Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ինչքա՞ն կտեւի կայունությունը Լիբանանում


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Նախօրեին, շուրջ մեկ ամիս ընդմիջումից հետո, Լիբանանի կառավարությունը, նախագահ Աունի գլխավորությամբ, առաջին նիստն է գումարել եւ հանդես եկել հայտարարությամբ, որտեղ խիստ կարեւորվել է Լիբանանի զսպվածության ու չեզոքության քաղաքականությունը։ Նա անդրադարձել է վարչապետի հրաժարականին հաջորդած իրադարձություններին եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով քաղաքական ուժերի ու տարբեր երկրների ղեկավարների հետ բանակցություններին։ Իսկ Հարիրին կառավարության նիստում պաշտոնապես հայտարարել է, որ հետ է վերցնում հրաժարականը։ Այսպիսով, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարվել է։
Նիստից հետո Հարիրին ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հայտարարել է նաեւ, որ երկրի կայունության պահպանումը պետք է գերակա լինի առաջնային բոլոր հարցերից, իսկ ինքը ձգտելու է երկիրը հեռու պահել տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններից։ Նա նաեւ շեշտել է, որ Լիբանանն անթույլատրելի է համարում այլ երկրների միջամտություններն իր ներքին գործերին, ուստի որեւէ լիբանանցի չպետք միջամտի այլ երկրների եւ մասնավորապես Պարսից ծոցի ավազանի արաբական եղբայր երկրների ներքին գործերին։ Նա հավելել է, որ պաշտոնապես պետք է հայտարարել Բեյրութի չեզոքության քաղաքականությունը։ 
Փաստորեն Հարիրին դարձյալ իրանական կողմնորոշմամբ «Հեզբոլահից» պահանջում է չմասնակցել արաբական երկրներում տեղի ունեցող հակամարտություններին, նույնիսկ ԶԼՄ-ների մակարդակով, իսկ Իրանից՝ չմիջամտել Լիբանանի ներքին գործերին։ Թեեւ Հարիրին ակնարկում է Պարսից ծոցի երկրներին, սակայն ավելի շուտ նա նկատի է ունեցել «Հեզբոլահի» ուժերի մասնակցությունը Սիրիայի ներքին բախումներին, որտեղ բավական լուրջ դերակատարություն ունեն՝ կանգնելով Սիրիայի բանակի կողքին։ Մինչդեռ Սիրիայի հարցում Լիբանանը պաշտոնապես չեզոքություն է հայտարարել։ Մյուս կողմից, հաշվի առնելով, որ «Հեզբոլահի» զինված թեւը նույնիսկ ավելի հզոր է, քան այդ երկրի բանակը, այն զինաթափելը գրեթե անհնար է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով։
Այսուհանդերձ, Էր Ռիյադին հակված եւ ծագումով Սաուդյան Արաբիայից վարչապետ Հարիրին եթե համաձայնել է պաշտոնավարել, ապա դա անշուշտ պետք է պայմանավորված լինի «Հեզբոլահի» հետ որոշ փոխզիջումներով, ինչը բխում է այդ երկրի շահերից։ Քանի որ, ինչպես նշում է միջինարեւելյան հարցերի փորձագետ Մոհամեդ Մոհեբին, Լիբանանի իշխանությունը ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական եւ ո՛չ էլ նույնիսկ տնտեսական առումով ի զորու չէ «Հեզբոլահի» գործունեությունը կասեցնելու։ Նրա կարծիքով՝ Լիբանանի հարցում լուրջ դերակատարություն ունի Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը, ինչը շարունակվում է, ուստի ճգնաժամի հաղթահարումը թերեւս ժամանակավոր բնույթ է կրում։ 
Մոհեբին նշում է, որ Թեհրանը նպատակամղված է հզորացնել «Հեզբոլահին», իսկ Էր Ռիյադը ձգտում է հասնել վերջինիս զինաթափմանը, այն դեպքում, երբ դրա հզորացումը ճգնաժամածին է, իսկ զինաթափելը՝ արկածախնդրություն։ Ըստ Մոհեբիի եւ այլ փորձագետների՝ Լիբանանի եւ տարածաշրջանի հարցերի լուծումը պայմանավորված է հիշյալ երկու տերությունների՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելով, ինչին գոնե Էր Ռիյադը հակված չէ, իսկ Իրանի կողմից նման ցանկություն տարբեր առիթներով հնչել է։ Փորձագետների կարծիքով, նման բանակցությունները միայն միջազգային մակարդակի գերտերությունների միջամտությամբ հնարավոր կլինեն, ինչի հավանականությունը եւս մեծ չէ, հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումներն ու գերտերությունների դիրքորոշումները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ