Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Հայաստանի ԱԺ պատգամավորները հանդիպումներ են անցկացրել Իրանում


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Վահրամ Բաղդասարյանի գլխավորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում:

Տնտեսական համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծվող տնտեսական ազատ գոտու աշխատանքներին, հնարավորություններին ու գործունեության հետագա կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառությանն ինչպես հայկական եւ իրանական, այնպես էլ կողմերի միջնորդությամբ ու աջակցությամբ այլ շուկաներում:

Էներգետիկայի ոլորտում քննարկվել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ինչին պետք է հաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ՝ դրանցում ներգրավելով երկու երկրների գործադիր իշխանությունների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսվել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնությամբ հանդես կգան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:

ԻԻՀ Մեջլիսի ներկայացուցիչները հավաստել են, որ իրանական օրենսդրությունը լիբերալ է, ինչը լայն հնարավորություն է տալիս խորացնելու արդյունավետ համագործակցությունը քննարկված ոլորտներում: Վերահաստատվել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել բոլոր ոլորտներում:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ