1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում առաջին անգամ սառցամագլցում կիրականացվի. Ջերմուկը էքստրեմալ ծառայություն է առաջարկում

Հայաստանում առաջին անգամ սառցամագլցում կիրականացվի. Ջերմուկը էքստրեմալ 
ծառայություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքը ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ հանրությանը և տարբեր հետաքրքրություններ է առաջարկում։

«Արմենպրես»-ը «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Գալստյանից հետաքրքվեց, թե այս անգամ ի՞նչ նորությամբ է հանդես գալու իրենց քաղաքը։

-Վազգեն ինչպե՞ս առաջացավ սառցամագլցում կազմակերպելու միտքը։

- Մենք ամեն տարի Ջերմուկում կազմակերպում ենք «Ձնեմարդուկ» փառատոնը՝  նպատակ ունենալով ձմեռային հետաքրքրությունները Ջերմուկում և առհասարակ Հայաստանում զարգացնել և տարբեր ծառայություններ առաջարկել զբոսաշրջիկներին։ Ժամանակի ընթացքում միտք հղացավ, որ կարելի է սառցամագլցում կազմակերպել։ Մեր քաղաքն «ընձեռում է» մեզ այդ հնարավորությունը՝  ժայռերի վրա բնականորեն սառույցներ են ձևավորվում։

-Ե՞րբ եք առաջին անգամ փորձարկել սառցամագլցումը և ինչպիսի՞ աջակցություն եք ստանում։

- Առաջին անգամ աջակցության համար դիմել ենք «Օսմ» (awesome) հիմնադրամին և ստացել այն։ 2016 թվականին առաջին անգամ փորձարկել ենք սառցամագլցում կազմակերպել և շատ ոգևորվեցինք փորձից, որ ունեցանք։ Ճիշտ է, այն անհաջող էր, բայց փորձը մեզ հնարավորություն տվեց հասկանալու, որ մենք  կարող ենք կազմակերպել լիարժեք ծառայություն։ Այս տարի բավականին լավ ենք պատրաստվել այդ ամենին։

-Առաջին փորձն, ասացիք, անհաջող էր, բայց անգամ այդ դեպքում մասնակցել ցանկացողներն ու հետաքրքրվողները շա՞տ էին։

-Ցանկացողները շատ են, բայց ամեն ինչ կախված է նաև նրանից, թե մենք ինչպես «կվաճառենք» ծառայությունը, ինչպես նաև անվտանգության նորմերը հավուր պատշաճի պահպանելու դեպքում, բնականաբար, հետաքրքրությունն ավելի կմեծանա։ Հայաստանում երբեք չի եղել սառցապատ ու սառցամագլցում չի իրականացվել՝ մենք նորություն ենք առաջարկում մեր շուկային։ Ձմեռային հետաքրքրությունները, որքան շատ լինեն, այնքան տուրիստական հոսքը Հայաստան ավելի շատ կլինի։ Շատերը գալիս են և զգում են նմանատիպ հետաքրքրությունների կարիք, և մենք փորձում ենք որոշ չափով լրացնել այդ բացը։ Էքստրիմի սիրահար մարդկանց, ովքեր ամռանը գտնում են տարբեր էքստրեմալ հետաքրքրություններ, ձմռան պարապությունը լցնելու միջոց ու հնարավորություն է տալիս Ջերմուկը։

-Ինչպե՞ս եք պատրաստվել, և էքստրիմի սիրահարները ե՞րբ կկարողանան օգտվել այդ ծառայություններից։

-Սառցամագլցման համար նախատեսված գործիքներ ունենք, մասնագետներ և մենք ինքներս վերապատրաստվել ենք ամբողջ ամառվա ընթացքում։ Դեկտեմբեր ամսվա կեսերից հետո, երբ սառույցն արդեն լավ ձևավորված կլինի՝ կկարողանանք զբոսաշրջիկներին և բոլոր ցանկացողներին սառցամագլցումը մատուցել որպես ծառայություն։ Ծառայությունը մատուցվելու է «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության իրավասության ներքո։

-Արդյոք համագործակցելո՞ւ եք տուրիստական գործակալությունների հետ և իրականացնելո՞ւ եք զբոսաշրջիկների տեղափոխում։

-Նախատեսում ենք համագործակցել տուրիստական գործակալությունների հետ, որպեսզի ցանկության դեպքում ներառեն իրենց տուրփաթեթներում։ Կաշխատենք նաև և Ջերմուկի հյուրանոցների հետ, որպեսզի զբոսաշրջիկները մեր քաղաք գալիս հյուրանոցներից տեղեկանան այդ հետաքրքրության մասին։ Տեղափոխում իրականացնել դեռ չենք պատրաստվում։

-Որքա՞ն բարձր են ձեր ժայռերը և օրական քանի՞ հոգու կարող եք սպասարկել։

-Մեկ օրվա ընթացքում սառցապատին կարող ենք մոտենալ մեկ անգամ՝ առավելագույնը 3-4 հոգու համար։ Կան տարբեր բարձրության պատեր՝ սկսնակների համար թեքությունը ավելի քիչ է լինելու և մոտ 6-7 մետր բարձրությամբ, իսկ  ավելի արհեստավարժների համար 10 մետր բարձրություն։

-Ծառայությունը վճարովի՞ է լինելու։

-Ծառայությունը, այո, վճարովի է լինելու՝ 20.000 դրամ մեկ անձի սպասարկումը, որտեղ կներառվեն սառցակտրիչներ և «կատվիկներ», որոնք հագցնում են ոտքերին։ Հագուստ չենք տրամադրելու, քանի որ հիգիենայի հետ է կապված այդ ամենը, և մենք այս պահին չունենք հնարավորություն այդ պայմաններն ապահովելու համար։

-Եկամուտներն ինչպե՞ս եք տնօրինելու։

-Ստացված բոլոր եկամուտներն ուղղվելու են սառցամագլցման և ժայռամագլցման զարգացմանը։ Մենք օգնելու ենք ցանկացողներին, որպեսզի նրանք հագնվեն, պատրաստվեն, գործիքակազմն ունենան, գնան վերապատրաստումների և այլն։

-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]