Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստան» հիմնադրամի Արցախում ծրագրերի համակարգողն ամփոփել է անցնող տարվա ծրագրերը

«Հայաստան» հիմնադրամի Արցախում ծրագրերի համակարգողն ամփոփել է անցնող 
տարվա ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ ընթացիկ տարում շահագործման է հանձնվել ռազմավարական նշանակություն ունեցող «Վարդենիս-Մարտակերտ» մայրուղին, իրականացվել են համայնքային նշանակության մի շարք ծրագրեր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանն ասել է, որ ընթացիկ տարում իրականացված խոշոր ծրագրերից Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումը թույլ է տալիս զարգացնել մերձակա շրջանների տարածքների սոցիալ-տնտեսական վիճակը:

«Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղու (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև հնարավորություն է տալիս սերտացնել միջհամայնքային կապերը, նպաստել հարակից համայնքների տնտեսական զարգացմանը»,- նշել է Վալերի Ղազարյանը:

2017 թվականին շահագործման են հանձնվել նաև համայնքային կենտրոններ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Մարտունու շրջանի Սարգսաշեն և Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղերում: Ավարտված ծրագրերից է նաև Ստեփանակերտ քաղաքի ուռուցքաբանության կենտրոնի շենքի և Շուշիի մշակույթի կենտրոնի դահլիճի կառուցումը:

Վալերի Ղազարյանի խոսքով՝ մանկապարտեզներ են շահագործման հանձնվել Շուշիի շրջանի Քարին տակ և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքներում, իսկ Մարտունու շրջանի Սոս գյուղում՝ նորակառույց դպրոց:

Խոսելով բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրից՝ Վ. Ղազարյանը նշել է, որ այդ շրջանակներում ընթացիկ տարում 13 առանձնատուն է հանձնվել իրենց տերերին: Կառուցվում է ևս 10 առանձնատուն:

«Ընթացիկ ծրագրերից է նաև Ստեփանակերտի 9-րդ դպրոցի վերակառուցումը: Դպրոցական շենքի մի մասնաշենքը և սպորտդահլիճն արդեն վերակառուցվել են: Ներկայումս աշխատանքները շարունակվում են մյուս հատվածում»,- նշել է նա: Նոր դպրոցական շենք է կառուցվում նաև Հադրութի շրջանի Ուղտասար համայնքում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ շինարարական լայնածավալ աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում:

Վալերի Ղազարյանն ասել է, որ ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Գետավան, Հադրութի շրջանի Տումի և Թաղասեռ, Ասկերանի շրջանի Քռասնի ու Խնձրիստան գյուղերում համայնքային կենտրոնների կառուցումը:

Անդրադառնալով այս տարվա «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին՝ նա նշել է, որ «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքագրված 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրերի. Մարտունու և Ասկերանի շրջաններում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև Ասկերանի և Շուշիի շրջաններում արևային էներգիայի կայանների տեղադրմանն ու Քարին տակ գյուղն ամբողջությամբ տաք ջրով ապահովելու ծրագրին:

Հիմնադրամի 2018 թվականի ծրագրերից է լինելու նաև Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]