Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հերթական անգամ անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Հայաստանում գործող մի շարք դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ մրցանակներ հանձնեցին երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության  եւ հավասար հնարավորությունների  խթանման համար պայքարող անձանց:  Մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն «Խիզախ կին» մրցանակը շնորհեց «Հալեպ» կազմակերպության նախագահ Անի Բալխյանին՝ շեշտելով, որ նա քիչ մարդկանցից էր, ով  առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը եւ օգնեց շատերին դուրս գալ սիրիական հակամարտության գոտուց:

«Ճգնաժամերի եւ զինված հակամարտությունների ժամանակ էլ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, եւ հենց այս ժամանակներում է, երբ  ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ  վտանգված է  սեփական կյանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անի Բալխյանը նշեց, որ կազմակերպության կողմից իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին: Ծրագրի միջոցով են կազմակերպությունը կարողացել է ապահովել Հալեպում ապրող  կարիքավոր ընտանիքների վերադարձը Հայաստան՝ կազմակերպելով տարբեր դրամահավաքներ նրանց օժանդակելու համար: Անի Բալխյանի խոսքով՝ ծրագրի միջոցով արդեն իսկ 550 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան:

«Ամենակարեւորը, երբ մարդիկ դիմում են ձեզ, եւ անկարելի է լուռ մնալ եւ ձեռք չմեկնել: Հալեպից նրանց դուրս բերելու համար իսկապես մեծ ուժ ու ջանք  էր պետք»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության շրջանակում այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը», որը ֆրանս- գերմանական համաշխարհային նախաձեռնության մի մասն է եւ միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անհատին, ով բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններ Ժոնաթան Լաքոտը եւ Մաթիաս Քիսլերը հանձնեցին այս մրցանակը Գյումրու «Ագաթ-հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանին:

«Անչափ ոգեւորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց եւ նրանց ընտանիքների համար»,-ասաց Գերմանիայի դեսպանը: Իսկ  Ֆրանսիայի դեսպանն էլ ընդգծեց, որ սահմանելով այս մրցանակը՝ ցանկացել են արժեւորել  Հայաստանում հավասար հնարավորությունների հաստատման համար տարվող աշխատանքը:   

ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց, որ մրցանակն անչափ պարտավորեցնող է, քանի որ այսուհետ առավել մեծ ոգեւորությամբ պետք է աշխատեն հանուն միասնական  նպատակի:

«Այս մրցանակը խորհրդանշական է, քանի որ այս տարի մեր կազմակերպությունը նշում է հիմնադրման տասը տարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի թիմին, քանի որ առանց նրանց ես չէի կարող հասնել այս ամենին: Պետք է ասեմ, որ ցավոք, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ամենուր խտրականության են բախվում՝ կապված անմատչելի ֆիզիկական միջավայրի, հասարակության վերաբերմունքի պատճառով: Մենք ամեն ինչ անում ենք, որ հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի նրանք կրթություն ստանան,  մասնակցեն փոխանակման ծրագրերի եւ աշխատանք ձեռք բերեն»,-շեշտեց Կարինե Գրիգորյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիայի ղեկավար Մարիանա Գրիգորյանին՝ նշելով, որ խոսքի ազատությունն է ժողովրդավար եւ ազատ հասարակության հիմքը:

«Մեծ պատիվ է վերապահված հանձնել այս մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջեւ ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու եւ դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետեւողական աշխատանքի համար: Մարիանա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ Հայաստանում առավել ազատ, արդար եւ ժողովրդավար դարձնելու ձգտումով»,-ասաց ԱՄՆ դեսպանը:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարութան բարեփոխիչ» մրցանակը շնորհեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակը հանձնեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին, իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն  Չիքը  «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ