Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում առկա գնաճային ֆոնը համեստ է. Վարդան Արամյան

Հայաստանում առկա գնաճային ֆոնը համեստ է. Վարդան Արամյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համեստ է որակում երկրում առկա գնաճային ֆոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանն ընդգծեց, որ գնաճային ֆոնը 0.8 տոկոս է: «Մարդու սոցիալական վիճակի վրա գնաճի ազդեցության պարագայում մենք ոչ թե պետք է վերցնենք 12-ամսյա գնաճը, այլ միջին գնաճը: Մեզ մոտ հիմա այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 0.8 տոկոս է: Այսինքն՝ գնաճային ֆոնը համեստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Անդրադառնալով առանձին ապրանքատեսակների թանկացումներին՝ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է տարբերակել առանձին ապրանքների թանկացումը ընդհանուր գնաճային ֆոնից: «Եթե մենք վերցնում ենք մի քանի ապրանքատեսակների թանկացումը և ասում ենք, թե խայտառակ գնաճային ֆոն է, բարդություններ են առաջանում»,- ընդգծեց Արամյանը՝ հավելելով, որ ցանկացած ապրանքատեսակի թանկացման մասով կան տարբեր հիպոթեզներ, որոնք պետք է թեստավորվեն, որովհետև այլ բան է հայտարարություններ անելը, այլ բան է շուկայում վերլուծություն անելը և պարզելը, թե ինչն է թանկացման պատճառը:

Նախարարը, որպես օրինակ, բերեց մսամթերքի թանկացումը: Նա՝ որպես տնտեսագետ, ներկայացրեց մսամթերքի թանկացման վերաբերյալ իր հիպոթեզը, որը դեռևս պետք է ենթարկվի թվային վերլուծության: «Մեզ մոտ տեղական մսամթերքի հիմնական արտադրողները գյուղացիներն են: Վերջին երկու-երեք տարիներին մենք խոսում ենք այն մասին, որ մինչև 33 տոկոս կրճատվել են տրանսֆերտները: Այս տարի առաջին անգամ է, որ մենք տրանսֆերտների վերականգնում ունենք: Քանի որ տրանսֆերտների մի մեծ հատված գնում է գյուղական համայնքներ, նշանակում է, որ մեր գյուղացիների եկամուտները որոշ չափով նվազել են, ակնհայտ է, որ նրանք եկամտի այլ աղբյուր պետք է ունենան: Ակնհայտ է, որ նրանք այս պայմաններում նախորդ տարիների վարքագծի համաձայն իրենց անասունների մորթ կկատարեն: Սա կարող է լինել մեկ փաստարկ, որ առաջարկը հարաբերականորեն կրճատվել է, իսկ եթե առաջարկը կրճատվել է, բնականաբար, գինն էլ պետք է արձագանքի դրան»,- պարզաբանեց նախարարը:

Որպես մսի թանկացման երկրորդ հնարավոր պատճառ նախարարը համարում է անասունների արտահանումը, ինչի հետևանքով էլ ներքին շուկայում առաջարկը նվազում է, իսկ գինը, հետևաբար, համապատասխան արձագանք է ցուցաբերում:

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անհնար է գտնել մի սպառողի՝ անկախ նրանից, թե ինչ խավի է նա պատկանում, ով դրական արձագանքի որևէ թանկացման:

Հարցին, թե թանկացումներն ինչպես են ազդում սոցիալապես անապահով խավի վրա, նախարարը պատասխանեց. «Իհարկե, բացասական: Ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»:

Հայաստանում վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների զգալի թանկացումներ են նկատվում: Մասնավորապես, թանկացումներ են նկատվում մսամթերքի և կարագի շուկաներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]