Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մանկական բեսթսելեր 4/22. Բույսն ամեն օր ջրող արջուկի մասին գիրքը ամենապահանջվածների ցանկում է

Մանկական բեսթսելեր 4/22. Բույսն ամեն օր ջրող արջուկի մասին գիրքը 
ամենապահանջվածների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Առաջին հորիզոնականում «Հեքիաթներ բարու և չարի մասին» գիրքն է: Այն ներառում է փոքրիկներին հետաքրքրող ստեղծագործություններ:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը երկրորդն են: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այդ գրքում:

Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթը չորրորդն է: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Իր դիրքերը զիջել և հինգերորդ տեղում է հայտնվել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ տեղում կրկին Հովհաննես Թումանյանի գործերն են: «Հեքիաթներ, թարգմանություններ»:

«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ը այս անգամ յոթերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:

Ութերորդ տեղում Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը:  Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

Ուրլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» գիրքն իններորդն է: Աստված էլի դժգոհ է աշխարհից, մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: 

Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և լուսինը» գիրքը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը:  Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 31
2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Ջի Էս Էմ 31
3

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 30
4 «Պապն ու շաղգամը» Բուկինիստ 30
5

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 27
6

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ, թարգմանություններ»

ՄՀՄ գրատուն 22
7 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 21
8

Ուրլիխ Հուբ

«Տապանի մոտ ժամը ութին»

Զանգակ 10
9

Կատարինա Մացուրովա

«Ինչպես ծաղկեց գազարը»

Զանգակ 7
10

Ալիս Բրիեռ Հաքետ

«Պետրոսիկը և լուսինը»

Զանգակ 7

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]