Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Հայաստանում լույս ընծայված գիրքը վերահաստատում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցվել են հարյուրավոր շինություններ՝ պալատական, ռազմական կառույցներ: Թուրքերը տարիներ շարունակ մերժել են Պալյանների հայ լինելու փաստը: Այսօր արդեն Թուրքիայում խոստովանում են այդ մասին: Աշոտ Գրիգորյանը «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքով ևս մեկ անգամ հաստատում է Պալյանների հայ լինելը: «Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով զրուցել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, նախ ինչպե՞ս առաջացավ գրքի ստեղծման գաղափարը, և ի՞նչ նպատակ է հետապնդում այն:

-Հետազոտությունն ինքնանպատակ չէ: Այն ունի նախապատմություն: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի ծրագրերում ստեղծման օրից եղել է արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների վերաբերյալ արխիվի հավաքումը: Թուրքիայում ապրած և ապրող ճարտարապետների մասին նյութերը հավաքելիս պարզվեց, որ մեծ բաց կա Պալյան ճարտարապետական գերդաստանի վերաբերյալ: Ընդամենը հանրագիտարանային նշանակության նյութ ունեինք: Պալյանները բավականին հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Եվ այդ մերժումը մեզ ավելի շատ ստիպեց գտնելու եզրեր, վերահաստատելու Պալյանների հայ լինելը: Գրքով հիմնավորվեց, թե ովքեր են Պալյանները, ինչպես են հայտնվել Ստամբուլում, արդյոք այն պատահական երևույթ էր, թե հայ ճարտարապետները մինչ Պալյանները ևս գործում էին Ստամբուլում: Եվ պարզվեց, որ Պալյաններից առաջ, իսկապես այնտեղ գործել է Սինան ճարտարապետը, որի հայ լինելու մասին ևս լռում են Թուրքիայում:

-Ինչպե՞ս գտաք Պալյանների մասին նյութերը:

-Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ Պալյանների, նրանց հեղինակած շինություններ մասին նյութերը շատ քիչ են: Եվ մենք Պալյանների արխիվը գտանք Իտալիայում: Բավական մեծ դժվարությամբ այն տեղափոխեցինք Հայաստան: Թուրքիայում ևս ուսումնասիրեցինք շինությունները, լուսանկարեցինք դրանք: Որտեղ հնարավոր չէր լուսանկարահանում իրականացնել, բավարարվեցինք շենքերի արտաքին հատվածի լուսանկարներով միայն: Աշխատանքներում ներառվել են նաև Ստամբուլում գործող հայ լուսանկարիչներ՝ տրամադրելով լուսանկարներ:

-Կարելի է ենթադրել, որ պատմությունը բավականին ծավալուն է եղել, ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձրել գրքում:

-Պալյանները սուլթանի պալատական կառույցները ստեղծելու համար հայկական լեռնաշխարհից հավաքագրել են հայ վարպետների,համագործակցել նաև ֆրանսիացի կոլեգաների հետ: Եվ այս համագործակցությունն է Պալյաններին բերել Օսմանյան կայսրություն, որի արդյունքում եվրոպական ճարտարապետական ուղղություններով հագեցած կառույցներ են ստեղծվել՝ համալրված իսլամի և հայկական ճարտարապետության ազդեցություններով: Գրքում ներկայացվում են ոչ միայն Պալյանները, այլ ողջ հայ շինարարական ներուժը, որն օգտագործվել է: Մենք մի շարք նոր բացահայտումներ ենք կատարել: Ստամբուլում գտել ենք Պալյանների հիմնած արհեստանոցները՝ գորգագործական, մետաքսագործական գործարանները: Մենք ապացուցեցինք, որ Պալյանները ոչ միայն 300 տարի են գործել Ստամբուլում, այլ նրանցից առաջ այնտեղ ևս եղել են հայ ճարտարապետներ, նրանցից հետո և ներկայում ևս կան: Խոսվում է նաև Պալյանների պանթեոնի մասին: Առանձին բաժին ենք նվիրել նաև նյութերը տրամադրողներին: Նյութերը փնտրում էինք ոչ միայն մենք, այլ նաև թուրքերը: Պալյանների ստեղծած ճարտարապետական կոթողների շնորհիվ հիմա նրանք հսկայական տուրիստական հոսքեր ունեն:

-Թուրքիայում ընդունո՞ւմ են, որ Ստամբուլի դիմագիծը կերտելու գործում իրենց մեծ ավանդն են ունեցել հայ ճարտարապետները:

-Նախկինում նրանք ժխտում էին Պալյանների հայ լինելը: Թուրքերը նույնիսկ փորձել են ասել, որ եթե Պալյանները չկառուցեին այդ շինությունները, իրենք իրենց ազգային ճարտարապետության գաղտնիքներն ավելի  շուտ գտնեին: Սակայն, վերջապես, նրանք ընդունեցին և խոստովանեցին Պալյանների հայ լինելու փաստը:

-Մոտ քանի՞ աշխատանք ունեն Պալյանները Ստամբուլում, և դրանցից քանի՞սն են պահպանված այսօր:

-Նրանք հարյուրավոր աշխատանքներ ունեն՝ թե օսմանական, թե հայկական կառույցներ: Դրանք պալատական, ռազմական կառույցներ են, բնակելի տներ, հրշեջ աշտարակներ, կամուրջներ, ջրամբարներ: Պալյանները նաև շատ թաղամասերի ճարտարապետներ են: Հայ համայնքի համար ևս կառուցել են եկեղեցիներ, հիվանդանոցներ: Նրանց կառույցների գրեթե 90 տոկոսը պահպանված է այսօր: Եղել են հրդեհներ, վերաշինումներ, սակայն մեծ մասն այսօր էլ գործում են:

-Ըստ Ձեզ՝ Պալյանների ստեղծած կառույցներից ամենահայտնին ո՞րն է:

-Աչքի ընկնող բոլոր կառույցները Ստամբուլում Պալյանների գործերն են: Սակայն դրանցից ամենամեծը երևի «Դոլմաբահչե»-ի համալիրը, «Չրաղան» պալատն են:

-Ի՞նչ լեզուներով է թարգանվել Ձեր գիրքը, և ի՞նչ կտա այն հանրությանը:

- Գիրքը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն սեղ տարբերակներով: Ներկայում Թուրքիայի հայ համայնքի կողմից այն թարգմանվում է թուրքերեն, որպեսզի տարածվի թուրքական համալսարանական, գիտական շրջանակներում: Պալյանների մասին քիչ է խոսվել Հայաստանում: Թարգմանությունների շնորհիվ ողջ աշխարհը պետք է Ստամբուլ գնալիս տեղեկացված լինի, որ այդ շինությունները հայերի ստեղծածներն են: Գիրքը Հայաստանի մշակույթի ճանաչման, պահպանման խնդիր է լուծում:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ