Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանություն գործելուց ոչ պակաս հանցագործություն է այն կոծկելը. դեկտեմբերի 9-ը ցեղասպանության կանխարգելման օրն է

Ցեղասպանություն գործելուց ոչ պակաս հանցագործություն է այն կոծկելը. դեկտեմբերի 
9-ը ցեղասպանության կանխարգելման օրն է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործում առաջամարտիկի իր դերը։ Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից հռչակված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարել է, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք ոչ միայն դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, այլ առհասարակ «ցեղասպանություն» երևույթը։ Ընդդեմ ցեղասպանության քաղաքական արշավի առաջամարտիկներից մեկն է Հայաստանը, եթե ոչ առաջամարտիկը։ Դրան էին ուղղված Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ համաժողով»-ները, որին ավանդաբար մասնակցում են տարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական ու գիտական գործիչներ»,-ասաց ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ մեր երկրի քայլերը պետք է շարունակվեն՝ ներառելով ցուցահանդեսներից մինչև գիտական քննարկումների անցկացում։

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահը այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին հայտարարել է 2018-ին ցեղասպանության դատապարտման հռչակագրի ընդունման 70-րդ տարելիցի առիթով տարբեր միջոցառումներ անցկացնելու Հայաստանի մտադրության մասին։ Քաղաքական գործիչն ընդդեմ ցեղասպանության պայքարի գործում կարևոր համարեց նաև ՀՀ ԱԺ-ի կողմից հույների ու ասորիների ցեղասպանության ճանաչումը։ «Մենք բոլոր վեհաժողովներում խոսում ենք այդ երևույթի վերաբերյալ։ Ես որպես ԱԺ փոխխոսնակ արդեն մի քանի իմ արտասահմանյան հանդիպումների ժամանակ իմ խորհրդարանական գործընկներին կոչ եմ արել միավորվել ընդդեմ ցեղասպանության երևույթի, դատապարտել թե Հայոց, թե առհասարակ ցեղասպանությունները, որ դա ունենա կանխարգելիչ դեր»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։ Նա տեղեկացրեց, որ օրեր հետո պաշտոնական այցով լինելու է Վիլնյուսում և Ռիգայում, որտեղ ևս արտաքին քաղաքական օրակարգի հարցերից է լինելու ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի կարևոր առաքելություններից է պայքարը ժխտողականության դեմ, քանի որ «ցեղասպանություն գործելուց ոչ պակաս հանցագործություն է այն կոծկելն ու արդարացնելը»։ «Այս իմաստով մենք պետք է շարունակենք թե քաղաքական, թե գիտական, թե բոլոր հարթություններում ընդդեմ ցեղասպանության մեր արշավը։ Հայ ժողովուրդն իր մաշկի վրա է զգացել ցեղասպանություն երևույթի ամենավատ վնասները։ Այդ հարցում մենք պետք է ձգտենք ունենալ ողջ քաղաքակիրթ աշխարհի, բոլոր պետությունների աջակցությունը, ում համար մարդու իրավունքների պաշտպանության հարցը սուրբ պարտականություն է, որպեսզի միասնական քայլերով դատապարտելով նախկին ցեղասպանությունները, կանխարգելենք նոր ցեղասպանությունները»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Նա կրկնեց պարզ ճշմարտությունը, համաձայն որի, քանի դեռ չես ճանաչում ու դատապարտում նախկին ոճրագործությունները, 21 դարում դրանց կրկնության վտանգը միշտ կա։

«Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժման» հռչակագիրն ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։  Այն ցեղասպանության իրավական սահմանումն ու իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացված բազմամյա աշխատանքի հանգուցակետն է, ով ստեղծեց «գենոցիդ» եզրը` հիմք ընդունելով ասորիների կոտորածները, Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը (աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայք):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]