Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուսուլմանական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշման դեմ

Մուսուլմանական մի շարք  երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում Երուսաղեմի 
հարցով ԱՄՆ-ի որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսուլմանական մի շարք երկրների բնակիչներ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց են դուրս եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ակցիա է սկսվել, որին մասնակցում են նաև քաղաքական գործիչներ, խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Բողոքի լայնածավալ ակցիաներ են ընթանում նաև Թուրքիայում: Ստամբուլի, Անկարայի, Էսքիշեհիրի, Մանիսի և երկրի այլ խոշոր քաղաքների հազարավոր բնակիչներ ուրբաթօրյա աղոթքից հետո մասնակցում են բողոքի քայլերթերի: Քայլերթերը գլխավորել են հասարակական կազմակերպությունները: Մզկիթներից դուրս եկող հավատացյալների խմբերին միացել են նաև անցորդները: Ցուցարարները պարզել են պաստառներ հետևյալ գրություններով. «Երուսաղեմը մուսուլմանական սրբություն է», «Իսրայելը մարդասպան է, ԱՄՆ-ն` նրա հովանավորը»: Նրանք նաև հակաիսրայելական և հակաամերիկյան լոզունգներ են հնչեցնում: Թուրքիայի ոստիկանությունը ցույցերի անցկացմանը չի խոչընդոտում, անկարգությունների մասին հաղորդումներ չկան:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ևս մի քանի հարյուր ցուցարար բողոքի ակցիա են անցկացնում Ալ-Ազհար մզկիթի մոտ: Նրանք պարզել են պաղեստինական դրոշներ և հանդես եկել հետևյալ վանկարկումներով. «Երուսաղեմն արաբական է. ոչ արևելյան է, ոչ էլ արևմտյան», «Հոգով ու սրտով Պաղեստինի հետ ենք»:

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Իրաքում: Բաղդադի և այնպիսի խոշոր նահանգների բնակիչներ, ինչպիսիք են Քիրքուքը, Բասրան, Նայվանան, Սալահ էդ-Դինը, Նաջաֆը, Կերբելան, նույնպես դուրս են եկել փողոց: Ակցիաներին մասնակցել են տեղական չինովնիկներ և կրոնական գործիչներ, իսկ մայրաքաղաքում ցուցարարներին միացել է Իրաքում Պաղեստինի դեսպան Ահմեդ Ակալը: Իրաքի քաղաքներից մեկում ցուցարարները վառել են Իսրայելի դրոշը:

Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Երուսաղեմում ոստիկաններին հաջողվել է ցրել ցույցը, որից հետո այն կրկին վերսկսվել է, սակայն մասնակիցների թիվը նախորդի համեմատ պակաս է եղել: Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում ցուցարարները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Նշվում է, որ բախումների հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 200 պաղեստինցի է տուժել: Իսրայելական բանակի տվյալներով Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում և Գազայի հատվածում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Զինվորականները հատուկ միջոցներ են կիրառում` օդ կրակելու եղանակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]