1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա

Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք 
գործել ռուսական շուկա

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանթ Խայալյանն այն բազմաթիվ սիրիահայերից էր, ով սիրիական պատերազմով պայմանավորված հարկադրված տեղափոխվեց Հայաստան: 2013 թվականն էր, երբ նա եկավ Երևան: Սիրիայում նա զբաղվել է գովազդի դիզայնով, ունեցել է զեյթունի արտադրամաս և ներգրավված է եղել այլ գործերում: Դրանից զատ, ունեցել է սիրողական զբաղմունք՝ բնական միջոցներից օճառ պատրաստելը: Այն ժամանակ դրանք նվիրում էր իր ծանոթներին, բարեկամներին, ներկայացնում ցուցահանդեսներում: Մի անգամ Շանթ Խայալյանի պատրաստած օճառները ներկայացվեցին Հորդանանում անցկացված ցուցահանդեսում, որտեղ դրանք մեծ գովեստի  արժանացան: Հայաստանում նա որոշեց իր սիրողական զբաղմունքն ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնել և այն դարձնել հիմնական գործ: Այդ նպատակով նա դիմեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու համար:

«Բնականաբար, դժվարություններ կային, նոր էի բիզնես սկսում, ինձ ժամանակ էր պետք, որ շուկան ճանաչեր ինձ: Մարդիկ ծանոթանային իմ ապրանքին: Իմ պատրաստած ապրանքատեսակը քիչ-քիչ ճանաչելի դարձավ, սկսեցի ավելացնել տեսականին: Օճառներից բացի, բնական միջոցներից սկսեցի պատրաստել շամպուններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շանթ Խայալյանը: Երիցուկից, խնկածաղկից, գազարից, մաղադանոսից և այլ միջոցներից պատրաստած շամպուններն ու օճառները շուտով գտան հասցեատերերին: Գործնակում ձեռքի աշխատանքն ընդլայնելուն զուգահեռ Շանթ Խայալյանը մասնակցել է մարկետինգի, բիզնես դասընթացների:

«Այս ընթացքում, օգտագործելով տարբեր առիթներ, մի քանի երկրում ներկայացրել եմ իմ ապրանքը: Մասնավորապես, Իրանում, Ղազախստանում, առաջիկայում նախատեսում եմ ներկայացնել Վրաստանում, Լիբանանում: Ի դեպ, արդեն գործընկեր  եմ գտել Ռուսաստանում, նախատեսում եմ իմ ապրանքները քիչ-քիչ դուրս բերել նաև ռուսական շուկա, որը երկու ամիս է ուսումնասիրվում է: Այնտեղ մեծ ներուժ եմ տեսնում, այժմ թղթաբանության հարցերով եմ զբաղվում»,-ասաց նա: Շանթ Խայալյանը, ընդլայնելով իր ապրանքների տեսականին, ցանկում ավելացնում է բնական միջոցներից պատրաստած լոգանքի գելերը, ձեռքի հեղուկ օճառները, առաջիկայում էլ՝ ավելի ուշ, մանկական լվացքի փոշի: Նա նաև ինտերնետային կայք է թողարկել, որտեղ ներկայացված են տարբեր անձանց ձեռքի աշխատանքները:

«Գործը կամաց-կամաց առաջ է գնում, տեղի սովորություններին ընտելանում եմ, օրինակ, Ամանորին սկսել եմ խոզի բուդ պատրաստել (ծիծաղում է): Հայաստանն ինձ շատ դուր եկավ: Սիրիա չեմ վերադառնալու: Միայն կարող է գնամ՝ տեսնելու, թե այնտեղ ինչ է մնացել, ինչ կարող եմ վաճառել և վերադառնալ»,-ավելացրեց Շանթ Խայալյանը:

Ի դեպ, Շանթ Խայալյանի քույրն է ընտանիքով փորձում Հայաստանում հաստատվել: Ներկայում ուսումնասիրում են շուկան, խմորեղենների արտադրությամբ զբաղվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]