապված: Հավաքների ընթացքում դու ունես լավագույն մարզիկներին: Եթե ինձ հաջողվի երկու-երեք մարզիկի համոզել, որ ուսումը ապագա է, ապա իզուր չի լինի այս աշխատանքը:

-Իսկ մինչ այդ արդեն հասցրե՞լ եք մտափոխել որևէ մեկին:

-Այո, անուն էլ կարող եմ նշել: Ըմբիշ Մալխաս Ամոյանը: Ով հիասքանչ մարզիկ է՝ իր գործին նվիրված և պրոֆեսիոնալ: Եվ որ շատ կարևոր է, նա նաև ուսման մեջ է առաջադեմ: Հիմա միջազգային հարաբերությունների հեռակայում է սովորում: Ես տեսնում եմ և ցանկություն, և ներուժ: Նա իր տարիքային խմբում սպորտային գրեթե բոլոր տիտղոսները նվաճել է: Այսօր, նրա պես մարզիկի կարիք գրեթե բոլոր մարզաձևերում էլ ունենք:

-Արսեն, այս տարի փոխեցիք ակումբային «գրանցումը»: Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ Բունդեսլիգայից:

-Մի քանի զարգացումների հանրագումարի արդյունքում հեռացա Բունդեսլիգայից: Գերմանիայում արմատական փոփոխություններ տեղի ունեցան: Բարձրագույն 6 ակումբների և Գերմանիայի ազգային ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ: Այդ ակումբներից մեկը իմ ակումբն էր: Խնդիրը ֆինանսական էր: Արգելք դրվեց այդ ակումբների վրա, որ մասնակցեն Բունդեսլիգայի առաջնությանը: Ես կարող էի փոխել ակումբս և տեղափոխվել մեկ այլ գերմանական ակումբ, բայց չուզեցի, քանի որ այդ շրջանում օրենք ընդունվեց, որ ով մասնակցի այս լիգային, չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի: Այն ուրիշ լիգա է, Բունդեսլիգա չի: Իսկ Բունդեսլիգայից, որտեղ դեռևս 12 ակումբ կար, առաջարկեցին ինձ, բայց առաջարկում էին այնպիսի քաշային կարգ, որը ինձ հարմար չէ: Մենք չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ՝ թե քաշային կարգի առումով, թե ֆինանսական:

-Իսկ ինչո՞ւ ֆրանսիական լիգան ընտրեցիք:

-Այդ ամենից հետո առաջարկներ ստացա թե իրանական լիգայից, թե ֆրանսիական և թե լեհականից: Ամենաօպտիմալը հենց ֆրանսիականն էր: Առիթ ունեցել եմ երկու լիգաների հետ շփում ունենալ: Եվ երբ երկընտրանքի առաջ էի, Իրան, թե Ֆրանսիա, ընտրեցի Ֆրանսիան: Նախ շատ ավելի ռեալ և պարզ էր ամեն ինչ: Իրանում ասում էին, արի պայմանագիրը ստորագրի, մնացածը հետո, իսկ Ֆրանսիայում ամեն ինչ հստակեցված էր, ինչպես Գերմանիայում: Ակումբս վերջին երկու տարիների Ֆրանսիայի չեմպիոն է: Բացարձակ չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս ակումբը: Մի ցավոտ բան կա, այն է, որ ակումբն այս տարի չի կարողանա պայքարել չեմպիոնության համար: Երկու առաջատար մարզիկներ տարբեր քաշային կարգերում վնասվածք ստացան և փոխարինվեցին երկրորդ համարներով: Նախորդ տարի, ում հաղթել էինք, այս տարի զիջեցինք և հիմա երրորդ տեղի համար ենք պայքարում: Դեկտեմբերի 14-ին կմեկնեմ Ֆրանսիա, իսկ 16-ին կլինեն երրորդ տեղի համար գոտեմարտերը: Անձնականում հաղթել եմ իմ բոլոր 7 գոտեմարտերում էլ:

-Դուք տարվա մեկնարկին չէիք մասնակցում միջազգային մրցաշարերի ըմբշամարտում կանոնների փոփոխության պատճառով: Ինչո՞ւ է կանոններն անընդմեջ փոփոխվում:

- ՄՕԿ-ն ունի չափորոշիչներ բոլոր մարզաձևերի համար: Եվ օլիմպիական շրջափուլի ավարտից հետո պահանջներ է ներկայացնում տվյալ ֆեդերացիային, որը պետք է համապատասխանեցնի տվյալ նորմերին: Երբ ՄՕԿ-ը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային ներկայացրել էր այդ ամենը, մերոնք շրջանցել էին այն: Եվ մեծամասամբ չէին կատարվել այն պահանջները, որոնք կային ՄՕԿ-ի կողմից: Այն ամենը կուտակվելով մեծ խնդիր էր դարձել, որին գումարվել էին կոռուպցիոն սկանդալները: Բոլորը բաց խոսում էին այդ կոռուպցիաների մասին: Վերջին ակորդը եղավ Պեկինի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած սկանդալը, որտեղ կողմնապահության պատճառով մարզիկները պարտվում էին: Հենց դա էլ սկիզբ դրեց մեր ֆեդերացիայում արմատական փոփոխությունների, որը մենք հաղթահարեցինք և մնացինք օլիմպիական շարժման մեջ: Ամեն ինչ բնական ձևով չեղավ, ցուցադրաբար արվեց: Արագության մեջ, ենթադրում եմ, որ որոշ բաներ բարձիթողի մատնվեցին: Հետագայում, երբ մենք մնացինք օլիմպիական շարժման մեջ, ավելի շատ ժամանակ եղավ ուսումնասիրելու համար: Բայց նույն ֆեդերացիայի ներսում կային իրար դեմ պայքարող ուժեր, որոնք ըմբշամարտի զարգացումը տեսնում էին տարբեր ուղղություններով: Այդ ամենը բերեց փորձարկումների, որում տուժեցին մարզիկները, ինչպես նաև մարզասերները: Ռիոյից հետո որոշվեց մեկ տարվա ընթացքում փորձարկել առանց չորեքթաթ դրության գոտեմարտերը: Նորից այդ երկու թևերի պայքարի արդյունքում: Քանի որ կան երկրներ, որոնք ուժեղ ենք միայն ձայնով:

-Որո՞նք են այդ երկրները:

-Ենթադրում եմ, փաստեր չունեմ, ավելի շատ արևմտյան և սկանդինավյան երկրները: Քանի որ սկանդինավյան երկրներում ամեն ինչ դրված է ուժային ըմբշամարտի վրա, իսկ ավանդույթ ունեցող դպրոցներն ուզում են, որ երկու դիրքերն էլ լինեն՝ կանգնած և չորեքթաթ: Այս մեկ տարին փորձարկելուց հետո երկու կողմերն էլ հասկացան, որ սա պարզապես կսպանի ըմբշամարտը: Այժմ խոստացել են, որ 90 տոկոսով լինելու են այս կանոնները մինչև Օլիմպիական խաղեր: Իսկ այն 10 տոկոսը փոքրիկ փոփոխություններ կլինեն: Օրինակ՝ ժամերի փոփոխություն կամ կհստակեցվի՝ նկատողության ժամանակ կլինի միավոր, թե՝ ոչ:

-Իսկ ի՞նչ կասեք ձեր բացակայության մասին:

-Այո, Եվրոպայի նախորդ տարվա առաջնությունը բաց թողեցի իրենց օրենքների պատճառով: Ոչ թե չէի կարող մրցել այդ կանոններով, ոչ, հանգիստ կարող էի, բայց մի քանի հանգամանքներ կային: Մեկն, օրինակ, գոնե 80 տոկոսով չէի կարողանա իմանալ արդյունքը մրցաշարում: Իմ մարզավիճակից ելնելով՝ մոտավոր գիտեմ, թե ինչի եմ ունակ: Բայց այս դեպքում դու կարող էիր լավագույն մարզավիճակում լինել և մնալ առանց մեդալի: Ինձ համար նաև անհետաքրքիր էր 6 րոպե պարզապես հրել դիմացինին: Հետո հավաքականի գլխավոր մարզչի՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ քննարկելուց հետո հասկացա, որ հարկավոր է Օլիմպիական խաղերից հետո դադար վերցնեմ: Բացի այդ, կային այլ գործեր ևս ուսման հետ կապված, որոնք կիսատ էին մնացել:

-Ժամանակից առաջ չանցնելով. կտեսնե՞նք ձեզ «Տոկիո-2020»-ում:

-Այս օրենքներով տրամադրված եմ մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը հասնել: Պետք է համոզված լինեմ ու հասկանամ, որ «Տոկիո-2020»-ում մեդալի հավակնորդ կլինեմ, այլապես ինքս կհրաժարվեմ: Թող մի երիտասարդ մարզիկ գնա, ում համար փորձ կլինի: Քանակն այստեղ էական չէ, հասկանում եմ, որ ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում 4-րդ Օլիմպիական խաղերին մասնակցել: Եթե զգամ, որ Տոկիոյի խաղերի համար պատրաստ չեմ, տեղս կզիջեմ երիտասարդներին: Այս պահին վստահ եմ, որ կարող եմ: Ամենակարևորը զգում եմ թարմություն, ցանկություն և ինքս ինձ ապացուցելու բաներ ունեմ:

-Արսեն, ակտիվ քաղաքացիական կյանքով եք ապրում՝ հասարակական կարծիք ձևավորելով: Արդյո՞ք հնարավոր է, որ ձեզ նաև քաղաքական ասպարեզում տեսնենք:

-Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք, ապա կասեի, այո: Բայց հիմա ավելի «ոչ»-ին եմ հակված: Քանի որ հասկանում ես, որ քաղաքական բնագավառը, որքան էլ հետաքրքիր է, բայց բավականին հյուսված է տարբեր զարգացումներով: Միայն քո որակները բավարար չեն, քո տեսլականը բավական չէ: Պետք է ունենաս թիմ, համախոհների բանակ և պետք է վստահ լինես նրանց վրա, ինչը, նույնիսկ փոքր խմբերի դեպքում միշտ չէ, որ հաջողվում է: Չեմ բացառում, բայց հիմա ավելի շահագրգռված եմ փորձելու ինձ միջազգային սպորտային կառույցներում:

-Ի՞նչ եք կարդում հիմա:

-Հիմա կարդում եմ Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան»: Եվ վերջին շրջանում հայերեն թարգմանությամբ առաջին գիրքն է, որ կարդում եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցասերներին, որ կարդան:

-Որպեսզի չլինի գեղարվեստական, խորհուրդ եմ տալիս կարդալ նեղ մասնագիտական գրքեր, կամ օրինակ՝ ինչպես վարել սեփական բիզնեսը: Նախորդ տարի ինձ մոտ մի շրջան էր, որտեղ կարդում էի Դոնալդ Թրամփի գրքերը: Նա դեռ այն ժամանակ նախագահ չէր: Եթե անկեղծ, ապա բացարձակ տպավորված չեմ: Բնավ: Բիզնեսի հետ կապված իր գիտելիքները նա չի փոխանցում այդ գրքերի միջոցով: Եվ հետաքրքիր տակտիկական քայլ էր արել, գիրքն ուներ նաև համահեղինակ: Արմատներով ճապոնացի Ռոբերտ Կիոսակին է: Վերջին գրքերը միասին են գրել, և երբ կարդում ես, հասկանում ես, որ ամբողջ գիրքը գրել է հենց Կիոսակին: Թրամփը միայն մի պահի համաձայնում է համահեղինակի հետ:

-Արսեն, մեր նախորդ զրույցներում, ասում էիք, որ մեծ ցանկություն ունեք կիթառ նվագել սովորել: Սովորեցի՞ք:

-Ոչ, դեռ ոչ: Ցանկությունս ուժի մեջ է, բայց չեմ հասցնում: Հաստատ, ինչ-որ մի օր անելու եմ, ինչպես նաև իսպաներեն սովորելը:

-Տոներն են մոտենում, որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:

-Սիրում եմ տոներն ավելի տաք երկրներում անցկացնել, բայց այս տարի չհաջողվեց: Եթե ստացվի, ապա ցանկություն ունեմ Լապլանդիայում նշել Ամանորը: Այս շրջանում խիտ գրաֆիկ ունեմ, և միայն 10 օր եմ ազատ, դրա համար Ամանորը կնշենք փոքր ընտանեկան, ընկերական շրջապատով Երևանում:

-Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի և Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]