Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի 
ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:

Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու կարեւորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաեւ օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության ապահովման կարեւորությունը:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ շարունակվող համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:

Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Պարոն Բուզետտոն նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, խորհրդարանի առանցքային գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]