Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Սպասվող լրահոս. 12.12.2017


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 12-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի արդյունքների ամփոփման և 2018թ. «Մեր Մեծերը» ծրագրում առաջարկվող անունների հաստատման մասին: Անդրադարձ կլինի նաև Սփյուռքի նախարարության 2018թվականի ծրագրերին, կներկայացվեն Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործողությունները՝ ուղղված Սփյուռքում` ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնմանը:

Երևանում կանցկացվի Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննում։ Փորձագետներն ու բնապահպանները կքննարկեն Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված խնդիրները։

«Ազգ» շաբաթաթերթի խմբագրության գրադարան-լսարանում կանցկացվի Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված կլոր սեղան՝ նախաձեռնությամբ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչություն: Կմասնակցեն քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիոլոգներ, արվեստագետներ: Գլխավոր զեկուցողն է ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Արման Եղիազարյանը:

Թումո ստեղծարար և տեխնոլոգիաների կենտրոնում կտրվի «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղի պաշտոնական մեկնարկը։ Թումո կենտրոնը ծրագիրն իրականացնում է ԵՄ հայաստանյան գրասենյակի հետ: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին։

Երևանի «Դալան» ցուցասրահում կբացվի «12 պատմություն» խորագրով ցուցահադես: «12 պատմություն»-ը ցուցադրում է կտավներ, որոնք վերարտադրում են 12 սիրիահայ կանանց և աղջիկների վերապրած ծանր ճանապարհը: Կտավների հեղինակները հայ ժամանակակից երիտասարդ նկարիչներ են: Ցուցահանդեսը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը: Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ դեսպանատան, Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ աջակցությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը կանցկացվի մրցանակաբաշխություն: Օրվա հերոսները ուսուցիչներն են: Մրցանակներ կստանան «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցուպատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչները, դասվարները: Մասնակիցներին պարգևներ կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ու  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրվա կապակցությամբ կանցկացվի «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով ասուլիս: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առողջապահության ոլորտում մատչելիության խնդիրները կդարձնեն քննարկման առարկա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ